Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուլտի կոնցեռն»-ն ու «Արմօյլ»-ն արհամարհում են շինարարությունը դադարեցնելու մասին վարչական ակտը

Օգոստոս 04,2018 14:30

Իրավապահ մարմիններն էլ չեն խառնվում գործին

«Մուլտի կոնցեռն»-ն ու «Արմօյլ»-ը շարունակում են Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը, այն դեպքում, երբ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը այն կասեցնելու որոշում էր կայացրել:

«Առավոտ»-ին նամակով դիմել են գործարանի հարակից՝ Նատի թաղամասի բնակիչները, «Ռիվալ» ՍՊԸ-ի 55 աշխատակիցները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում են նավթամթերքի գործարանի այս շինարարության կասեցման խնդրին ուշադրություն դարձնել, եւ ինչպես իրենք են նշել՝ խնդրում են փրկել էկոլոգիական աղետից:

Այս գործարանի կառուցման շուրջ աղմուկը դեռ անցյալ տարվանից է: 2017-ի հոկտեմբերին տեսչական մարմնի վարչական ակտի հիման վրա շինարարությունը դադարեցվել էր: Բայց հիմա, ինչպես վստահեցնում են բնակիչները, շինարարությունը շարունակվում է, չնայած նրան, որ անցած ամիս կրկին այս ընկերությանը տեսչական մարմինը հիշեցրել է՝ շինարարությունն ապօրինի է, պետք է դադարեցվի:

Վարչապետին ուղղված նամակի հեղինակներից է նաեւ գործարանի հարակից տարածքում չրերի արտադրությամբ զբաղվող Ռաֆիկ Վիրաբյանը, որը Եղվարդ քաղաքում հիմնած 5 հեկտար մշակովի այգիների (ավելի քան 5500 պտղատու ծառ) եւ «Ռիվալ» ՍՊԸ-ի սեփականատերն է: Գործարարը մտահոգված է եւ նույնիսկ տագնապած՝ նավթամթերքի վերամշակման այս գործարանը եթե կառուցվի եւ գործարկվի, ապա իր արտադրությունը կտուժի եւ այլեւս չի կարող էկոլոգիապես մաքուր չրեր արտադրել: Իսկ բնակիչներն էլ մտահոգված են, որ գործարանի արտանետումները աղտոտելու են շրջակա միջավայրը, իրենց բնակավայրը:

Ռաֆիկ Վիրաբյանը իր ընկերությունը հիմնել է 2008 թվականից եւ էկոլոգիապես մաքուր չրեր է արտադրում, առանց ԳՄՕ-ի: Հայկական մրգերից պատրաստված չրերը գործարարը արտահանում է ՌԴ, Դոմինիկյան Հանրապետություն, Կանադա, վստահեցնում է՝ շուտով նաեւ Լատվիա, Չեխիա, Գերմանիա: Արտադրության մեջ օգտագործվում են էկոլոգիապես մաքուր միջավայրում աճեցված մրգեր, նաեւ գործարանին կից 5 հեկտար պտղատու այգիների եւ գյուղացիներից մեծ քանակությամբ մթերված մրգեր: Արտադրության արտահանման եւ իրացման երաշխիքը հենց էկոլոգիապես մաքուր մթերքն է: Վիրաբյանը վստահեցնում է. «Մեր գործունեությամբ ընկերությունը տեղացի միջին տարիքի բարձր կանանց համար ստեղծել է ավելի քան 50 աշխատատեղ: Արտադրանքի շուկայական պահանջարկի մեծացմանը զուգահեռ «Ռիվալ» ՍՊԸ-ն ծրագրում է ավելացնել արտադրական հզորությունները, նաեւ արտադրանքի ծավալներն ու աշխատատեղերի քանակը»:

Նամակի հեղինակներն ասում են՝ ««Ռիվալ»-ի պտղատու այգիներն ու արտադրամասը գտնվում են Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի հարեւանությամբ, որը ունի ավելի քան 300 բնակիչ եւ 120 տնային տնտեսություն: Բացի նշված այգիներից, թաղամասում առկա են նաեւ 500 հեկտար մշակովի բերքատու այգիներ, սննդամթերք արտադրող գործարաններ, բնակելի տներ եւ արոտավայրեր: Սակայն այսօր այդ այգիների եւ ընդհանրապես շրջակա միջավայրի կենսագործունեությունը վտանգված է: Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերից Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ, նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Արմօյլ» ընկերությունը վերը նշված էկոլոգիական մաքուր միջավայրում, այգիներին եւ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի բնակելի թաղամասին անմիջապես հարակից տարածքում՝ Երեւանյան խճուղի 129 հասցեում, իրականացնում է նավթամթերքի վերամշակման գործարանի ապօրինի կառուցապատման աշխատանքներ: «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ փորձաքննություն, բայց շարունակում է անօրինական շինարարությունը: Գործարանը չունի համապատասխան մարմինների թուլտվությունները: «Արմօյլ»-ը հարցում չի իրականացրել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն: «Արմօյլ»-ը խախտել է քաղաքաշինական նորմերը, չրերի գործարանին կից՝ արտադրություն է հիմնել, առանց պահանջվող երեք մետր հեռավորությունը ապահովելու»:

Նամակի հեղինակները նաեւ պնդում են, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցվող բոլոր շինությունները (թվով վեց) անօրինական են եւ պետական գրանցում չունեն. «Չնայած այս ամենին, «Արմօյլ»-ը շարունակում է ապօրինությունները Եղվարդ համայնքի ղեկավարի ակնհայտ անգործությամբ, որը ավելի է նպաստում այդ ապօրինությունների շարունակականությանը: «Արմօյլ»-ը կոպտորեն ոտնահարում է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջները, դրանց կանխման ուղղությամբ որեւէ գործողություն տեղական իշխանությունը չի կատարում, կարծես հովանավորում է ապօրինի կառուցապատում իրականացնող անձին»:

Նամակի հեղինակները հույսները կտրել են իրավապահ մարմիններից, ուստի ստիպված դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում խնդրում նրա հետ՝ վստահ լինելով, որ միայն վարչապետի ուշադրությունը հրավիրելով է հնարավոր խնդիրը լուծել:

«Առավոտի» հետ զրույցում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն էլ հաստատեց, որ նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունն ապօրինի է. «Ես ինքս եմ գնացել այնտեղ, հանդիպմանը ներկայացել է «Մուլտի կոնցեռնի» փոխտնօրենը: Մենք բացատրել ենք, որ իրենց շինարարությունը անօրինական է, որովհետեւ վարչական ակտ է ընդունվել, որպեսզի կասեցվի: Նրանց ասվել է՝ դուք չեք հարգում վարչական ակտը: Եվ ապա դրանից հետո դիմել ենք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով, որպեսզի վերջինս իրավապահ համակարգի միջոցով ապահովի վարչական ակտի կիրարկումը: Այսինքն՝ մենք ընդունել ենք վարչական ակտ, ասելով՝ այդտեղ չպետք է իրականացվի շինարարություն, բայց մենք ոստիկանություն չենք, իրավապահ մարմին չենք, որպեսզի կասեցնենք շինարարությունը: Ենթադրվում է, որ եթե վարչական ակտ է ընդունվում, ուրեմն դա պետք է կատարվի: Եթե ինչ-որ սուբյեկտ իրեն թույլ է տալիս չկատարել վարչական ակտը, ապա կա իրավապահ մարմին, որը պետք է գնա եւ սահմանված կարգով այդ սուբյեկտին բացատրի՝ ով ուզում ես եղիր, պետք է կատարես վարչական ակտը»: Գրիգորյանն ասաց, որ «Արմօյլ»-ը չունի թույլտվություն տվյալ գործունեությամբ զբաղվելու եւ շինարարությունն իրականացնելու:

Նկատենք, ինչպես մասնագետներն են ասում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության եւ դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող կատեգորիայով:

«Արմօյլ»-ի տնօրեն, պարսկահայ գործարար Ալֆրեդ Աբեդին «Հետքի» հետ զրույցում վստահեցրել է, որ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը այցելել էր Իրան, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին եւ օգնություն առաջարկել. «Ծառուկյանի այցելությունից հետո մենք հանդիպեցինք նրան, ներկայացրինք գործարանի նախագիծը: Հետո մեր առաջարկությամբ Գագիկ Ծառուկյանը ներգրավվեց որպես գործընկեր: Գործարանի բաժնետոմսերի կեսը Ծառուկյանին է պատկանում»: Ու թեեւ պարսկահայ գործարարը փորձել է որոշ հիմնավորումներ ներկայացնել գործարանի կառուցման եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին, սակայն համայնքի բնակիչների մի մասը կտրուկ դեմ է դրա կառուցմանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

03.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031