Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամուլսարի թթվային դրենաժի խնդիրը լիովին կառավարելի է»

Օգոստոս 04,2018 13:30

Անկախ փորձագետ Լարրի Բրեքենրիջը` Ամուլսարի հանքի շահագործման շուրջ առաջացած խնդիրների մասին

«Ամուլսարի դեպքում թթվային դրենաժի խնդիրը լիովին կառավարելի է` շնորհիվ ներկայիս մեթոդների եւ տեխնիկայի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնապահպանական հարցերով ինժեներ, Global Resource Engineering ընկերության փորձագետ Լարրի Բրեքենրիջը:

«Վերջին տարվա ընթացքում մենք ներգրավել ենք բազմաթիվ մարդկանց, որոնք դեմ էին դուրս գալիս այդ ծրագրին, որպեսզի իրենց ավելի լավ բացատրենք, թե ինչպես ենք մենք պատրաստվում կառավարել թթվային դրենաժը: Իմ վերջին այցի նպատակը հենց դա է: Վերջին տարիների ընթացքում մեր իրականացրած ուսումնասիրությունները փաստում են, որ իրականում ռիսկերը շատ ավելի քիչ են, քան մենք կանխատեսել էինք: Եվ այդ ամենը Ամուլսարում թթվային դրենաժի կառավարումը շատ ավելի հեշտ եւ արդյունավետ է դարձնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարը սկսվել է 2010 թվականից: Ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ պատրաստվում են 370 միլիոն դոլարի ներդրում կատարել եւ 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) եւ 1300-ը` համատեղ։ Այս ծրագրով սպասվում են տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում եւ 370 միլիոն դոլարի ներդրում: Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին ընկերության եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կապի մասին: Արմեն Սարգսյանը հերքեց դրանք:

2014 թվականին Գնդեվազ համայնքից, ինչպես նաեւ բնապահպանական կազմակերպությունների կողմից բողոքներ են ներկայացվել ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) նկատմամբ: 2017թ. այս կառույցը զեկույց հրապարակեց, որում նշված էր, որ ՄՖԿ-ն ռիսկերի գնահատում չի իրականացրել նախնական ներդրման հաստատման ժամանակ, և որ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների առավել մանրամասն գործողությունների պլան էր հարկավոր: ՄՖԿ-ն նաև նշում էր, որ ազդեցությունների գնահատման ժամանակ լիարժեք չեն գնահատվել Ջերմուկ առողջարանային քաղաքի զբոսաշրջության, ինչպես նաև Գնդեվազ համայնքի վրա ծրագրի ազդեցությունները: 2017 թվականի մայիսին ՄՖԿ-ն լքեց այս ծրագիրը: Իսկ ՎԶԵԲ ուղարկված բողոքին բանկը նախնական շրջանում պատասխանեց, որ չի քննի այն, քանի որ բանկը միայն հանքի ուսումնասիրման փուլն է ֆինանսավորել, իսկ երբ ուսումնասիրման փուլն ավարտվեց, և սկսվեցին շահագործման նախապատրաստական աշխատանքները նույն բանկի աջակցությամբ, բանկը հրաժարվեց հաղորդակցվել դիմողների հետ: Այս գործընթացներին զուգահեռ ընթանում են նաև մի քանի դատական գործեր, որոնցից ամենահինը գնդեվազցիների՝ դեռևս 2015թ. Վարչական դատարան ներկայացրած հայցն է, որով վիճարկում են հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» (նախկինում Գեոթիմ) ընկերությանը տրված թույլտվությունները: Վարույթներ են նաև ներկայացվել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե: Վերջինս քննում է Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթները պարբերաբար խախտելու հետևանքով Հայաստանի դեմ միջոցներ կիրառելու հարցը: 2016 թվականից ի վեր գործում է նաև առցանց ստորագրահավաք՝ ուղղված կառավարությանը և միջազգային ֆինանսավորողներին: Ստորագրահավաքին միացել է 8000-ից ավելի մարդ:

Հայկական բնապահպանական ճակատը հանքի շահագործման հիմնական վտանգը համարում է այն, որ երբ հանքավայրի վերին մասը բացվի, և բացահանքերը սկսեն խորանալ, ջրի ներհոսքը դեպի հանքայնացված ապարներ զգալիորեն կաճի, և արդյունքում կավելանա թթվային դրենաժի ծավալը։ Վերջինիս արտահոսքը կրելու է ապակենտրոնացված բնույթ՝ բազմաթիվ աղբյուրների և ճեղքային ջրերի տեսքով։ Այս տիպի արտահոսքը չի կարգավորվում։ Միևնույն ժամանակ հանքավայրի ապարները խիստ ճաքճքված են, և այս պատճառով ներհոսող ջուրը չի կուտակվելու բացահանքերի հատակին, այլ միանգամից ներծծվելու է խորը հորիզոններ։ Արդյունքում կձևավորվի վիթխարի թթու ջրերի գեներատոր, որը կգործի ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում, այլեւ տասնյակ, գուցե հարյուրավոր տարիներ հանքավայրը փակելուց հետո։ Աղտոտված ջրերը, ըստ բնապահպանների, մեծ վտանգ են ներկայացնելու և Ջերմուկի համար, և մեր` դեռևս մաքուր ջրավազանների համար` Արփա և Որոտան, և մեր ջրամբարների` Կեչուտ, Սպանդարյան և Սևանա լճի համար:

Լարրի Բրեքենրիջը բնապահպանական հարցերով ինժեներ է: Աշխատել է Ամուլսարի ծրագրի վրա 2014 թվականից, զբաղվում է ջրի որակի և թթվային ապարների դրենաժի հարցերով: Ասում է` այնքան հաճախակի եմ եղել Ամուլսարում, որ ճիշտ թիվը չեմ կարող հիշել: «Աշխարհում կան արժեքավոր մետաղներ պարունակող բազմաթիվ հանքեր, և այդ բոլոր հանքերում առկա է թթվային դրենաժի առաջացման վտանգը: Այսինքն՝ այն երկրաբանական գործընթացները, որոնք բերում են ոսկու առաջացմանը, հանգեցնում են նաև թթվային դրենաժի առաջացմանը: Եթե համեմատելու լինենք աշխարհի մի շարք հանքերի հետ, Ամուլսարի դեպքում այդ ռիսկերը ցածրից միջին մակարդակի վրա են: Ծրագրի հենց սկզբից 100 տոկոսով թափանցիկություն է ապահովվել այս հարցում: Թույլտվությունների ստացման հիմք հանդիսացող ուսումնասիրություններում առկա է մի ամբողջ հատված, որը նվիրված է հենց այդ հարցին»,- ասում է մեր զրուցակիցը:

Հանքի շահագործման դեմ պայքարողները փաստարկում են նաեւ, որ Ամուլսարում կիրառվող մոդելը փորձարարական է: «Խնդիրն այն է, որ այս վերջին ամսվա ընթացքում այն մարդիկ, որոնք հանդես են գալիս Ամուլսար հանքի դեմ, ընդհանրապես հանքարդյունաբերության դեմ են հանդես գալիս: Միակ բանը, որ հնարավոր է անել տվյալ պարագայում, ուղղակի համեմատելը և հետևելն է թթվային ապարների դրենաժի երևույթին միջազգային չափանիշների համատեքստում»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով. «Կա միջազգային կազմակերպություն, որը կոչվում է թթվային ապարների դրենաժի կանխարգելման միջազգային ցանց: Նրանք ունեն թողարկված ուղեցույց, որը վերաբերում է տվյալ երևույթին, և սա հանդիսանում է միջազգային չափանիշ թթվային դրենաժի կառավարման ոլորտում: Մեր կողմից ընտրված մեթոդները վերցված են այս ուղեցույցից, նրանցից և ոչ մեկը չի կարող համարվել փորձարարական մեթոդ: Հետաքրքիր է նաև այն, թե ինչպե՞ս մի մեթոդ, որ հաջողությամբ կիրառվել է Կանադայում, կարող է որակվել որպես փորձարարական Հայաստանի դեպքում: Մենք համակցել ենք մի քանի մեթոդ, որպեսզի ամբողջականությունը և արդյունավետությունը ապահովվեն: Հետևաբար, եթե անգամ որևէ մեթոդ ձախողվի, մնացած մեթոդները կփոխհատուցեն այդ ձախողումը»:

Անդրադառնալով վերջին շրջանում հանքի շահագործման դեմ ակտիվացած պայքարին, բնակիչների կողմից փողոցներ փակելու եւ բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպելու փաստերին, որոնց ժամանակ առաջ էր քաշվում ոչ միայն թթվային դրենաժի, այլ նաեւ ցիանիդի կառավարման եւ դրա` շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության հարցի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը կարևորում է այն հանգամանքը, որ այս ծրագիրն ուսումնասիրվել է միջազգային գիտնականների կողմից, քանի որ խոշոր ներդրողները, որպես կանոն, ներգրավում են միջազգային փորձագետների` մասնագիտական եզրակացություն ստանալու համար. «Տվյալ դեպքում միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը իսկապես արել են դա: Այս ծրագիրը իրականում գնահատվել և հաստատվել է գիտական հիմունքներով միջազգային փորձագետների կողմից»:

Իսկ հանքի տարածքում բողոքները եւ տեղացիների մտահոգությունները հանքարդյունաբերության շուրջ մեր զրուցակցի համար միանգամայն հասկանալի են. «Ես եղել եմ Հայաստանում գտնվող տարբեր հանքերում եւ ինքս ականատես եղել բազմաթիվ բացասական երեւույթների: Այնուամենայնիվ, այստեղ առանցքային բառը «հին հանք» տերմինն է: 21-րդ դարում հանքերը չեն կարող և չեն աղտոտում բնությունը: Ամուլսարը իրականացնում է իր գործունեությունը միջազգային չափանիշներով, և դա ուղղակի ֆինանսավորում ստանալու նախապայման է: Առանց դրա ծրագիրը չէր ֆինանսավորվի: Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում ցուցարարներին նախկին վատ փորձի վրա չհիմնվել գնահատականներ տալիս: Ամուլսարը ցուցաբերում է թափանցիկություն, որը Հայաստանում դեռևս չի ցուցաբերվել: Ես աշխատել եմ աշխարհի գրեթե տարբեր անկյուններում և տեսել եմ հանքարդյունաբերության դրական ազդեցությունը` սա ներառում է հարկերի ավելացում, կրթություն ստանալու մեծ հնարավորություն, ենթակառուցվածքների զարգացում: Այդ համայնքներից շատերում հանքարդյունաբերության հետ կապված միակ մտահոգությունը եղել է այն, թե ինչպե՞ս ապահովել հանքի շարունակական աշխատանքը, որպեսզի համայնքի բնակիչները աշխատանք ունենան: Հայաստանի հասարակությունը շատ ավելի կրթված է. մենք կոչ ենք անում ուսումնասիրել և ուշադիր հետազոտել այն հնարավորությունները, որ կան հանքում, և կտեսնեն դրանց արդյունավետությունը: Ես դեմ եմ դուրս գալիս այն մարդկանց, որոնք պնդում են, որ Հայաստանը ի վիճակի չէ ճշգրիտ կերպով իրագործելու այս ծրագիրը: Ամուլսարի ծրագիրը ունի այդ հնարավորությունները կարգավորելու և պատշաճ կառավարելու ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները, եթե դրանք առաջանան, իսկ Հայաստանի կառավարությունը ունակ է ապահովելու հանքի պատշաճ շահագործումը»:

Վերջերս հանքարդյունաբերության խնդիրներին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի հանձնարարականով կստեղծվի անկախ փորձագիտական խումբ, որը կուսումնասիրի Հայաստանում շահագործվող հանքերը եւ առհասարակ՝ հանքարդյունաբերական ոլորտը: Լարրի Բրեքենրիջը եւս ընդգրկված է այդ խմբում:

«Ես անհամբեր սպասում եմ, թե երբ ենք սկսելու այդ աշխատանքները, որպեսզի հնարավորություն ունենամ ներկայացնելու խմբի մնացած անդամներին հանքի տեղամասում առկա պայմանները և մեր կառավարման պլանները: Առաջնային խնդիրը, իհարկե, ջրային ռեսուրսների պաշտպանության հարցն է լինելու: Մեր կառավարման պլանները նախատեսում են նվազեցնել այդ ռիսկերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

03.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031