Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ համախմբման դրսևորումը կլինի օգոստոսի 17-ին, երբ միահամուռ կհաստատենք նաև մեր հավատարմությունը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը»

Օգոստոս 04,2018 16:00

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը երկկողմ հարաբերությունների ներկայիս զարգացումների հարցում անհանգստանալու բան չի տեսնում:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում իր համերաշխությունը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությանը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

«Առավոտի» դիտարկմանը՝ մի կողմից՝ նախկին իշխանությունները, օրինակ` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե Սերգեյ Լավրովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում կա անհասկացվածություն, մյուս կողմից՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, թե նման բան չկա, հետևաբար ի՞նչ է կատարվում ներկայումս երկու երկրների հարաբերություններում, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ինձ համար նախկին իշխանությունների խոսքերը, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ, զավթել են իշխանությունը տասը զոհերի միջոցով, որոնք, ներքաշելով ԶՈՒ-ն ներքաղաքական զարգացումների մեջ, տապալել են սահմանադրական կարգը, որոնք տարիների ընթացքում միայն թուլացրել են երկիրը և զբաղվել ապօրինի հարստանալով, որևէ արժեք չունեն: Ես պատկերացնում եմ, որ առաջիկա տարիներին ամենապահանջվածը լինելու է փաստաբանների աշխատանքը, որոնք փորձելու են իրենց մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում նախկին իշխանության ներկայացուցիչներին հեռու պահել ներկայացվելիք հազարավոր մեղադրանքներից»:

Անդրադառնալով մեր բարձրացրած հարցին՝ մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններին առնչվող, Վլադիմիր Կարապետյանը համերաշխություն հայտնեց ԱԳ նախարարության հայտարարությանը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Այնուհետև դրական համարեց համախմբման այն տրամադրությունները, որոնք տեղի են ունենում հասարակության մեջ. «Այդ համախմբման դրսևորումը կլինի օգոստոսի 17-ին, երբ մի շարք այլ հարցերի թվում՝ մենք միահամուռ կհաստատենք նաև մեր հավատարմությունը երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:

Մեր դիտարկմանը՝ կարծես թե իրավիճակը չի հանդարտվում, ընդհակառակը՝ ռուսական մամուլը շարունակում է զարգացնել հայ-ռուսական հակամարտության թեման, մասնավորապես «Կոմերսանտը», հղում անելով Ռուսաստանի ռազմարդյունաբերական երկու ձեռնարկությունների ղեկավարներին, գրում է, որ իրավիճակը կարող է բացասաբար ազդել նաև արդեն համաձայնեցված զենքի մատակարարումների վրա, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն այսպես արձագանքեց. «Այդ ամբողջը՝ այս մամուլի հրապարակումները, նախկին հանցագործ, ավազակապետական իշխանության ներկայացուցիչների, որոնք դեռ շատ են պետական համակարգերում, ջանքերն եմ համարում: Իրենք փորձում են իրենց ծանոթ մեթոդներով միգուցե նպաստել նման կարծիքների ձևավորմանը, բայց, կրկնում եմ, այսօրվա իշխանությունները շատ հստակ են արտահայտվում երկկողմ հարաբերությունների մասին և, ամենակարևորը, ոչ միայն արտահայտվում են, այլև անում են համապատասխան գործողություններ, ուստի որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում»:

Զրույցն ամփոփելով՝ Վլադիմիր Կարապետյանը վստահեցրեց՝ «եթե ուշադրություն դարձնեք, թե ինչպիսի համախմբման գործընթաց է տեղի ունենում հասարակության մեջ, կհավատաք, որ ես իսկապես տեսնում եմ դրական միտումներ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

03.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031