Ստեղծվել է նոր քաղաքական ուժ. օգոստոսի 5-ին կայացել է «Երրորդ սերունդ» կուսակցության հիմնադիր համագումարի նիստը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Երրորդ սերունդ» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Պերճ Մեսրոպյանը, դա օրենքի պահանջով հրավիրված նիստ էր, արդեն դարձել են կուսակցություն, հաջորդ քայլը կլինի պետական գրանցում ստանալը:
«Մենք աջակողմյան պահպանողական ուժ ենք, պահպանողական հայացքներ ունենք, մեզ համար բարձրագույն արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, ժողովուրդն է՝ իր խնդիրներով ու պետական անվտանգությամբ հանդերձ:
Մենք ի սկզբանե մեր խմբով մասնակցել ենք հեղափոխության գործընթացին ու առանձին շարժում չենք ձեւավորել, բայց այս պահի դրությամբ մեր գործողությունները տեսնում ենք ոչ թե այդ համատեքստում, այդ տրամադրությունների տակ, այլ ի շահ ժողովրդի դատողության շրջանակների: Մենք չենք նայում, որ գնացել ենք այսինչ բանի հետեւից, ուրեմն պետք է շարունակենք այդինչ բանը»:
Նա հավաստիացնում է, որ որեւէ մեկի կցորդը չեն, որեւէ մեկը իրենց չի հովանավորել, որ հետո հաշվետու լինեն, բայց չի բացառում, որ քաղաքական կոնսենսուսի կգնան այն քաղաքական ուժի հետ, որի գաղափարախոսությունը մոտ կլինի իրենց գաղափարախոսությանը:
Պերճ Մեսրոպյանը չցանկացավ այս պահին անդրադառնալ երկրի առաջ ծառացած առաջնահերթություններին: Ինչպես ինքն է ասում՝ դեմ է շշուկների մակարդակով հայտարարություններին:
«Մենք նոր քաղաքական ուժ ենք, որ կարող է փորձի պակասի պատճառով կոսմետիկ սխալներ անել…Մենք չենք կարող որեւէ մեկին դավաճանել, ճանապարհի կեսից հետ կանգնել»,- հավելեց նա:
Ասաց նաեւ, որ իրենց թիմում կան բժիշկներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այլ ոլորտների մարդիկ, սակայն նրա բառերով, կուսակցության ներսում ամեն ինչ բաժանված է գույների, օրինակ, մշակույթի ներկայացուցիչը չի զբաղվելու այլ գործով, բացի մշակույթից:
Պերճ Մեսրոպյանի խոսքերով, իրենք հայամետ կուսակցություն են, կարեւորում են ազգային արժեքները: Նրա ձեւակերպմամբ, համատարած դեգրադացումը մարդկանց տարել է զոմբիացման: Նա պնդում է, որ իրենք երկարաժամկետ գործունեություն են ծավալելու եւ դրվագային ամեն ինչին դեմ են:
«Հանցագործին բռնելը լավ չէ, դա նորմալ է, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն…Պետք է ծրագիր ունենալ բարեփոխումների, ոչ թե հնդկական կինոյի ոճով շոուներ կազմակերպել, իհարկե դա լավ է, ժողովրդի տրամադրությունը բարձրացնում է, կյանքը լեցուն է դարձնում, լիքը բան մեր սրտով եւ ուզածով է, բայց բաներ կան, որ երկարաժամկետ հեռանկարի առումով զրո արդյունք ունեն: Այ դա մեր ճանապարհը չէ, մեր ճանապարհն այլ է լինելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Պերճ Մեսրոպյանի Ֆեյսբուքյան էջից
ՆեոՀՀԿի հոտ է գալիս։
Նրանցն ուրիշ է․․․ 🙂 Հիշեցի մի նախկին դպրոցի տնօրինի, որն ի դեպ՝ հետախուզման մեջ է ոստիկանության կողմից, հայտարարում էր, թե իրենց դպրոցն այլ դպրոցներից տարբերվում է ուրույն ձեռագրով։ Հուսով եմ՝ շատ չենք սպասի ծանոթանալու այդ ուրույն ձեռագրի զարդանախշերին․․․