Հայաստանում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Արմեն Գեւորգյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը): Այդ մասին քիչ առաջ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Համաձայն «Վիքիլիքսի» հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինս դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»:
Դա ծանր հանցանք է եւ մինչեւ 6 տարվա ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը ստորագրությունն է՝ չհեռանալու մասին՝ նաեւ ասաց Սասուն Խաչատրյանը:
Ճնշում գործադրած մյուս պաշտոնյայի մասին Սասուն Խաչատրյանը ոչինչ չասաց:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Wikileaks կայքը գաղտնազերծել էր Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Վալերի Պողոսյանի զրույցի մասին:
Փաստաթուղթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։
«ՍԵՂՄԱԳԻՐ
Գ1. Մարտի 6-ի ուշ երեկոյան Վալերի Պողոսյանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի ինը դատավորներից մեկը, գաղտնի կապ է հաստատել դեսպանատան հետ՝ իր տանը հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով։ Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտի 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը։ Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ, ինչպես նաեւ իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից։ Դատավորը նշեց, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն» եւ ավելացրեց, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետեւանքներ»։ Նա զգուշացրեց, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին եւ կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որեւէ հույս։
ԿԵՂԾՎԱԾ ՎՃԻՌ
Գ2. Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի երեկոյան գաղտնի կապ է հաստատել դեսպանատան հետ՝ հանդիպում խնդրելով իր տանը։ Պողոսյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի 9 անդամներից մեկն է, ով դատարանի առաջին նշանակված անդամներից է դեռեւս 1996թ-ից։ Դատարանն այժմ քննում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) ներկայացված բողոքը, որը պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները։ ԼՏՊ-ն պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են եւ որ պետք է կայանան նոր ընտրություններ։ Վիճելի նախագահական ընտրություններում ԼՏՊ-ն երկրորդն էր ձայների 21.5%-ով, մինչդեռ վարչապետ եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ստացավ 52.8%, որը բավարար էր ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար։ Վիճելի արդյունքներն առաջ բերեցին 11-օրյա բողոքի ցույցեր ԼՏՊ-ի համակիրների կողմից, որը մարտի 1-2-ին ավարտվեց իրավապահ մարմինների հետ արյունալի բախումներով եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրությամբ։
Գ3. Թույլ եւ մռայլ տեսք ունեցող Պողոսյանը ներողություն խնդրեց դեսպանատան պաշտոնյաներից կապ հաստատելու համար, սակայն նշեց, որ իր մտահոգություններով գնալու այլ տեղ չուներ։ Նա բացատրեց, որ դեսպանատան հետ կապ է հաստատել, քանի որ նա գիտի, «թե ինչ արժեքներ է դավանում Ամերիկան»։ Նա հայտնեց, որ նախագահ Քոչարյանը որոշել է, թե ինչպիսին պետք է լինի մարտի 8-ին սպասվող ՍԴ որոշումը, որը պետք է մերժի ԼՏՊ-ի բողոքը։ Պողոսյանը նշեց, որ մարտի 4-ին՝ ԼՏՊ-ի բողոքի լսման նախօրյակին, իրեն զանգահարել եւ պահանջել է ներկայանալ նախագահական նստավայր մեկը, ով հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից։ Սկզբում ցնցվելով զանգից, այնուհետեւ նա ծիծաղել է զանգահարողի վրա, ապա մերժել պահանջը։ Այդ երեկոյան իր գրասենյակ կատարված մյուս զանգերը նա արհամարհել է։
Գ4. Պողոսյանը հայտնեց, որ իր կոլեգաներից առնվազն երեքը մարտի 4-ի առավոտյան արձագանքել է նախագահականից հնչած նույնատիպ պահանջներին, սակայն ինքը դա ապացուցել չի կարող։ Նա նշեց, որ այդ տեղեկատվությունը ստացել է վստահելի աղբյուրներից, որոնք նախագահական նստավայրում այդ օրը տեսել են ՍԴ այդ անդամներին։ Նա նաեւ նշեց, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, ով նույնպես այնտեղ է աշխատում, եթե նա չկարողանա համոզել Պողոսյանին ներկայանալ։ Պողոսյանը, ով վերջին երեք օրերին դատարանի կողմից քննվող բողոքի հարցով նիստերին չի ներկայացել եւ արդյունքում չի կարող մասնակցել վերջնական որոշման կայացմանը, ասաց, որ բացակայությունների պատճառ է հանդիսացել իր հիվանդ լինելը, սակայն վստահեցրեց, որ նույնիսկ առողջ լինելու պարագայում ինքը չէր մասնակցի նիստերին։
Գ5. Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը սակայն «արհամարհվել է» նրանց կողմից։ Նա նաեւ հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ իր որդու՝ Տիգրան Բալայանի ԱԳՆ խոսնակ նշանակվելու միջոցով (նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքից հեռացվել էր 5 այլ դիվանագետների հետ, ովքեր հրապարակայնորեն քննադատել էին իշխանությունների կողմից ընտրական գործընթացների խախտման դեպքերը)։
Պողոսյանը նշեց, որ հարցի հետ կապված իր դիրքորոշումը եւ բացակայությունը նիստերից կարող են անձնական հետեւանքներ ունենալ իր համար հետագայում, սակայն չմանրամասնեց, թե ինչպիսիք կարող են դրանք լինել։ Այնուամենայնիվ նա հավաստեց, որ ունի «հիմքեր վախենալու համար»։ Նա նաեւ նշեց, որ եթե չլիներ իրենց վրա բանեցվող ճնշումը, ՍԴ անդամներից գրեթե բոլորը կվճռեին ԼՏՊ-ի օգտին։
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ «ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»
Գ6. Պողոսյանը պնդեց, որ դատարանի կեղծված վճիռը կարող է «կատալիտիկ» դեր խաղալ գոյություն ունեցող լարվածությունը բորբոքելու եւ նոր բռնությունների հանգեցնելու հարցում։ Նա ասաց, որ այժմ Հայաստանում առկա է «բացարձակ բռնապետություն», որտեղ անհնար է խնդիրները լուծել իրավական միջոցներով։ Նա նաեւ ասաց, որ իշխող ռեժիմի պատճառով ստեղծված ներկայիս «բարոյական եւ հոգեբանական» մթնոլորտը, արտակարգ դրությունը եւ դրա սահմանած շատ խիստ սահմանափակումները Սահմանադրական դատարանին դրել են հսկայական ճնշման տակ, որը ստիպում է վերջինիս հետեւել իշխանությունների ցուցումներին։
Գ7. Պողոսյանը նշեց, թե ակնհայտ է, որ իշխանությունները մտադրված են իրավիճակից դուրս գալ՝ գործի դնելով վախի տակտիկան եւ ռեպրեսիան։ Որպես օրինակներ նա նշեց իշխանությունների կողմից մարտի 1-ին ցուցարարների բռնի ցրումը եւ դրան հետեւած արյունահեղության հովանավորումը, ցուցարարների եւ ԼՏՊ-ի համակիրների ձերբակալությունները, ապօրինի դատավարությունները (ակնհայտորեն նկատի ուներ անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների դեպքը եւ Սահմանադրական դատարանում լսվող բողոքի բնույթը), նախագահի թշնամական հարձակումները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, ով քննադատական զեկույց էր հրապարակել իշխանությունների կողմից իրավիճակին ցուցաբերած արձագանքման մասին։ Պողոսյանը պնդեց, որ այս ամենը նպատակ ունի, այն է` «վախ սերմանել» ռեժիմի իրական ընդդիմադիրների եւ ապագա հակառակորդների շրջանում։ Նա ասաց, որ նախագահը չի հանդուրժում այլախոհություն եւ մարդկանց տարբերակում է իրեն «կողմ կամ դեմ» լինելով։
Գ8. (C) Պողոսյանը ասաց, որ չնայած վախի այն մթնոլորտին, որ իշխանությունները փորձում են ստեղծել, հասկանալի է, որ ԼՏՊ-ն կարող է հարյուր հազարավոր կողմնակիցների դուրս բերել փողոց արտակարգ դրության վերացումից հետո։ Այս դեպքում նա չբացառեց այն սցենարը, որտեղ իշխանությունները կերկարացնեն արտակարգ դրությունը, եթե զգան, որ իրենց դիրքերը թուլանում են։ Նա նաեւ նշեց, որ իշխանությունները բավականաչափ լկտի են, որպեսզի իրականացնեն ԼՏՊ-ին ձերբակալելու իրենց սպառնալիքը՝ անկախ այն բանից, որ դրա համար չունեն իրավական հիմքեր։ Սակայն «նրանք կարող են անել ինչ ուզում են», ավելացրեց Պողոսյանը։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՉՔԱԹՈՂ ՄԻ ԱՐԵՔ – ՎՏԱՆԳՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գ9. Պողոսյանն ասաց, որ նրան հանգստացրել էին պետդեպարտամենտի կողմից արված հայտարարությունները, որոնք մատնանշում էին նախագահական ընտրություններում տեղ գտած խնդիրները եւ նաեւ ողջունեց նախորդ շաբաթ տեղի ունեցած բռնություններին հետեւած միջազգային հանրության բոլոր խիստ հայտարարությունները։ Սակայն նա զգուշացրեց, որ «բոլոր այս հայտարարությունները կարող են ոչինչ չարժենալ», եթե դատարանի վճռից հետո միջազգային հանրությունը աչքաթող անի իշխանություններին։ Նա լրջորեն ընդգծեց, որ դատարանի որոշման ճանաչումը որպես ընտրության վերաբերյալ վերջին խոսք կլեգիտիմացնի ռեժիմի կողմից իրականացված կեղծիքները։ Իսկ ավելի վատ, ըստ Պողոսյանի, կլինի այն անդառնալի վնասը, որն այդ որոշման ճանաչման եւ ռեժիմին աջակցելու արդյունքում կհասցվի Հայաստանին։ Նա պահը նկարագրեց որպես որոշիչ, որտեղ օդում կախված են ժողովրդավարության մարող հույսերը։
ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Գ10. Հանդիպման ընթացքում Պողոսյանը նշեց, որ 1990-ականներին տարբեր ժամանակահատվածներում նա Հայաստանում ղեկավարել է Ազգային անվտանգությունը եւ ոստիկանությունը։
Դեսպանատան պաշտոնյաներն այնուհետեւ նրան հարցրել են բռնություններից հետո պտտվող չհայտարարված մահվան դեպքերի եւ այն մեղադրանքների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բերվել են բանակի ստորաբաժանումներ։ Նա ասաց, որ այն տեղեկատվությունը, որն իրեն հասու է այն բանի շնորհիվ, թե ով է նա նախկինում եղել, հուշում է, որ դրանք ամբողջությամբ անհիմն չեն։
Նա ասաց, որ տեղեկատվություն ունի այն մասին, որ մահացություններն իշխանությունների կողմից կրճատվել են եւ որ որոշ ընտանիքների ստիպել են ստորագրել կեղծ մահվան վկայականներ՝ նախքան նրանց թույլ տալը վերցնել իրենց հարազատների մարմինները։ Նա ասաց, որ ոչինչ բացառված չէ՝ նկատի ունենալով ռեժիմի էությունը։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Գ11. Մենք հնարավորություն չունենք հաստատելու ՍԴ անդամ Պողոսյանի մեղադրանքները, սակայն ինքնին խոսուն է այն փաստը, որ Հայաստանի ամենաբարձր աստիճանի հանրային ծառայողներից մեկը մեզ հետ այս կերպ կապ հաստատեց։ Պողոսյանը ՍԴ անդամ է նշանակվել ԼՏՊ-ի իշխանության ժամանակ եւ չնայած որ նա չէր թաքցնում իր քաղաքական հայացքները, հնարավոր է, որ վերջին քաղաքական իրադարձությունները ազդեցություն են ունեցել նրա տեսակետների վրա։ Սա նշելով հանդերձ՝ նրա մտահոգությունները թվացել են անկեղծ, իսկ դեսպանատան պաշտոնյաները ստացել են այն տպավորությունը, որ նա գործում էր զուտ իր երկրի հանդեպ հայրենասիրությունից դրդված։
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Գ12. Վալերի Պողոսյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Հայաստանում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա, տիրապետում է հայոց եւ ռուսաց լեզուներին։ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 1996թ-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից դատարանի անդամների առաջին նշանակումների ժամանակ։ 1991-92թթ-ին եղել է ներքին գործերի նախարար, իսկ 1992-93թթ-ին՝ ոստիկանության պետ (կամ Ազգային անվտանգության պետական վարչություն)։ 1993-96թթ-ին եղել է Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական, որը նշանակում է, որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո երկրորդ մարդն է եղել այն կառույցում, որն այսօրվա հայկական խորհրդարանն է։ Պողոսյանն ունի գիտական նախապատմություն։ 1961-66թթ-ին ֆիզիկա է ուսումնասիրել Երեւանի պետական համալսարանում, որտեղից 1974թ-ին ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա քաղաքագիտության, ժողովրդավարության եւ իրավաբանության, մարդու իրավունքների եւ սահմանադրական իրավունքի մասին գրքերի հեղինակ է։ Այժմ դասավանդում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ, ինչպես նա հայտնեց դեսպանատան պաշտոնյաներին, իր դասը միշտ սկսում է Ամերիկայի անկախության հռչակագրի դասավանդմամբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Ռուբեն ՇԱՀԻՆՅԱՆԻ