«Արյունաբանական կենտրոնը շատ մասնաշենքեր ունի, վերոնշյալ մասնաշենքը գտնվում է կենտրոնի տարածքից հեռու: Այն ժամանակին եղել է Ֆիզիկայի ինստիտուտի տրամադրության տակ՝ կիսաքանդ վիճակում: Ֆիզիկայի ինստիտուտից հետ է բերվել Արյունաբանական կենտրոն, քանի որ շահագործելն այդ շենքի շահավետ չի եղել, ուղարկվել է պետական գույքի կառավարմանը:
Պետգույքը դրել է մասնավորեցման»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը՝ հաստատելով, որ այդ գույքն ինքը աճուրդով գնել է:
Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։
Նախարարի խոսքով, աճուրդներն արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի։ Աճուրդներից մեկն էլ չեղյալ է արվել:
Ըստ Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենի՝ «Ինչպես նշել է նախարարը 7 անգամ աճուրդ է եղել եւ ոչ մի մասնակից չի եղել, աճուրդներից մեկում մեկ մասնակից է եղել, որը ցանկացել է այդ գույքը ձեռքբերել, բայց քանի որ լրիվ անմխիթար վիճակում է եղել, նույնպես հրաժարվել է եւ չեղյալ է հայտարարել աճուրդը, թե ինչ ձեւով՝ տեղյակ չեմ:
Դրանից հետո, քանի որ գինը շատ իջել է եւ գինը նպատակահարմար է եղել, վճարել եմ նպատակ ունենալով այն վերականգնել եւ այնտեղ որոշակի գործընթացներ ծավալել»:
Նախկին տնօրենի խոսքով, ֆինանսների բացակայության պատճառով այժմ այն դեռեւս գտնվում է անմխիթար վիճակում. «Մի փոքր հատվածն է վերանորոգվել, եւ մի փոքր մասը տրվել է ՍՊԸ-ի վարձակալության, որն իրականացնում է ինչ-որ գործունեություն»:
Ինչ վերաբերում է Արյունաբանական կենտրոնի մատակարարումներին, ապա, ըստ նախկին տնօրենի, այդ մատակարարումներն իրականացվել են օրենքով սահմանված կարգով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ