«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մայրաքաղաքում իրավիճակն անվերահսկելի է դարձել: Մի կողմից աղբի սարեր են գոյացել, մյուս կողմից՝ ծաղկել է փողոցային առևտուրը:
Սա ինչ–խոսք անցանկալի երևույթ է, հատկապես ամառվա այս տապին, երբ դրսում օդի ջերմաստիճանն արդեն երկար ժամանակ է 40 և ավելի է, և այդ պայմաններում վաճառվող անգամ արևածաղիկը կարող է վտանգավոր դառնալ: Եվ այս պայմաններում ոչ միայն մայրաքաղաքի բնակիչները, այլև զբոսաշրջիկները քայլում ու վայելում են երևանյան փողոցային ամառը՝ անգամ չպատկերացնելով, որ ամեն վայրկյան կարող են ինչ–որ «անհասկանալի» հիվանդություն ձեռք բերել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի առումով և նշեց, որ շատացել է նաև փողոցային առևտուրը մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչը բացահայտ խոսում է տեղական ինքնակառավարման մարմինների անգործության մասին:
«Այս առումով ներկայում բավական գործ կա անելու: Պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն մեր կյանքի, այլև անվտանգության խնդիր է, ինչպես նաև մայրաքաղաքի հետագա զարգացման տեսանկյունից բավականին վտանգավոր նախադեպ կարելի է համարել»,– ասաց Բ. Պիպոյանը:
Նրա դիտարկմամբ, եթե սանիտարահիգիենիկ ներկա վիճակին գումարվում է նաև փողոցային առևտրի սպառնալիքը, ապա զուտ անվտանգության տեսանկյունից իրավիճակից բխող վտանգը մի քանի անգամ բազմապատկվում է: Առևտրի այդ տեսակը համարվում է չգրանցված և, Աստված մի արասցե, եթե որևէ դեպք արձանագրվի, ապա հնարավոր չի լինի պարզել, թե որտեղից է այն սկիզբ առել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթ այսօրվա համարում: