Հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսելով շաքարավազի, բենզինի եւ բանանի շուկաների մասին, խոստովանել է, որ մինչեւ վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են:
Այս քննարկման ժամանակ Շաբոյանը նույն բանն ասել է բանանի շուկայի վերաբերյալ, նշելով՝ մինչեւ վերջերս բանանի շուկայում 90%-ը պատկանում էր մեկ ընկերության եւ դրա հետ փոխկապակցված ընկերություններին, վերջին 2 ամիսներին էապես ավելացել է բանան ներմուծող ընկերությունների եւ ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ:
Մինչ այս, տարիներ շարունակ Շաբոյանը բազմաթիվ անգամ հանրությանը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս ԱԺ պատգամավոր էր, հավաստիացնում էր, թե շաքարավազի շուկայում մի քանի խաղացողներ կան: Անգամ համացանցում, եթե փնտրեք՝ Շաբոյան, շաքարավազ, բանան, հարյուրներով նյութեր կգտնեք՝ «Արտակ Շաբոյան. Շաքարավազի, բանանի շուկայում մենաշնորհներ չկան», «Հայաստանում մենաշնորհներ չկան» վերնագրերով:
2013 թվականին ապրիլի 8-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը Շաբոյանից հետաքրքրվել էր՝ «Կարո՞ղ եք բացատրություն տալ այդ երեւույթին, որ մի ընկերություն տարիներով այս շահութաբեր շուկան զբաղեցնում է 99%-ով»: Խոսքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս գրիգի» մասին է: Նույն օրը, նույն ամբիոնից Շաբոյանը Փաշինյանին հավաստիացրել է. «Նախ ասեմ, որ մեր երկրում մենաշնորհներ չկան»: Որպես իր ասածների հիմնավորում, Շաբոյանը օրինակ է բերել «Գրանդ Քենդի» եւ «Կոկա կոլա» ընկերություններին, որոնք եւս շաքարավազ են ներմուծում Հայաստան: Ապա Փաշինյանը հակադարձել էր՝ «Ցույց տվեք մի խանութ, որտեղ վաճառում են այդ ընկերությունների ներմուծած շաքարավազը»: «Ալեքս գրիգի» գերաշահույթների մասին էլ Շաբոյանն ասել էր՝ վաճառքի գները գտնվում են հնարավոր նվազագույն մակարդակի վրա. « Ես չեմ կարող պատկերացնել, որ երկրորդ ընկերություն լինի, որը ներդրումներ իրականացնի այդքան եւ կարողանա արտադրել»:
5 տարի առաջ Շաբոյանը չէր պատկերացնում, բայց ընդամենը մի քանի օր առաջ նա Փաշինյանին զեկուցել է. «Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն` գինը նվազել է 16 տոկոսով»:
2015 թվականի մայիսի 25-ին, կրկին ԱԺ-ում, Շաբոյանը ՀԱԿ անդամ Լեւո Զուրաբյանի հարցին ի պատասխան է ասել՝ «շաքարավազի շուկայում օրենքով մենաշնորհ չկա»: Նույն օրը կրկին ԱԺ-ում Փաշինյանը Շաբոյանից հետաքրքրվել էր՝ «Ձեր կարծիքով՝ ի՞նչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ Հայաստան ներկրում է շաքարավազ 1 անձ եւ այդ անձը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է … Եվրոպայում՝ Ավստրիայի խանութներում բանանը վաճառում են 500 դրամով, Երեւանում՝ 1300 դրամով: Ի՞նչ կապ ունի այս փաստը մամուլում շրջանառվող այն լուրերի հետ, որ ՀՀ-ում կա բանանի ներկրման մենաշնորհ եւ դրան տիրապետում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ձեր ղեկավարած մարմինն այս փաստերն ուսումնասիրե՞լ է եւ արե՞լ է համապատասխան հետեւություններ: Առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող Հայաստան բանան ներկրել եւ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող ՀՀ-ում շաքարավազ ներկրել»: Այս հարցերին ի պատասխան Շաբոյանը արդարացրել էր «Ալեքս գրիգին», ասել, որ «Քեթրին գրուպին» տուգանել են, ապա վստահեցրել՝ շաքարավազի մուտքի խոչընդոտներ այլ տնտեսվարողների համար չկան.«Նախեւառաջ, ձեր հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Դրանք անիմաստ են եւ անհեթեթ»: Ապա` Փաշինյանը հակադարձել է՝«…Եթե դուք ձեր ելույթին հետեւեք կողքից, ընդհանրապես այս ամբիոնից ինչ եք խոսում, դուք այն ժամանակ կիմանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է…»: Շաբոյանը նույնպես հակադարձել է Փաշինյանին.« Ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները եւ լինել չափի մեջ: Ես ձեզ կոչ եմ անում խոսել տնտեսագիտության լեզվով, ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել»:
Բանանի ներկրման մենաշնորհի ու մուտքի խոչընդոտների մասին հարցերին, Շաբոյանը պարբերաբար վստահեցրել է՝ Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպից» բացի, եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք ավելի էժան բանան կբերեն, ապա կարող են անել: Մինչդեռ, մինչեւ իշխանափոխությունը, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր, նախկին իշխանությունները կրկին հայտարարել էին, որ բանանի ներկրման որեւէ խոչընդոտ չկա, օրեր հետո փոքր խմբաքանակով բանան ներկրած գործարարին սպառնացել են՝ այլեւս նման չանի:
Հետաքրքիր է՝ Փաշինյանը 3 օր առաջ տեղի ունեցած այդ խորհրդակցությանը Շաբոյանին հիշեցրե՞լ է՝ «բա ասում էիք՝ մենաշնորհներ չկան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
390 – 285 = 105
105 * 100 / 390 = 27%
27% = 16% —- ????????