Հայկական հուշանվերների, թեյերի ու արծաթյա զարդերի արտադրությամբ զբաղվող Apricot ընկերությունը արդեն ավելի քան 4 տարի է՝ աշխատանքով ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց: Ընկերության 40 աշխատակիցներից 36-ը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնց ձեռքի աշխատանքներին կարելի է հանդիպել Հայաստանի գրեթե ցանկացած հայտնի հուշանվերների խանութում:
«Սկզբնական շրջանում բավականին բարդ ու ծանր էր՝ հատկապես շուկա մտնելը: Նաեւ դժվար էր հաշմանդամություն ունեցող մարդկանց համոզել, որ դուք ի վիճակի եք եւ կարող եք աշխատել: Սկզբից իրենց սովորեցրել ենք, հետո նոր վերցրել աշխատանքի: Մեր բուն նպատակը համայնքը զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելն է: Հատկապես այն խմբի համար, որոնց որ դժվար է աշխատանք գտնելը: Հուսով ենք, որ ապագայում ավելի շատ մարդկանց կներգրավենք աշխատանքում»,- ասում է ընկերության ղեկավար Գայանե Խաչատրյանը:
Ընկերության արտադրանքի հիմնական սպառողը զբոսաշրջիկն է: Սակայն Գայանեի խոսքով՝ երկրում զբոսաշրջությունը բարձր մակարդակի վրա չէ, ինչի արդյունքում էլ տուժում է նաեւ իրենց աշխատանքը. «Այս առումով Հայաստանը խնդիրներ ունի, եւ զարգանալու տեղեր կան: Շատ բաներ կան, որ հաշվի չեն առնում, որպեսզի երկրում զարգացնեն զբոսաշրջությունը»,- ասում է Գայանեն` նշելով, որ իրենց արտադրանքը պահանջարկ ունի նաեւ արտերկրում, բայց կապեր ստեղծելու հնարավորություն չունեն: Գայանեի կարծիքով՝ միակ ճանապարհը արտերկրում միջազգային ցուցահանդեսների մասնակցելն է, ինչի հնարավորությունն այս պահին չունեն:
Ինչպես շատ ընկերություններ, Apricot-ն էլ հարկային դաշտի հետ կապված խնդիրներ է ունենում, որի արդյունքում խանութների հետ համագործակցելը դառնում է դժվար. «Խանութներից ով ԱԱՀ-ով էր աշխատում, մեզնից ապրանք չէին վերցնում, քանի որ մենք շրջանառության հարկով էինք աշխատում: Ստիպված մենք մեր հարկատեսակը փոխեցինք, անցանք ԱԱՀ-ի տարբերակին, որպեսզի կարողանանք խանութներին ապրանք տալ: Խնդիրը մենք այս տարբերակով լուծեցինք, բայց շատ արտադրողներ չեն կարողանում լուծել»:
Խանութների հետ կապված խնդիրը միայն հարկատեսակը փոխելով չի ավարտվում: Ընկերությունն այստեղ այլ խնդիրների էլ է հանդիպում. «Ապառիկով ապրանքը տալիս ենք խանութներին, վաճառում են, նոր գումարը տալիս են մեզ: Խանութներին էլ մեղադրելու չէ, իրենք էլ երաշխիք չունեն, որ կվաճառվի: Բայց մեզ նման փոքր արտադրողների համար դա մեծ խնդիր է: Մի նոր խանութի հետ աշխատելու համար միջինը 250.000 դրամից մինչեւ 450.000 դրամ գումար տանում ես այնտեղ քնացնում ես: Մինչեւ դադարում ես իրենց հետ աշխատել: Կանխիկով ոչ մի խանութ չի աշխատում, իսկ դա մեծ խնդիր է»,- պարզաբանում է Գայանեն:
Վերջին շրջանում ընկերության խնդիրներն ավելացել են: Արտադրանքի հումքը ներմուծվում է Հայաստան: Գայանեի խոսքով՝ այն հաճախ է անսպասելի թանկանում. «Այն հիմնական հումքը, որ ես միշտ գնում եմ, հեղափոխությունից հետո մինչեւ 40 տոկոս թանկացավ: Թե՛ իրենք էլ հարկային դաշտ մտան, թե՛ ինչ՝ չգիտենք պատճառը:
Կամ պետք է արտադրանքի գինը բարձրացնենք, կամ չգիտեմ՝ ինչ անեմ: Գինը բարձրացնելու դեպքում խանութի հետ եմ խնդիր ունենում, որովհետեւ խանութն ասում է՝ չեմ ուզում, քանի որ Չինաստանի ստանոկով տպած ապրանքն ավելի էժան է: Բավականին պահանջարկ ունեցող արտադրանք է մերը, բայց հիմա կանգնած ենք խնդրի առջեւ»:
Գայանեի բիզնեսին կառավարությունը երբեք չի աջակցել: Խոստումներ միշտ են եղել, սակայն կյանքի երբեք չեն կոչվել: «Իմ բիզնեսին մինչեւ այսօր կառավարությունը չի աջակցել ու խթանել: Նույնիսկ նախարարություններին ենք դիմել, որ այն հուշանվերները, որոնք ձեզ անընդհատ պետք են, եւ դուք գնում եք դրսի ներմուծածները, կարող եք տեղական արտադրանք գնել, որով էլ կաջակցեք մեզ: Միշտ ասում են՝ կգնենք, սակայն ոչ մի նախարար էլ ոչինչ չարեց, միայն խոստացան»,- ասում է ընկերության ղեկավարը:
Գայանեն ոլորտում մրցակիցներ ունի, սակայն դրանից միայն ուրախանում է: Ասում է՝ մրցակցությունն իրենց միայն օգնում է. «Մրցակիցներն օգնում են, որպեսզի մեր արտադրանքի որակն ավելի բարձրացնենք, տեսականին ընդլայնենք: Ցավոք, բիզնեսը կզարգանա այն ժամանակ, երբ մենք երաշխավորված կլինենք, որ չհիմնավորված թանկացումներ չեն լինի: Նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանում զբոսաշրջությունը զարգանա»:
Տաթեւիկ Ղազարյան
«Առավոտ» օրաթերթ,
03.08.2018