ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքի 97-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, համաշխահային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ Սերգեյ Համբարձումյանը:
Ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորման արարողության կազմակերպման համար: Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:
Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոս Համբարձումյանի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիրներից մեկն է: Նրա կողմից ստեղծվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ:
Ակադեմիկոս Համբարձումյանի և նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:
Հիմնարար մեծ նշանակություն ունեն Սերգեյ Համբարձումյանի կողմից ստացված արդյունքները դեֆորմացվող մարմնի ոչ գծային, ջերմային և այլ հույժ կարևոր պրոբլեմների լուծման բնագավառներում:
Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1977-1991 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։
Սերգեյ Համբարձումյանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթ. հանդիսանալով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա միշտ անզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը:
Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվել: ԽՍՀՄ կառավարության կողմից նա արժանացել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Սերգեյ Վավիլովի անվան, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշան շքանշանների: Պարգևատրվել է Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի, Յան Կամենսկու շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանի, Մոնպելեի համալսարանի, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, ՀՀ նախագահի հրամանագրով` «Տիգրան Մեծ» շքանշանով:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն