Զրուցակիցս նկարչուհի, դիզայներ-մոդելավորող Սիրանուշ Նազանյանն է:
Սիրանուշի հետ հանդիպեցի իր արվեստանոցում, որն ինձ զինվորի համազգեստի գույների մեջ փոքրիկ տնակ էր թվում:
– Մենք սպասում էինք, բարով եք եկել:-Ինձ այսպես է դիմավորում նա:
– Դուք, ովքե՞ր,-նայում եմ շուրջս փոքր- ինչ շփոթված: Մեզանից բացի ոչ ոք չկա:
-Ես ու արվեստանոցս: Մենք երկու անբաժան ընկեր ենք,-կատակի է տալիս ժպտերես նկարչուհին:
Հայկական նախշերը, գույններն ու ազգային էլեմենտները հագուստների վրա նկարելով,հայի դիմագիծը արվեստի միջոցով աշխարհին ներկայացնելով` Սիրանուշը փորձում է փոքրիկ ներդրում ունենալ հայրենիքին: Մենք արդեն երեքով ենք:Մթնոլորտը շատ ջերմ ու վառ է: Իսկույն զրույցի ենք բռնվում:
– Գույների բազմաբղետության մեջ գլխապտույտ գեղեցկություն կա: Որտեղի՞ց է գալիս այս բնությունը Սիրանուշ,-հարցնում եմ հիացած:
-Իմ բնությունը,իմ ապրելու կամքը գալիս է Տավուշից: Կյանքիս լավագույն շրջանը՝ մանկությունս, անցել է Տավուշի գեղատեսիլ,բազմերանգ ու թթվածնով առատ կանաչներում, անտառներում,ծառ ու թփի մեջ: Ծնողներս պատմում են,որ երկու տարեկանից վրձինն առած նկարել եմ, գունավորել ինչ գորշ է թվացել ինձ: Միշտ էլ սիրել եմ կյանքը գունագեղ տեսնել: Թերևս դա է պատճառը,որ ընտրել եմ արվեստով կյանքիս բարդ,բայց բովանդակալից ճանապարհն անցնելու դժվարին որոշումը:
Մի պահ լռում ենք՝ լռում բոլորս, նույնիսկ արվեստանոցն է լռում: Սիրանուշի փոքրամարմին, գեղեցիկ,կանացի,համեստ ու նուրբ խառնվածքում պայքարի թաքնված ջիղ կա: Դրական էներգետիկա,որ կլանում է ինձ:Խախտում եմ լռությունը:
-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:
– Անկեղծ ասած հայրենիքը ընտանիքս է՝որդիս,դուստրս,ծնողներս: Նրանք հայրենիքն ամբողջացնող խթան են ինձ համար: Հայրենիքն իմ արվեստն է՝նկարչությունը: Երբ հանգիստ է խիղճդ,երբ տեսնում ես երեխաներիդ անկեղծ երջանկությունը, խաղաղությունը,երբ քայլում ես փողոցով ու հայերեն ես լսում,երբ կարողանում ես ապրել և ապրեցնել քո մայր հողում: Սա է հայրենիքը:
-Իս՞կ հայ զինվորը,-ընդհատում եմ նրան:
Լռում է կրկին:Սիրանուշի նրբագեղ աչքերում հուզմունք եմ նկատում:Մի քանի վայրկյան լռում ենք բոլորս՝ես,նկարչուհին,նույնիսկ գույների մեջ ծաղկող արվեստանոցը:
-Կարծում եմ, որ ոչ բոլորն իրավունք ունեն խոսել բանակից,զինվորից,պաշտպանությունից: Մենք յուրաքանչյուրս մեր գործն ենք անում,իսկ հայ զինվորինը գործ չէ:Անասելի,խոսքերով չասվող հպարտություն և հարգանք կա նրա ծառայության մեջ: Միայն թշնամուն խոցած զինվորը չէ,որ հերոս է: Սահմանին կանգնած ցանկացած զինվոր ինձ համար արդեն իսկ հերոս է:
– Տավուշից Երևան գալու որոշումն ինչպե՞ս կատարվեց:
-Հայրս աշխատանքի բնույթից կապված շատ էր գործուղվում Երևան:Երբ արդեն մասնագիտությանս ընտրության հարցն առաջ եկավ տեղափոխվեցինք: Կյանքս երեք գեղեցիկ կապերով շաղկապված է՝ Տավուշ,Երևան Էջմիածին: Արմատներս իրենց գործն արեցին նաև ուսմանս հարցում: Պատմաբանի մասնագիտությունը իզուր չէ որ ընտրել եմ: Գեղարվեստի քոլեջից հետո պատմություն ուսումնասիրելը ճակատագրական եղավ: Սիրելով հատկապես հայոց պատմությունը սկսցեցի էսքիզներս՝ ժամանակակից հագուստներին տալով ազգային առանձնահատուկ նախշեր,գծեր,պատկերներ:
Շուրջս գույներ են,հագուստներ բազմապիսի և յուրահատուկ, կտավներ` համատեքստում հայոց պատմությունը: Նկարչուհին մեծագույն նվիրումով,ակնածանքով ու հիացմունքով է խոսում արվեստի,մշակույթի,հայրենիքի մասին: Դա երևում է նրա բոցավառվող աչքերի անհատակ թվացող խորության մեջ: Արվեստանոցի խոսքն էլ հասնում է հասցեատիրոջը: Այսպես է կարծում Սիրանուշը: Տեսնելով հագուստներից մեկի վրա նկարված Տիգրան Մեծի գլխապատկերը` հարցնում եմ.
-Ի՞նչ եք ավելի շատ սիրում նկարել,և ե՞րբ եք ավելի հաճախ նկարում:
-Նկարում եմ ամեն ինչ: Ինչի մեջ գեղեցիկ կա,սեր ու կյանք կա,հայրենիք կա: Հայրենիք եմ նկարում: Լեռ ու սար նկարելով չէ հայրենիքը: Ես փորձում եմ նկարներիս,հագուստներիս միջոցով պահել հայկական մշակույթը: Ներկա և գալիք սերունդներին փոխանցել հայոց պատմության և արվեստի կարևորության գիտակցումը: Ժամանակակից հագուստին տալով ազգային անգամ մի փոքր նախշ՝ ինձ լավ եմ զգում: Ավելի հաճախ նկարում եմ ,երբ հոգիս ըմբոստ է, նեղսրտած,անհանգիստ: Երբ այստեղ,-ձեռքը սրտին է դնում,-կծկումներ կան: Ինքն է ինձ ասում՝ նկարիր:Իմ լավագույն գործերը տխուր,միայնակ պահերին են ստեղծվել: Արվեստագետի ցավն ուրիշ ցավ է ,-աչքերը ներքև հառելով քմծիծաղ է տալիս:
Սիրանուշ Նազանյանը բազմիցս իր աշխատանքները ներկայացրել է միջազգային սիմպոզիումներում՝ արժանանալով պատվոգրերի,հավաստագրերի,պարգևների:
– Վերջերս հոգևոր մայրաքաղաքում տեղի ունեցած Մաչանենց մշակութային սիմպոզիումին մասնակցում էիք նաև Դուք:Ի՞նչ տվեց այն Ձեզ:
– Մաչանենց ամենամյա սիմպոզիումը Հայաստանում անցկացվող մշակութային միջազգային փառատոն է, որին մասնակցում եմ արդեն երրորդ տարին: Աշխարհի տարբեր վայրերից Էջմիածնի Մաչանենց տանը հավաքվում են արվեստագետներ և ներկայացնում են իրենց աշխատանքները: Մասնակցում էի նկարներով: Արժանացա հավաստագրի,որը միջազգային նշանակություն ունի: Տալիս է կայացմանդ ճանապարհին ավելին անելու,ձգտելու,ստեղծելու շարժառիթ: Կարծում եմ փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է:
Սիրանուշ Նազանյանը տաղանդավոր նկարիչ լինելուց զատ՝ նաև վաստակաշատ մայրիկ է: Դաստիարակում է իր երկու հրաշքներին: Սրտում պահած հուզմունքն ու անհանգստությունը,ցույց տալով միայն դրական էներգետիկան` նկարչուհին փորձում է լինել լավ մայր,միևնույն ժամանակ՝ նաև հայր:
-Ինչպե՞ս եք հասցնում համատեղել ընտանիքն ու աշխատանքը:
-Անկեղծ ասած ինձ չխանգարող երկու արժեքներ են: Ընդհակառակը օգնում են իրար: Երեխաներս՝Էդուարդս և Միլենաս, կյանքս ավելի արժեքավոր ու նպատակային են դարձնում: Մի առիթով ասել եմ և նորից կկրկնեմ՝ես դաստիարակում եմ կյանքիս երկու լավագույն ստեղծագործություններին: Աշխատանքը գալիս է իմ ընտանիք և ամբողջական է դարձնում Սիրանուշ Նազանյան մարդուն:
-Էդուարդը տան փոքրն է,բայց առաջինը նրա անունը տվեցիք: Ինչ՞ու, և ինչպե՞ս եք կարողանում լրացնել հոր բացը:
-Էդուարդը մեր տան միակ տղամարդն է,-աչքերում հուզմունքի և երջանկության կրակ է երևում,-ապագա հայ զինվոր: Նրան առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում: Ես երջանիկ եմ,որ ծնողներս կողքիս են: Հայրս,որը երկար տարիներ պետական համակարգի ներկայացուցիչ է եղել, որդուս դաստիարակության մի մասը իր վրա է վերցրել: Նա տալիս է մի բան,որ ես երբեք չէի կարողանա փոխանցել որդուս: Ի վերջո նա ապագա զինվոր պիտի դառնա: Իսկ հորս խոսքը արժեք է: Ամեն առավոտ թոռան ձեռքը բռնած դպրոց է ուղեկցում,խրատում,կյանքի դասեր տալիս: -կրկին հուզվում է Սիրանուշը:
Նորից լռություն: Շուրջս պատկերներ: Ներկապնակ,տարբեր չափերի վրձիններ,արվեստանոցին բնորոշ խառնաշփոթ,իրարանցում:Երբ լռում է Սիրանուշը, արվեստանոցն է սկսում խոսել: Ինքն էլ իր պատմությունն ու ապագան ունի: Ապագա,որը կապված է հայի ու Հայաստանի հետ:
Եզրափակիչ հարցն եմ տալիս հմայիչ նկարչուհուն,որը նույնքան գեղեցիկ է, որքան իր նկարները՝նուրբ ու կանացի ,ինչպես ցանկացած հայ մայր:
-Ի՞նչ է պակասում Սիրանուշ Նազանյանին կատարյալ երջանիկ լինելու համար:
-Ես երջանիկ եմ: Կատարյալ երջանկությունը անհետաքրքիր կդարձներ իմ կյանքը: Ես պայքարի մարտիկ եմ,արվեստում թափառող զինվոր: Իմ երջանկությունը կողքիններիս երջանիկ տեսնելու մեջ է: Ու՞մ է պետք իմ երջանկությունը, երբ կողքս դժբախտներն ավելի շատ են: Երջանիկ լինելու համար խաղաղությունն է պակասում մեզ՝հայերիս: Եթե խաղաղ է հայրենիքս,ուրեմն ես կատարյալ երջանիկ եմ…
Հայկ Մագոյան