Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եվրամիության միլիոնները մեզ չեն հասնում. մեզ շաքար ու ձավար պետք չէ»

Օգոստոս 04,2018 12:30

Գործարար կյանքի դժվարությունները՝ երեւանյան «Հալեպ» շուկայում

Երեւանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի գետնանցումում երեք տարի է՝ «Հալեպ» շուկան է գործում: Սիրիայից Հայաստան վերադարձած հայերն այստեղի փոքրիկ տաղավարներում իրենց ծառայություններն ու ապրանքներն են առաջարկում՝ արագ սնունդ, վարսահարդարում, մարմնի խնամքի միջոցներ, տրիկոտաժ, համեմունքներ, չրեղեն, քաղցրեղեն, տան համար անհրաժեշտ պարագաներ, սպորտային կոշիկներ: Պատերազմի արհավիրքից փրկվածները տարիներ անց անգամ հարցազրույց տալ չեն ցանկանում՝ հոգնել են խոսելուց: «Մենք հոգնեցինք, դուք դեռ չե՞ք հոգնել»,- այս խոսքերով դիմավորեց տարեց սիրիահայերից մեկը՝ ասելով, որ համակերպվել են դժվարություններին եւ այն մտքի հետ, որ պետությունն իրենց չօժանդակեց: Տաղավարներով շրջելիս ոչ բոլորն էին ցանկանում իրենց մասին պատմել, գործարար կյանքի խնդիրների մասին խոսել: «Այս շուկան մենք՝ սիրիահայերս, մեր ձեռքով ենք հիմնել՝ առանց կառավարության օգնության եւ աջակցության, մինչդեռ հասարակությունից կարծիքներ ենք լսում, թե «ի՛նչ լավ է, որ պետությունը սիրիահայերին շուկա է տվել, ի՛նչ բախտավոր են իրենք… այդպես չէ, դա սխալ կարծիք է»,- ասաց սիրիահայ կին-գործարարներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ. «Որքան ներկայացել, խոսել եմ՝ բավ է»: Տիկնոջ խոսքով. «Առաջին իսկ օրից հարկայինին մենք ենք վճարում, շրջանառության հարկը մենք ենք տալիս, 16 տաղավարների տարածքի վարձավճարը մենք ենք տալիս… ընդ որում, երեք տարում վարձավճարը երեք անգամ թանկացել է: Հասարակությունը պետք է հասկանա, որ մենք ենք այս տարածքը մաքրել ու խանութներ դարձրել, մեր սերն ենք տվել հաճախորդներին: Բոլորին ժպիտով ենք սպասարկում. մենք հարգում ենք հաճախորդին ու սիրով ընդունում, բացում-ցույց տալիս բոլոր ապրանքները: Եթե չեն էլ գնում, չենք տրտնջում, չենք ասում, թե ինչո՞ւ առեւտուր չարեցին»: Սիրիահայ տիկնոջ համոզմամբ՝ «Հալեպ» շուկան հասարակության շրջանում ճանաչելի դառնալու մեծ խնդիր ունի. «Եթե ցանկանում են սիրիահայերին օգնել, թող այս շուկային ուժ տան, որ մարդիկ գիտենան մեր տեղը: Մենք այլ վայրերում խանութներ վարձելու հնարավորություն չունենք: Օրեր են լինում, երբ առեւտուր չի լինում: Հունվար-փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին հասարակության աջակցության կարիքն ունենք: Թող հեռուստաընկերությունները գովազդեն մեր շուկան, բա դա օգնություն չէ՞… երբեմն մարդիկ ասում են՝ ի՛նչ լավ է, որ Եվրամիությունը ձեզ մի քանի միլիոն դրամի օգնություն տվեց, բայց մեր ձեռքը ոչ մի կոպեկ չի ընկնում այդ օգնությունից: Մեկ կգ շաքարն ու ձավարն օգնությո՞ւն է»:

Տաղավարներից մեկում էլ զրուցեցինք Վիկտորյա Շիշոյանի հետ: «Երբ Սիրիայում թեժացան ռազմական գործողությունները, եկանք Հայաստան: Աշխատում ենք, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց տիկին Շիշոյանը: Նշեց, որ հաճախորդներին միշտ թարմ ապրանքներ են առաջարկում. «Սիրիայից, Լիբանանից եւ Դուբայից տարատեսակ համեմունքներ ենք բերում: Մարդիկ գոհ են, մշտական հաճախորդներ ունենք»: Իսկ թե ինչ փոփոխություններ է հայրենիքում ակնկալում՝ սիրիահայ տիկինն այսպես ասաց. «Հայաստանը նոր է ոտքի կանգնում: Մենք էլ ենք լիահույս, որ փոփոխություններ կլինեն: Կարեւորը, որ մարդիկ վստահեն իրար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

03.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031