Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն Դերժավայի Արկադի հոր «ֆիրմայից» վնասներ կրած գործարարին տուժող ճանաչեց

Օգոստոս 04,2018 14:00

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Մխիթարյանի 2018 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ «Շանտան» ՍՊԸ-ն ճանաչվել է տուժող՝ հյուրանոցի վերակառուցման աշխատանքների ընթացքում «Շանտան» ՍՊԸ-ին պատկանող թանկարժեք գույքը ոչնչացնելու կապակցությամբ:

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ընկերության հիմնադիր Հարություն Ղազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Առավոտը» բազմիցս է գրել, որ Մաշտոցի 52 հասցեում, ԵՊՀ Հյուրերի տանը շինաշխատանքների պատճառով Շանտան» ՍՊԸ-ն կամ ավելի շատ հայտնի՝ «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ի սեփականատերը մեծ վնասներ է կրել, սակայն իրավապահները աչք էին փակում այս հանգամանքի վրա:

Օրերս էլ «Առավոտ»-ն անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հոր եւ գարեջրատուն ռեստորանի սեփականատիրոջ միջեւ իրավական վեճն այլ ընթացք է ստանում. քրեական գործ էր հարուցվել:

Մաշտոցի 52 հասցեում «Էս Էռ Հոթել» ընկերությունը Դերժավայի Արկադի հոր անունով է գրանցված, այս ընկերությունը ԵՊՀ Հյուրերի տան շենքը, ճարտարապետների բնութագրմամբ՝ աղավաղելով, «Քրոուն պլազա» հյուրանոցն է կառուցում: Ընկերությունը շինաշխատանքները սկսել էր առանց Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստանալու: ԵՊՀ Հյուրերի տան նկուղային հարկում էր գտնվում գարեջրատուն-ռեստորանը: Գարեջրատան սեփականատեր Հարություն Ղազարյանը պնդում է՝ այս շինարարության արդյունքում 25 միլիոն դրամի վնաս է կրել, այս առթիվ էլ վերջերս քրեական գործ է հարուցվել:

Բացի այս, Սիրունյանը նաեւ պնդում է եւ մտահոգություն էր հայտնել Երեւան քաղաքի դատախազին, որ նշված հյուրանոցային համալիրը «Էս Էռ Հոթել» ընկերությունը ձեռք է բերել ակնհայտ ցածր գնով. «Դրա քառակուսի մետրի 1400 դոլար գինն արժանահավատ չէ, պետական գույքը վաճառվել է ակնհայտ ցածր գնով»:

Փաստաբան Սիրունյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ իրավապահ մարմիններին դիմելուց հետո կատարվել է հետաքննություն, սակայն առայժմ քրեական գործ է հարուցվել միայն գույքը ոչնչացնելու փաստով:

Հիմա արդեն «Շանտան» ՍՊԸ-ին իրավապահները ճանաչել են տուժող:

Նելլի Բաբայան

«Առավոտ» օրաթերթ,  

03.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031