«…խոշտանգումները պետք է կանխարգելվեն, իսկ դրա բաղադրատարրերից մեկն այն է, որ խոշտանգող անձնավորությունը պետք է իր պատիժը կրի ամբողջությամբ։ Նրան չի կարելի ներում շնորհել, նրան չի կարելի ազատ արձակել համաներմամբ», – նախարար Արտակ Զեյնալյան։
Արդյո՞ք Հայաստանում գործում է պատժի կրման մեխանիզմը և միակ խնդրահարույցը համաներում կիրառելը կամ չկիրառելն է։
Հայաստանում խոշտանգման բացարձակ արգելքը սահմանված է ինչպես երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ, ըստ որի ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով՝ մասնավորապես ՄԱԿ-ի` Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայով, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, որի 3-րդ հոդվածը սահմանում է Խոշտանգումների արգելքը:
2013 թվական. 3 տարի ազատազրկման են դատապարտվում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներ Արտակ Բարսեղյանը և Խաչիկ Բախբուդարյանը՝ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Սակայն դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ է արձակում դատարանի նիստերի դահլիճից: Եվ դա այն դեպքում, երբ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ծակվել էր տուժողի ականջի թմբկաթաղանթը, երբ տուժողին ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկել, այլ նաև ստորացրել են՝ սպառնալով «փչացնել»։ Ի դեպ, տուժողը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու հաջորդ օրն ինքն իրեն վնասել է` հետագայում մեկնաբանելով, որ «․․․իրեն հոգեպես սպանել են և որ ինքը միայն ֆիզիկապես է ապրում»:
Նշենք, որ չնայած կրած տառապանքներին և այն փաստին, որ քաղաքացուն խոշտանգել են պետության ներկայացուցիչները ոստիկանության բաժանմունքում՝ նա մինչ օրս որևէ հատուցում չի ստացել պետության կողմից։
2018 թվական. ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ինմասով՝ «Խոշտանգում», որը պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում չհեռանալու մասին ստորագրությունը, այն դեպքում, երբ, օրինակ, ոստիկանության աշխատակցի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու համար խափանման միջոց է ընտրվում կալանավորումը։
Ողջունելի է, որ երկու դեպքերի միջև անցած հինգ տարիների ընթացքում ՀՀ օրենսդրությունը բարեփոխվել է, մասնավորապես 2015 թվականի հունիսից ՀՀ ՔՕ-ն այլևս լրացված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ 309.1. «Խոշտանգում» հոդվածով՝ պետական պաշտոնյային ներառելով հանցակազմի մեջ որպես սուբյեկտ: Սակայն, չնայած օրենսդրական բարեփոխումներին՝ միևնույն է մեծ դժվարությամբ են հարուցվում «Խոշտանգում» հոդվածով գործերը և էլ ավելի մեծ դժվարությամբ հասնում Դատարան:
ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ընդունած հաղորդագրությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառում խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, ՔԿՀ աշխատակիցները խոշտանգում են կալանավորին` պատժելու նպատակով, առանց պատճառի ծեծի են ենթարկում ու հայհոյում դատապարտյալին: Նմանաբովանդակ հաղորդագրությունների թիվը միայն 2018 թվականի սկզբից գերազանցում է 30-ը: Սակայն համաձայն ՀՔԾ տվյալների` «Խոշտանգում» հոդվածը ներառելուց հետո անցած 3 տարիների ընթացքում, խոշտանգման հատկանիշներով հարուցվել է 68 քրեական գործ, իսկ այդ գործերից էլ միայն մեկ քրեական գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, իսկ 50 քրեական գործերով վարույթները կարճվել են հանցադեպի (15 գործ) և հանցակազմի (35 գործ) բացակայության հիմքով:
Գծապատկեր. 2015թ. հունիս – 2018թ. ապրիլ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ՀՀ ՔՕ 309.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերը
Մեղադրական եզրակացությամբ միակ դատական գործը հարուցվել է հոդվածում հիշատակված Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Մարդանյանի նկատմամբ, որը ոստիկանության Իջևանի բաժնի շենքում խոշտանգել է 19 ամյա ՀՀ քաղաքացուն:
Եվս մեկ գործ ս.թ. հուլիսի 17-ին կալանավորին խոշտանգելու մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Տեսնենք` ինչպիսի ճակատագրի կարժանանա այս գործը: Ի դեպ, բողոքների պատշաճ քննության և դատական փուլ հասնելու երաշխիքի կարևոր գրավականներից է փաստաբանների հետևողականությունը և պահանջատիրությունը։
Համաձայնելով նախարարի հետ, որ պատիժը պետք է ամբողջովին կրվի և համաներումը բացառվի՝ այնուամենայնիվ փաստենք, որ կարևոր բաղադրատարրեր են ոչ միայն դա և օրենսդրության լրացումները, որոնք, ինչպես ցույց է տալիս, իրականությունը, ձևական բնույթ են կրում, այլ նաև այն, որ համակարգի բոլոր օղակները փաստացի աշխատեն, որ արձանագրվեն խոշտանգման փաստերը, մարմնական վնասվածքները, հոգեբանական ճնշումները, պատշաճ քննություն իրականացվի, գործերն անհիմն չկարճվեն, մեղավորները պատժվեն, մեղավորները պատասխանատվությունից խուսափելու նպատակով չազատվեն համակարգից, իսկ այնուհետև նորից վերականգնվեն։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։
Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ