Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է անում նոր կառավարությունը, որպեսզի ՓՄՁ-ն անխոչընդոտ մասնակցի պետական գնումներին ու հաղթի

Օգոստոս 04,2018 15:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» Հ/Կ-ի ղեկավար, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը եւ ֆինանսների նախարարության Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Լուսինե Բուդաղյան.- Փոքր ու միջին բիզնեսը, որը կարող էր եկամուտներ ապահովել նաեւ պետական գնումներին մասնակցելու ճանապարհով, տարիներ ի վեր դուրս է մնացել այդ համակարգից: Մատների վրա հաշված ՓՄՁ-ներ են գնումների մրցույթներում հաղթող ճանաչվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ընկերություններն էլ կա՛մ պաշտոնյաների հետ փոխկապակցված են եղել, կա՛մ կոռուպցիոն պայմանավորվածություններ են ունեցել: Հակառակ դեպքում պետական գերատեսչությունների որոշ պաշտոնյաների «թեթեւ ձեռքով» տնտեսվարողները այդ մրցույթներից դուրս են մնացել կամ պետական գնումների «սեւ ցուցակում են» հայտնվել:

Պարոն Մանուկյան, տարբեր տարիների Ձեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ՓՄՁ ոլորտն ըստ էության լուրջ մասնակցություն չունի պետական գնումների համակարգում։ Դուք վստահեցնում եք, որ Գնումների մասին օրենքը համահունչ է եվրոպական փորձին, եւ որ խնդիրը օրենքի դաշտում չէ. խնդիրը որտե՞ղ է, պետական կառույցներն ինչպե՞ս են կարողանում պետգնումներից դուրս թողնել, այսպես ասած՝ տանիք չունեցող ընկերություններին:

Արտակ Մանուկյան.- Եթե մենք խոսում ենք գնումների համակարգի մասին եւ խոսում ենք ՓՄՁ դասակարգման չափորոշիչների դասակարգման մասին, շատ դժվար է ասել, որ ՓՄՁ հատվածի ձեռնարկություններին անհասու է պետական գնումների համակարգը: Մենք փորձում ենք նայել 2017 թվականի ավելի քան 2800 հաղթած սուբյեկտները, որոնք կան, փորձում ենք նայել նրանց, օրինակ, հայտարարագրած աշխատողների թվերը, իհարկե զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, ասեմ, որ եթե մենք ֆորմալ այդ չափորոշիչներով ենք նայում, այսինքն` աշխատողների թվաքանակ, որովհետեւ այն երկու չափորոշիչներով ակտիվների հաշվեկշռային արժեք եւ շրջանառություն, ըստ էության, մեզ համար այդքան հասու չեն, այնպես չէ, որ հիմնականում դրանք խոշոր սուբյեկտներն են, բայց խնդիր կա, առաջինը` հաղթած, ֆորմալ, նույնիսկ ՓՄՁ դաշտում գտնվող սուբյեկտների կենտրոնացվածության կամ նույն դեմքերը տեսնելու: Սա էլ, իհարկե, հետեւանք է այն տնտեսական մոդելի, որը որ մենք որդեգրել ենք: Եվ եթե դու ունես տնտեսություն, որտեղ կա կենտրոնացվածություն, օրինակ` բենզինի, շաքարավազի շուկայում, իհարկե, այստեղ ավելի շատ ՓՄՁ սուբյեկտներ չեն գործում, սրանք խոշոր տնտեսվարողներն են, բայց սրանք, քանի որ մեծ հաշվով այս բնագավառները նաեւ մեծ տեսակարար կշիռ ունեն քո ծախսերում, արդեն ինքն օբյեկտիվորեն գալիս է նրան, որ կան բնագավառներ, որտեղ որ մրցակցություն չկա, եւ ՓՄՁ-ին հասու չէ, եւ կան բնագավառներ, որոնք որ ֆորմալ ՓՄՁ են հաղթում, բայց դրանցում չկա այն մրցակցությունը, որը որ կբերի էական նոր խաղացողների ավելացման: Սա հետագայի համար մի խնդիր կարող է բերել. օրինակ` վերցնենք բենզինի շուկան: Եթե մենք խաղի կանոնները բացում ենք եւ գնումների մասին օրենսդրությունը էլի փորձում ենք ազատականացնել, շատ դժվար է, որ հաջորդ օրը նույն դիզվառելիքի շուկայում հայտնվի մեկ խաղացող, ինչո՞ւ՝ որովհետեւ նրանք պետական գնումների համակարգով կերակրվել են, իրենց ներդրումները եւ ծախսերն ըստ էության հանել են եւ գնային առումով բավականաչափ մեծ մրցունակություն ունեն, եւ Հայաստանի շուկան էլ փոքր է այնքան, որ ակնկալենք, որ եւս մեկ խաղացող կգա այս բնագավառում կմասնակցի: Իհարկե, մտայնություն չստեղծվի, որ ամեն ինչ այս բնագավառում լավ է, որովհետեւ ՓՄՁ-ն ուզում է տեղեկատվության բավարար հասանելիություն եւ ուզում է, որ պատվիրատուն հնարավորինս ճիշտ բնութագրի այն, ինչն ինքն ուզում է ձեռք բերի, որպեսզի հնարավորինս խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքները ի չիք դարձվեն: Եթե երկրորդ մասով կան որոշակի դրական զարգացումներ, բայց եթե մենք տեխնիկական բնութագրերն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ բավականաչափ խնդրահարույց է, նույնիսկ գնումների պլանավորման փուլից սկսած, այդ գործընթացներում բացակայում է բյուջետային արդյունավետությունը: Այս առումով դեռեւս խնդիրներ կան, բայց նաեւ պետք է ֆիքսենք, որ այդ խնդիրների մի մասն ածանցված են, այսինքն` կարող է պայմանավորված լինել ինչպես տնտեսական եղած կոնյունկտուրայով, այնպես էլ ֆորմալ առումով խաղի կանոններով:

Լ. Բ.- Պարոն Շահնազարյան, ի՞նչ է անում նոր կառավարությունը, գնումների համար պատասխանատու ֆինանսների նախարարությունը պարոն Մանուկյանի մատնանշած խնդիրները վերացնելու համար, արդյոք կա՞ն վերահսկման մեխանիզմներ:

Սերգեյ Շահնազարյան.- Նախ` պետք է արձանագրել, որ այսօրվա գործող համակարգը տալիս է ՓՄՁ-ներին մասնակցելու լայն հնարավորություն, եւ համակարգի յուրահատկությունն այն է, որ մենք օրենսդրությամբ պատվիրատուին, այսպես ասած, ստիպում ենք նման ընթացակարգերը կազմակերպելիս լոտավորման գաղափարախոսության մեջ լոտերը սահմանել ըստ վերջնական սպառման ապրանքների, ինչը շատ կարեւոր է: Այսինքն` մենք արհեստականորեն չենք մեծացնում չափաբաժինը: Օրինակ` վերցնենք կաթնամթերքից պատրաստվող սննդի տեսակները: Կան երկրներ, որտեղ աշխատում է հետեւյալ մոդելը, այսինքն` կաթնամթերքից պատրաստվող ապրանքները խմբավորում են մեկ չափաբաժնի մեջ, եւ բիզնեսին ներկայացվում է առաջարկություն այդ ամբողջական փաթեթին գնային առաջարկ ներկայացնելու, որը իր մեջ ունի փոքր ու միջին կամ այդ կոնկրետ ապրանքատեսակի վրա մասնագիտացված կազմակերպություններին ընթացակարգերին մասնակցելուց դուրս թողնելու խնդիր: Մեր օրենսդրությունն այդ հնարավորությունը պատվիրատուներին չի տալիս, հակառակը, մենք գնում ենք լոտավորման, ըստ վերջնական սպառման ապրանքի, ու ցանկացած ոլորտում մասնագիտացված կազմակերպությունները հնարավորություն են ստանում այդ ոլորտի մասով ներկայացնելու հայտեր եւ մրցակցելու: Սա նաեւ արհեստականորեն չի խոշորացնում գնման առարկաների մատակարարվելիք արժեքների մեծությունը:

Փորձ է արված լոտավորման գաղափարախոսությունն այնպես կառուցել, որպեսզի կոնկրետ ուղղություններով մասնագիտացված, այդ թվում փոքր մատակարարումներ անելու հնարավորություն ունեցող սուբյեկտները մասնակցեն ընթացակարգերին:

Երկրորդ` մինչեւ հինգ միլիոն դրամ նախահաշվային գին ունեցող գնումների ժամանակ փոքր ու միջին բիզնեսին, նոր սկսող բիզնեսին տրված է հնարավորություն առանց որեւէ որակավորման չափանիշներին բավարարելու պայմանով մասնակցելու ընթացակարգերի, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ որակավորումը սուբյեկտի` պայմանագիրը կատարելու կարողունակությունն է: Այսինքն` ընթացակարգերի ժամանակ գնահատվում է ոչ թե միայն սուբյեկտի կամ մրցույթի մասնակցի ցածր գին տալու հանգամանքը, այլ մինչեւ գնին հասնելը կան որոշակի էլեմենտներ, որոնք գնահատվում են, հետո նոր անդրադարձ է արվում գնին: Եվ այդ անդրադարձներից մի բլոկը վերաբերում է որակավորման չափորոշիչներին: Դա նախկինում այդ շուկաներում աշխատելու փորձառությունն է, բավարար չափով ֆինանսական ապահովվածությունն է, աշխատանքային ռեսուրսներն են, տեխնիկական միջոցներն են: Այստեղ կառավարության որոշմամբ սահմանված է մի շեմ, դա մինչեւ հինգ միլիոն դրամ գին ունեցող գնումներն են, որոնց ժամանակ, առանց որեւէ որակավորման չափանիշների պայմանների սահմանման, հնարավորություն է տրված փոքր ու միջին բիզնեսին մասնակցելու այս ընթացակարգերին: Իմ մատնանշած լոտավորման տրամաբանության մեջ այդ հինգ միլիոն դրամը բավականին բարձր թիվ է, որը հնարավորություն կտա փոքր ու միջին բիզնեսին մասնակցելու: Այստեղ պետք է մի կարեւոր հանգամանք եւս հաշվի առնել. այսօր մեզ մոտ գնումները որոշակի պատվիրատուների մոտ արվում են թղթային, որոշակի պատվիրատուների մոտ արվում են էլեկտրոնային: Իհարկե, շարունակական աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգերով գնումներով պատվիրատուների շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Այսինքն` պատվիրատուների այն շրջանակը, որոնք թղթային են անում, աշխատանք է տարվում նրանց եւս էլեկտրոնայինի դաշտ ներգրավելու: Համեմատաբար խոշոր գնումներ անողներն այսօր էլեկտրոնային գնումների համակարգով են: Այն կատեգորիաները, որոնք թղթային տարբերակով են, նրանք հիմնականում պետական ոչ առեւտրային կազմակերպություններն են, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնց գնումները համեմատաբար, նախահաշիվների արժեքների տեսակետից փոքրարժեք են: Բայց աշխատանք է տարվում նրանց եւս այս համակարգ ընդգրկելու: Մի կարեւոր հանգամանք կա. էլեկտրոնային համակարգերով մասնակցելու դեպքում մասնակցության վճար, որպես այդպիսին, սուբյեկտներից մենք չենք գանձում: Կան երկրներ, որտեղ դա վճարովի է, մեզ մոտ դա չկա, պետությունն ինքն է վճարում: Դա եւս բավարար խթան է, որպեսզի առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծախսելու մասնակցեն այդ ընթացակարգերին:

Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ասեմ, որ նախաձեռնված է այդ գործընթացը, եւ այն, ըստ էության, մենք բաժանել ենք երեք պայմանական խմբերի: Մի խումբը պատվիրատուներն են, երկրորդ խումբը քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններն են, երրորդ խումբը որոշակի կատեգորիայի բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններ են` արդյունաբերողների եւ գործարարների միություն, ՏՏ ոլորտ եւ այլն: Մենք դիմել ենք երեք մեր այդ գործընկերներին, խնդրել ենք տալ առաջարկներ` ինչ կարգի փոփոխություններ պետք է իրականացնել համակարգում, որպեսզի մենք շարունակենք բարձրացնել գնման ընթացակարգերի կազմակերպման եւ դրա արդյունքում ստացվող պայմանագրերի արդյունքների արդյունավետությունը: Մենք խնդրել ենք մինչեւ օգոստոսի 15-ը մեզ տրամադրել այդ առաջարկությունները` իրենց համապատասխան հիմնավորումներով:
Մինչեւ օգոստոսի վերջ կամփոփենք, եւ կսկսվեն ավելի առարկայական եւ բովանդակային քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

03.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031