«Լիդիան ինթերնեյշնլը» ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքում ճանապարհների անօրինական փակումը դեռևս շարունակվում է՝ ազդելով շինարարության վրա։ Ընկերությունը հայտարարել է նաև, որ իր գլխավոր վարկատուները համաձայնել են երկարաձգել վարկերի սկզբնական մարման ժամկետը մինչև 2018թ․ օգոստոսի 15-ը՝ մինչև Ամուլսարի ծրագրի շինարարության և գործարկման ավարտի համար ֆինանսավորման գործիքների համապարփակ վերանայման գործընթացի ավարտը։
Տեղեկատվություն շինարարության մասին
Ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով հունիսի վերջից Լիդիանն ու իր կապալառուները զրկված են Ամուլսարի տեղամաս մուտք գործելու հնարավորությունից։ Շրջափակումը դադարեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ուղղված ցուցարարներին անարդյունք է եղել։ Լիդիանն ու այլ շահագրգիռ կողմերը շարունակում են դիմել տեղական և պետական մարմիններին անօրինական գործողությունները դադարեցնելու պահանջով, ինչը թույլ կտա Ընկերությանը վերսկսել շինարարությունը։ Մինչ այժմ պետական մարմինները որևէ կերպ չեն արձագանքել այդ դիմումներին։
Հուլիս ամսին Լիդիանը կառավարությանը տեղեկացրել է, որ շինարարական գործողությունների դադարեցման պայմաններում ի վիճակի չի լինելու իրականացնել ընթացիկ ծախսերը։ Կառավարության անգործությանն ի պատասխան, Լիդիանն ընկերության աշխատակազմի մոտ 30%-ին՝ 100 աշխատակիցների, ծանուցել է աշխատանքային պայմանագրերի դադարեցման մասին։ Աշխատակիցների փուլային կրճատումները կշարունակվեն մինչև խնդրի վերջնական լուծումը։ Շինարարության մեջ ներգրավված բոլոր կապալառու ընկերությունները գտնվում են պարապուրդի մեջ, ինչն իր հերթին բացասական հետևանքներ է բերում կապալառուների ևս 1000 աշխատակիցների համար։ Ընկերությունը ներկայումս բանակցում է կապալառուների հետ՝ ծախսերի նվազեցման, և, շրջափակման դադարեցման դեպքում, շինարարական գործողությունների անհապաղ վերսկսման շուրջ։
Ընկերության հաղորդագրությունը մեջբերում է Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարելոյին, – «Լիդիանը շարունակում է առաջնորդվել պատասխանատու հանքարդյունաբերության և թափանցիկության սկզբունքներով։ Ցավալի է, որ ներկայիս անօրինականության հետևանքով տուժում են շրջակա համայնքները և ավելի քան 1300 աշխատողներ ու կապալառուներ։ Ընկերությունը և բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են կառավարությունից ակնկալել խնդրի շուտափույթ ու համարժեք լուծում։ Այս զարգացումների բացասական ազդեցությունը կրում են Ծրագրի տարբեր շահագրգիռ կողմերը, ինչի պատճառով ուշացումներով պայմանավորված ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է գտնել հարցի արագ լուծում»։
Վարկային պայմանների վերանայում
Լիդիանը փորձում է հասնել գործող ֆինանսավորման գործիքների համապարփակ ռեստրուկտուրիզացիայի՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության և գործարկման փուլերը ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայման հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են, և Լիդիանը ակնկալում է լուծումներ մոտ ապագայում:
Մինչ այդ, հիմնական վարկատուները համաձայնել են հետաձգել նախնական մարման ժամկետը 2018թ․ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 15-ը։ Ի լրումն, AB Svensk Exportkredit և CAT Financial ընկերությունները երկարաձգել են վարկային միջոցների հասանելիության ժամկետները համապատասխանաբար մինչև 30 սեպտեմբերի 2018թ․ և 30 սեպտեմբերի 2019թ։ ։
Պրն․ Կարելոն հավելել է, – «Orion, Resource Capital Funds, Osisko, AB Svensk Exportkredit և Cat Financial ընկերությունները ֆինանսավորման հարցում բացառիկ աջակցություն են ցուցաբերել Լիդիանին։ Մենք հույս ունենք, որ փոփոխությունները շուտով վերջնական տեսքի կբերվեն, սակայն բազմաշերտ բարդ փոխկապակցվածությունները ենթադրում են լրացուցիչ ժամանակ դրանց իրականացման համար։ Մենք բարձր ենք գնահատում AB Svensk Exportkredit և Cat Financial ընկերությունների, ինչպես նաև մեր հիմնական վարկատուների կողմից ժամկետների երկարաձգման վերաբերյալ որոշումը՝ մինչ մենք վերջնականացնում ենք անհրաժեշտ փոփոխությունները»։
Lydian Armenia CJSC
Լուսանկարը՝ Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջից