Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերգեյ Համբարձումյանը մշտապես հայ մտավորականին վայել արժանապատվությամբ ու նվիրումով անզիջում պաշտպանել է Հայաստանի ազգային շահերը»

Օգոստոս 05,2018 13:00

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Համբարձումյանների ընտանիքին՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին:

Ակադեմիկոս Համբարձումյանի՝ հրաշալի մարդու ու քաղաքացու, մեծ գիտնականի ու մանկավարժի կերպարը թանկ ու օրինակելի է մեզ համար։ Նրա գիտական վաստակն արժանի է խոնարհման եւ հպարտությամբ է լցնում մեր սրտերը:

Անուրանալի է Սերգեյ Համբարձումյանի ավանդը հատկապես մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի, ինչպես նաեւ մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում։

Մեծ հարգանքի ու գնահատանքի է արժանի նրա երկարամյա մանկավարժական գործունեությունը, որը անվանի գիտնականը կատարել է պատվով ու պատասխանատվությամբ՝ տասնամյակներ շարունակ երիտասարդ սերնդին փոխանցելով հիմնարար գիտության լավագույն ավանդույթները։ Նշանակալի է նաեւ գիտության եւ գիտական հետազոտությունների կազմակերպչի նրա ավանդը, որը լավագույնս ներդրել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում եւ Երեւանի պետական համալսարանում աշխատելու տարիներին:

Սերգեյ Համբարձումյանը նաեւ պետական ու հասարակական ակնառու գործիչ է: Հանդիսանալով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ նախագահության անդամ, նա մշտապես հայ մտավորականին վայել արժանապատվությամբ ու նվիրումով անզիջում պաշտպանել է Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։

Ճանաչված պետական գործչի, գիտնականի ու քաղաքացու ազնիվ եւ պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031