Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. Փինք Արմենիա

Օգոստոս 04,2018 20:22

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին, 20:00-ի սահմաններում կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդներ՝ այդ թվում մի քանի ԼԳԲՏ ակտիվիստներ, ենթարկվել են հարձակման:

Տուժողները պատմել են, որ դեռևս ապրիլի 21-ին Գորիսում երկու տղամարդ կանգնեցրել են ԼԳԲՏՔ երկու ակտիվիստի՝ Է.-ին և Հ.-ին, ճանաչելով նրանցից մեկին, հարվածել են, ինչի արդյունքում Հ.-ի քթից արյուն է եկել: Այնուհետև մյուս ակտիվիստին ասել են, որ չշփվի «նման կողմնորոշում» ունեցող մարդու հետ: Այս դեպքի առիթով տուժողները հաղորդում էին ներկայացրել Գորիսի ոստիկանություն, սակայն մինչ օրս գործով որևէ զարգացում հայտնի չէ:

Օգոստոսի 2-ին Հ.-ն Է.-ին և ևս յոթ ընկերների հյուրընկալել էր Գորիսի մոտակայքում գտնվող Շուռնուխ գյուղի իրենց տանը: Նույն օրը տեղի բնակիչները տան ուղղությամբ նետել են քարեր, ճայթուցիկներ, անվադողեր:

Օգոստոսի 3-ին ժամը 20:00-ի սահմաններում Գորիսում հարձակված երկու երիտասարդները եկել են Հ.-ի տան մերձակայք ու նրան ագրեսիվ տոնով դուրս հրավիրել` «խոսելու»: Հ-ն և նրա հյուրերը նկատել են, որ շրջակայքում պատսպարված են եղել նաև տասնյակ մարդիկ: Հ.-ն տանից դուրս չի եկել. միջամտել են նրա եղբայրն ու հայրը: Ինչ-որ պահի բոլորը դուրս են եկել տնից ու սկսվել է լեզվակռիվ: Երկու տղամարդկանց են միացել  պատսպարվածները և այլ գյուղացիներ՝ ավելի քան 30 հոգի, ու բռնության ենթարկել Հ.-ին և նրա հյուրերին՝ հարվածել են  ոտքերով, ձեռքերով, հրել են զառիվայրից, քարեր են նետել նրանց ուղղությամբ՝ բղավելով «գոմիկներ հեռացե՛ք», «դուք թուրք եք» և հայհոյախառն արտահայտություններ՝ կապված Հ.-ի և նրա հյուրերի իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ: Տուժողները 20:25-ի սահմաններում ահազանգել են ոստիկանություն:

Տուժողները ստիպված փախել են դեպի մայրուղի, սակայն նրանց հետապնդել են՝ ընթացքում շարունակելով ծեծի ենթարկել: Տուժողները փորձել են մեքենա կանգնեցնել օգնություն խնդրելու համար: Հարձակվողները կանգնող մեքենաներին թույլ չեն տվել օգնել տուժողներին, ասելով.  «սրանց մի՛ տարեք, սրանք գոմիկներ են»: Ինչ-որ պահից, գյուղի վերջնամասում նրանք դադարել են հետապնդել տուժողներին:

21:30-ի սահմաններում տուժողները, որոնք դեռ փորձում էին օգնություն գտնել անցնող մեքենաներից, հանդիպել են դեպի իրենց շարժվող ոստիկանական մեքենային: Ոստիկանները առաջարկել են հետ վերադառնալ գյուղ՝ պարզաբանումներ անելու: Սակայն տուժողները հրաժարվել են՝ խնդրելով իրենց տանել Գորիս: Ի վերջո ոստիկանը կանգնեցրել է պատահական ավտոբուս, որով նրանք տեղափոխվել են քաղաք:

Տուժածներից 6-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ միջին և թեթև մարմնական վնասվածքներով: Նրանցից 2-ին առաջին բուժօգնություն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ բաց վերքեր չունեն:  Իսկ տուժածներից  երկուսին, որոնք ունեցել են առավել ծանր վնասվածքներ, առաջին  բուժօգնություն տրամադրվել է վճարովի հիմունքներով:

Տուժածները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ոստիկանության Գորիսի բաժնում, տվել են համապատասխան բացատրություն դեպքի առնչությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք նաև, որ ՄԻՊ-ը տեղեկացվել է դեպքի մանրամասներին, սակայն տուժողներից որևէ մեկի հետ կապի չի հաստատել: Երեկ երեկոյան, համաձայն ՄԻՊ-ի ֆեյսբուքյան գրառման, նրանք կապ են հաստատել ոստիկանության հետ:

Բոլոր տուժածներն այժմ գտնվում են ապահով վայրում:

Գործի ընթացքի մասին կտեղեկացնենք մեր հետագա հրապարակումներում:

Նշենք նաև, որ տուժողներից են Փինք Արմենիայի երկու աշխատակից և կազմակերպության խորհրդի մեկ անդամ:

                                                                                                                                                                                                                                                      Փինք Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    սրանց նմաններին պաշտպանողները ավելի մեծ անեծքներ կստանան քան Քոչարյանի փաստաբանները:

  2. Մարինա says:

    Գոմիկներին ով՞ է իրավունք տվել մի ամբողջ երկրի անունը կապել իրենց հետ։ Քանի՞ տոկոս եք կազմում այս երկրում, որ այդքան վստահ Հայաստան անունը դրել եք ձեր անվան հետ միասին։ Ներկայացրեք թվեր, փաստեր և տվյալներ՝ սիրով կկարդանք։ Նաև՝ հարցում կազմակերպեք փողոցում, հետաքրքիր է իմանալ, ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է համաձայնելու, որ իրենց երկրի անունը նամ կերպ օգտագործվի։ Խոսեք փաստերով, ոչ թե բողոքեք թվացյալ և չապացուցված ճնշումներից, պրովոկացիաներով մի զբաղվեք։
    Մեր քաղաքում, օրինակ, ապրում է 50 անց մի տրանսվեստիտ, ով փողոցում կրում է կանացի հագուստ,,պայուսակ, նույնիսկ կոսմետիկա է օգտագործում։ Բայց այդ մարդուն երբեք, որևէ կերպ չի վիրավորել և չի վիրավորում, որովհետև այդ մարդը նման նպատակ չի դրել։ Հանգիստ, առանց էպատաժի, քայլում է փողոցում, գնում աշխատանքի, շփվում հարևանների հետ։ Նպատակ չի դրել ծեծվել և նվաստություններ կրել – սա կարևոր է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031