ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Շարժում 88» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցն անդրադարձել է վերջին շրջանում տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին արված հայտարարություններին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նախ ուզում եմ հիշեցնել քառորդ դարի վաղեմության իրավիճակը, երբ մեզ ստիպում էին նահանջել՝ փիլիսոփայելով «Эмоции и разум» թեմայով կամ ճակատագրական ու ողբերգական հետևանքների սպառնալիքով այն ամենի համար, ինչ մենք մտածել էինք: Այն ժամանակ մենք դիմակայեցինք՝ անկախ ամեն ինչից:
Այսօր մենք հնարավորություն ունենք նման ճնշումներին դիմակայել շատ ավելի ամուր դիրքերից: Ինձ թույլ տամ մեջբերել Ճապոնիայի Վարչապետ Նաոտո Կանային, որը 2011թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո իր ազգին ուղղված դիմումով է հանդես եկել և ասել. «Մենք կդիմակայենք: Ճակատագիրը մեզ տվել է նոր և ավելի կատարյալ հայրենիք կառուցելու հնարավորություն»:
Հանուն մեր զոհվածների հիշատակի, հանուն մեր զավակների ապագայի՝ մենք նույնպես պարտավոր ենք դիմագրավել: Քանզի Երևանում մենք ի՞նչ կպահպանենք, եթե Արցախում հանձնենք դիրքերը: Եվ հարցն այն չէ՝ 40, թե 30 հազար քառակուսի կմ կմնա հայությանը, այլ այն, թե ինչպիսի ազգային գաղափարի վրա մենք կշարունակենք կերտել մեր հայկական պետականությունը կամ էլ դաստիրակել մեր ապագա սերնդին, երբ անկախ, իրեն պաշտպանելու ունակ երկիր կառուցելու կարևորագույն գաղափարը մենք ինքներս խեղդեցինք՝ փոխարինելով այն, մեծ հաշվով, մի խումբ օլիգարխների նյութական բարիքներով:
Եվ կրկին՝ տարածքների մասին: Չգիտեմ, թե ում թեթև ձեռքով ապրիլյան պատերազմում կորցրած ԼՂՀ տարածքի 8 քառ.կմ-ը գնահատվեց որպես ռազմավարական նշանակություն չունեցող 800 հեկտար: Նախ 800 հեկտարի մասով: Ստիպված եմ ճշտել, որ հեկտարը, ըստ սահմանման, արտահամակարգային չափման միավոր է, որն օգտագործվում է միայն գյուղատնտեսության կամ անտառատնտեսության ոլորտներում: Ըստ երևույթին, այդ ոլորտում մասնագիտացված որոշ անձերի գիտակցության մեջ մեր հայրենիքի տարածքն ընկալվում է միայն այդ ենթատեքստում: Չեմ բացառում, որ այդ մարդիկ, որոնցից մի մասը անցած պատերազմում հերոսաբար ազատագրել և պաշտպանել է մեր եղբայրերի արյամբ սրբացած այս հողերը, գերազանց հասկանում է նրա իսկական գինը: Եվ այդ պատճառով անթույլատրելի եմ համարում բազմազան դատողությունները ռազմավարական նշանակություն չունեցող հողերի մասին: Ու չպետք է փորձել խաղողը խակ ներկայացնել: Պարզապես պետք է ազնվություն և համարձակություն ունենալ խոստովանելու մեր բոլորի ընդհանուր բացթողումը և անել ամեն ինչ՝ այն շտկելու համար: Նման դատողությունները թուլացնում են ոչ միայն մեր զինվորների ոգին, պատրաստ, ինչպես ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները, կյանքի գնով պաշտպանել իրենց վստահված պետական սահմանի տվյալ հատվածը, այլ նաև ազգի մոտ վերջապես ի հայտ եկած՝ բնակության տարածքի զգացումը և ընկալումը՝ որպես պատմական հայրենիք:
Քաղաքակրթության պատմությունը համոզում է, որ կենսունակ են և զարգանում են այն ազգերը, որոնց համար առանձին անձանց կյանքից առավել բարձրագույն գերակայություն է համարվում Հայրենիքը:
Այսօր որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ իրավիճակը գնահատում են այսպես. Արցախը կանգնած է ընտրության առջև՝ Մադրիդյան (կամ նմանատիպ) սկզբունքներով զիջումներ, որոնք շղթայական ռեակցիայով կպայթեցնեն մեր պաշտպանական համակարգն ու պետականությունը, կամ՝ պատերազմ: Բարձր եմ գնահատում մեր երկու պետությունների ղեկավարների 24 տարվա խաղաղության պահպանման ջանքերն արտաքին մշտական ճնշման և չընդհատվող սադրանքների ու դիվերսիաների պայմաններում: Բայց չի կարելի խաղաղության հասնել ամեն գնով: Դրանք, արտահայտվելով բժշկական լեզվով, կյանքի հետ անհամատեղելի հաշմություններ են:
Հայտնի արտահայտությունը «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» ակնհայտ ճշմարտություն է: Հատկապես նման պատրաստակամությունն է Իսրայելի վարչապետին թույլ տվել վերջերս հայտարարել, որ Իսրայելը երբեք չի զիջի Գոլանի բարձունքները:
Մեր կազմակերպվածության աստիճանից և հոգևոր, մտավոր, նյութական և ֆինանսական միջոցների ծայրահեղ մոբիլիզացումից է կախված, թե ինչ կորուստներով կամ ձերքբերումներով մենք դուրս կգանք ստեղծված դրությունից: 2016-ի ապրիլին մենք չպարտվեցինք 80-ականների զենքով, բայց սպառազինությունների մրցավազքում մեր թերացման համար ստիպված էինք վճարել մեր փառապանծ որդիների տասնյակ կյանքերով: Ավելին՝ պատերազմն արագորեն ոգու հարթությունից տեղափոխվում է բարձր տեխնոլոգիաների, ուրեմն և ֆինանսական հարթություն: Այդ իսկ պատճառով պետք է խորքային վերափոխումներ չենթադրող կեղծ դեկլարացիաներից անհապաղ անցնել պետական շինարարության մոտեցումների արմատական վերաձևափոխման: Իսկ դա ենթադրում է արդյունավետ պայքար կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ հանգամանորեն մշակված հակամենաշնորհային քաղաքականություն, բանակի վերազինման բոլոր հնարավորությունների լիարժեք օգտագործում, պահեստազորի ամենաօպտիմալ կազմակերպման մշակում և այլն:
Եվ դա պետք է դառնա բոլորի և յուրաքանչյուրի գործը՝ սկսած դիրքում կանգնած 18 տարեկան նորակոչիկից մինչև երկրի բարձրագույն ղեկավարությունը»,- ասված է Գ. Բաղունցի խոսքում:
Իսրայելի օրինակը բերելուց առաջ հիշեք, որ այն Ադրբեջանի դաշնակիցն է: Այսպիսի թվացյալ մանր բաներից են սկսվում մեծ սխալները: