Տեղեկացրել էինք, որ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը դիմել է Վճռաբեկ դատարան եւ վիճարկում է այն, որ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հանցագործության սուբյեկտ:
Պարոն Հարությունյանը չցանկացավ հեռախոսով պատասխանել Aravot.am-ի հարցերին: Ասաց, որ վճռաբեկ բողոքը հարմար չէ հեռախոսով ներկայացնել; «Ուղղակի կասեմ, որ ինքը չի հանդիսանում հանցագործության սուբյեկտ»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ապօրինի հարստացումը Հայաստանում քրեականացվել է 2017 թվականի հուլիսի 1-ից։ Եվ իրավաբանները պնդում են, որ այս հանցակազմը սահմանող հոդվածի թիրախում կարող են լինել այն անձինք, որոնք հարստացել են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ այսինքն՝ 2017-ի հուլիսի 1-ից հետո։
Ինչ վերաբերվում է հայտնի մարդկանց շահերը պաշտպանող փաստաբանների վրա հարձակումներին, այս մասին էլ Արմեն Հարությունյանը հավելեց. «Որ ասեմ դրական եմ վերաբերվում, չեք հավատա, իհարկե բացասական»: Նաեւ հավելեց, որ հեշտ չէ նման պայմաններում աշխատելը, սակայն իրենց պարագայում հուսահատվել ու հետ կանգնել չկա. «Մեր մասնագիտական գործն ենք անում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ