Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Մենք չպետք է շփոթենք ճոխությունն ու անվտանգությունը»

Օգոստոս 04,2018 16:40

Օգոստոսի 4-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրները» թեմայով երկօրյա սեմինարը:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով, ոլորտի ծավալներից ելնելով` որոշել են նախ առաջնահերթություններից սկսել: Նա ասաց,  որ կարեւորում է հասարակական հատվածի քննադատությունը, սակայն մյուս կողմից էլ` այդ քննադատությունը չպետք է բացասաբար անդրադառնա ոլորտի վրա: Նշեց, որ կարեւոր է նաեւ 010206040 թեժ գծի առկայությունը, որը նրա ձեւակերպմամբ, ապահովում է մարդկանց հետ շփումը:

Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն անդրադարձավ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին: Անդրադառնալով, մասնավորապես մեղրին ու ձկանը, ասաց, որ շուրջ հարյուր հիսուն նմուշ միայն մեղրի փորձաքննություն է իրականացվել ՀՀ ողջ տարածքում:

Տվյալների վերլուծության եւ խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանն ասաց, որ պահանջը ԵՄ-ում գործում է կենդանական սննդի արտահանման մասով, ինչ վերաբերվում է մեղրին, դա իրականացրել են 2013-ին եւ շարունակվել հետագայում:

Նրա խոսքերով, լաբորատոր փորձաքննությունների բոլոր շեղումները եւ դրանց կանխարգելմանը հետագայում ուղղված ուղղիչ գործողությունները զուգահեռաբար ուղարկվում են համապատասխան հանձնաժողովին, չի ակնկալվում, որ բացառապես մաքուր եւ ոչ  մի շեղում չունեցող մեղր կլինի մեր երկրում:

«Մեղրները նորմալ են, պարզապես խնդիրն այն է, թե ինչպես ենք հաջորդ տարի կանխում նախորդ տարվա անհամապատասխանությունները»,- նշեց տիկին Միրզոյանը;

Ինչ վերաբերվում է տեղական արտադրողներին ընդհանրապես, Վահե Դանիելյանի խոսքերով, բոլորն ուզում են չանել ոչ մի բան, բայց ունենալ իրենց պատկերացրած երկիրը, նույնն էլ կարող ենք տեղայնացնել սննդամթերքի անվտանգության մեջ. «Արտադրողներն ուզում են իրենց հին պիտակներն օգտագործել, հին սարքավորումները, ուզում են հին արտադրամասում, որտեղ վերջին անգամ երեսուն տարի առաջ է վերանորոգում եղել, արտադրանք տան, նաեւ ուզում են չստուգվել, չտուգանվել, իրենց արտադրանքի նկատմամբ ոչ մի սահմանափակում չլինի»:

Ըստ Դանիելյանի, մարդիկ պետք է փորձեն ԵԱՏՄ կանոնակարգի պահանջներն ապահովել, հաց արտադրողը պետք է հասկանա, որ գոնե մի անգամ այդ կանոնակարգը պետք է կարդա, նոր հաց արտադրի, մինչդեռ մեզ մոտ ինքը սկսում է հաց  արտադրել, հետո նոր որոշում է կարդալ, թե՞ չկարդալ:

Իրազեկ եւ պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը որակի, մասնավորապես HACCP համակարգերի մասին խոսելիս զուգահեռ անցկացրեց իտալական պիցայանոցի հետ, որը նրա ծիծաղն է հարուցել. «Երեւանում այդ որակի սեղան-աթոռ չէի հիշում, էդ որակի վերանորոգում` նույնպես: Սովետի թվի սեղաններ էին, ասացի` սա է՞ ձեր եվրոպական HACCP-ը»:

Նա շարունակելով խոսքը` պատմեց, որ կեղտոտ սեղանների վրա փռված էին ցելոֆաններ եւ ամրակներով տակից ամրացված էին, ու այդպիսով` արտաքին մակերեւույթի համար հիգիենան ապահոված էր: «Մենք չպետք է շփոթենք ճոխությունն ու անվտանգությունը…Եթե ես իմ տան մեջ կարողանում եմ հաց արտադրել, որ երբ մտնեք նայեք արտադրությանս ներկայացվող պահանջները, հանգիստ կփակեք, բայց եթե տանս մեջ կարողանում եմ տալ արտադրանք, որ երբ ստուգեք, անվտանգության խնդիր չեք գտնելու, ուրեմն ձեր գործը չ՝է՝, թե դա ես ոնց եմ անում, հատկապես այս փուլում, քանի երկիրը զարգանում է»,-նշեց Բաբկեն Պիպոյանը:

Սննդագետ Դավիթ Պիպոյանի խոսքերով, եթե խոսում ենք միջազգային չափորոշիչներից, հացի արտադրությունից, ապա բնականաբար հացի արտադրությունն այդքան կարեւոր չէ, ինչքան օրինակ այն, եթե հացը դրվում է ոչ սննդի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ. «Եթե երկու հարյուր աստիճանում արտադրվում է կամայական հաց, մանրէաբանական որեւէ ռիսկ չի կարող լինել այդ ջերմաստիճանի ժամանակ թխվելիս»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031