Շուրջ տասը տարի՝ 2008 թվականից այս կողմ, գարնան առաջին օրը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար ձեռք բերեց այլ խորհուրդ, այլ իմաստ, այլ կարգավիճակ: Նախագահական կեղծված ընտրություններին հաջորդած խաղաղ հանրահավաքներն ու բողոքի գործողությունները բռնի դադարեցվեցին. տասը մարդկային կյանք խլվեց: Հայտարարվեց արտակարգ դրություն, չտեսնված ճնշումներ ու սահմանափակումներ լրատվամիջոցների գործունեության վրա, հիասթափված ու ահաբեկված հասարակություն, քաղաքական առուծախ, բացասական անդրադարձ պետության հեղինակության վրա…
2008 թվականի մարտի 1-ի կորուստների ցանկը երկար կարելի է շարունակել: Այս ամենի մասին գիտեն բոլորը՝ քաղաքական վերնախավից, մինչև շարքային ՀՀ քաղաքացի, արտերկրում քաղհալածյալի կարգավիճակում գտնվողից, մինչև երկիր ու սահման պահող հայ զինվոր ու սպա: Ու հիմա, երբ տասը տարի անց, վերջապես, սկիզբ դրվեց Մարտի 1-ի բացահայտման իրական գործընթացին, երբ մեղադրանքներ են առաջադրվում և կալանավորվում իրական պատասխանատուներ, այլ ոչ թե նախորդ տարիների իմիտացիոն գործընթացների նման, պարզվում է՝ մեր երկրում դեռ կան մարդիկ, անկախ քաղաքական ու սոցիալական դիրքից, որ հանդգնում են քննադատորեն մոտենալ Քոչարյանի ձերբակալությանը, ՀՔԾ գործողություններին ու բացահայտումներին, Նիկոլ Փաշինյանի՝ այս ուղղությամբ տարվող հստակ քաղաքականությանն ու քաղաքական կամքին:
Որպես լրագրող և ՀՀ քաղաքացի մասնակցել եմ 2008 թվականի ողջ քաղաքական գործընթացներին՝ նախընտրական շրջանից, մինչև Մարտի 1, ձերբակալվել եմ, սպառնալիքներ ստացել, այնպես, ինչպես այդ օրերին վարվում էին տասնյակների ու հարյուրավորների հետ:
Սուրեն Սարգսյան