2008 թվականին պաշտպանության, այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած 0038 կոդը կրող գաղտնի հրամանով ուղիղ փաստվում էր «մարտի 1»-ի գործողություններին զինված ուժերի մասնակցությունը: Այդ մասին, հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ուշագրավ է, որ թեեւ այս հրամանի մասին այն ժամանակ արտահոսք եղավ մամուլում, այն քննարկվեց բավական շատ, արտահոսքի համար երկու բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտվեցին, բայց այն չի եղել քրեական գործում: Սասուն Խաչատրյանը սա պատահական չի համարում, քանի որ, ըստ նրա, այն ինքնին մեղադրանքի կուռ, ամուր հիմք է.
«Այս հրամանը խոսում է այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ը ներգրավված են եղել մարտի մեկի գործողություններում, ընդ որում, ոչ թե մարտի 1-ին, ինչպես իշխանություններն էին պնդում, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել, այլ հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին»: Այդ հույժ կարեւոր փաստաթուղթը գործի հիմքում դրվել է միայն այս տարվա հուլիս ամսին: ՀՔԾ պետը բավական ուշագրավ մանրամասներ հրապարակեց այդ փաստաթղթից: Ըստ այդմ, փետրվարի 23-ից, զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը, իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինվել են տաբելային զենքով: Պարտականությունները սույն հրամանով, դրվել են գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի վրա:
Պաշտպանական կողմը հայտարարել էր, որ այս հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որպեսզի չմասնակցեն քաղաքական գործընթացներին: Սասուն Խաչատրյանի համար դա առնվազն անհասկանալի էր. «Պաշտպանական կողմն այդ փաստաթուղթն ունենալով, խոսել է բաների մասին, որոնք հենց այդ փաստաթղթով հերքվում են»:
Սասուն Խաչատրյանը հիշեցրեց նաեւ, որ 2008-ի մարտի մեկից հետո պաշտոնապես հերքվում էր որեւէ զինվորականի մասնակցությունն այդ գործողություններին, չնայած «Փաստահավաք խմբի» ներկայացրած նյութերին: ՀՔԾ պետն ասաց, որ այն ժամանակ տարբեր պաշտոնյաներ կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր են տրամադրել, որ զինվորական ավտոմեքենաները տրամադրվել ՊՆ-ի կողմից`են ոստիկանապետի բանավոր խնդրանքով, իբրեւ թե ոստիկանության զորքերի ծառայողներին տեղափոխելու համար: «Դրան էլ կտրվի պատշաճ իրավական գնահատական»,- ասաց նա:
Սասուն Խաչատրյանը այդ փաստաթղթից նաեւ հետեւյալ մեջբերումն արեց. «ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսներին եւ առանձին զորամասերի հրամանատարներին` ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելուն ունակ հավաքական ստորաբաժանումներ`հետեւյալ հաշվարկով. նշվում է, թե որ բանակային կորպուսներից հարյուրական հոգի, ստեղված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների, յուրաքանչյուրը 30 հոգի եւ ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով: Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է`այս ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներով: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսոին գործողություններ կատարեին թշնամու թիկունքում։ Իմ մոտ նման տպավորություն է ստեղծվում»:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը, մինչ կալանավորումը, «Երկիր մեդիային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՊՆ-ի որեւէ զենքից կրակոց չի եղել: «Ռոբերտ Քոչարյանը չի կարող իմանալ`այդ զենքերը կրակվել են, թե`ոչ, որովհետեւ ՊՆ-ի այդ զենքերից կրակված գնդակները եւ պարկուճները հանրապետական գնդակապարկուճադարանում չկան եւ այդ մասին շատ լավ չէր կարող չիմանալ պարոն Քոչարյանը: Հետեւապես, համեմատություն չի արվել, այս տասը տարիների ընթացքում հազարավոր զենքեր խոտանվել են: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք գտնել սպանությունները կատարող անձանց: Որ նման խմբեր ստեղծվել են, որ դրանք մասնակցել են մարտի մեկի իրողությունների, դա արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ այդ զենքերը չեն կրակել, ապա դեպքի վայրի կատարված արձանագրության համաձայն, դեպքի վայրից առգրավվել են 1700 հատից ավել պարկուճներ: Դրանցից իդենտիֆիկացվել են մոտ 1400-ը: Մոտ 300 պարկուճներ չեն իդենտիֆիկացվել:
Բացի այդ, քրեական գործում կան շատ հստակ տվյալներ, որ որոշ ստորաբաժանումների կողմից կիրառվել են ոչ իրենց տաբելային զենքերը: Այսինքն, տրվել են, այսպես կոչված մաքուր զենքեր, որոնք հետագայում հավաքվել են: Քրեական գործում նաեւ այսպիսի հավաստի ապացույցներ կան: Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել եւ ասել, թե որտեղի՞ց պարոն Քոչարյանը գիտի, որ չի կրակվել: Գուցե նա գիտի, որ այդ բոլոր զենքերը եղել են մաքուր զենքե՞ր, որոնցով կրակվել է: Չեմ ուզում որեւէ ենթադրություն անել, ընդամենը փորձում եմ մեկնաբանել պարոն Քոչարյանին, հասկանալ պարոն Քոչարյանին, թե ի՞նչ էր նա ուզում ասել»:
Այս ամենը ՀՔԾ պետին հիմք է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքին դատարանը ճիշտ գնահատական կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ