Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչու՞ էր լռում Լավրովը 2008թ. մարտի 1-ից հետո. Deutsche Welle

Օգոստոս 03,2018 17:44

Սերգեյ Լավրովը (իսկ իրականում Վլադիմիր Պուտինը) սուր քննադատեց դաշնակից Հայաստանի կառավարությանը: Ռուսաստանի արտգործնախարարի ցասումն էր առաջացրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, ինչպես նաև նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի (նա այժմ գտնվում է հետախուզման մեջ) և Հայաստանի նախկին գլխավոր շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ գործ բացելու հանգամանքը, գերմանական Deutsche Welle պարբերականում գրում է ռուս լրագրող Կոնստանտին Էգերտը:

Խաչատուրովին գրավի դիմաց ազատ են արձակել: Բայց միայն քրեական հետապնդման փաստը ՀԱՊԿ նոմինալ ղեկավարի դեմ Մոսկվայում ցասման նոպայի տեղիք է տվել: Լավրովի հայտարարությունը դրանում կասկած չի թողնում: «Այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում ԱՊՀ տարածությունում կազմակերպությունների բնականոն աշխատանքի տեսանկյունից»,- ասել է նա: Նախարարը քննադատության է ենթարկել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քաղաքական հակառակորդներին չհետապնդելու պայմանավորվածությունը խախտելու համար:

Լավրովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ամրապնդել «ազգային միասնությունը» և «կայունությունը»: Նույն Լավրովը սակայն, մտահոգություն չէր հայտնում, երբ 2008թ. մարտին նախագահ Քոչարյանին հավատարիմ ոստիկանությունը և զինվորականները ցրեցին ընդդիմության ցույցը Երևանում: Նրանք սպանեցին մի քանի ցուցարարների, իսկ մի քանի հայտնի ընդդիմադիրներ հայտնվեցին բանտում: Նրանց թվում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանի և Սարգսյանի կողմից ընդդիմության հետապնդման մասին ոչ մի բողոք ո՛չ Կրեմլը, ո՛չ Սմոլենսկի հրապարակը տասը տարի առաջ չարտահայտեցին, գրում է հոդվածի հեղինակը:

Այսօր Հայաստանն ավելի քան 20 տարի ղեկավարող «ղարաբաղյան կլանի» համար եկել է հաշվեհարդարի ժամը: Արդյոք Փաշինյանի գործողություններում անձնական վրեժխնդրության տարր կա՞: Հավանաբար այո: Արդյոք Քոչարյանին և գեներալներին քրեական հետապնդման համար իրական պատճառ կա՞: Անկասկած: 2008թ. նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում ակնհայտորեն առաջ մղեցին Սերժ Սարգսյանին, և դրանց հաջորդած ցույցերը միանշանակ քննության արժանի են: Արդյոք այն անաչառ կլինի՞: Դժվար է ասել, բայց առանց առավելագույն հանրային հնչեղության՝ Հայաստանում դարի այդ գործընթացը այլ կերպ հնարավոր չէ անցկացնել:

Քոչարյանն ու Սարգսյանը բազմաթիվ համակիրներ ունեն, կա խմբակցություն խորհրդարանում, կան համախոհներ ԶԼՄ-ներում: Լսումները կդառնան կարևոր քննություն հայկական ժողովրդավարության համար՝ սկսած 1991թ. անկախություն ձեռք բերելուց: Այդ ոգով է արտահայտվել ԱՄՆ պետքարտուղարությունը: Այնտեղ հիշեցրել են, որ միշտ կոչ են արել անկախ և անաչառ հետաքննություն անցկացնել 2008թ. իրադարձությունների վերաբերյալ, և հույս են հայտնել, որ ամեն ինչ կընթանա «արդարադատության միջազգային չափանիշներին» համապատասխան:

Կրեմլը զայրացած է

Պաշտոնական Մոսկվան զայրացած է: Նախ, իր արբանյակների, թեկուզ և նախկին, դատական հետապնդման փաստն ինքնին ընկալվում է որպես քաղաքական մարտահրավեր հայկական քաղաքականության մեջ Ռուսաստանի գերիշխող դիրքորոշման նկատմամբ: Երկրորդ, դատական քննությունները միանգամայն կարող են քննարկումներ երևան հանել 2008թ. ցույցերը ճնշելու գործում Կրեմլի դերակատարության մասին: Հազիվ թե Քոչարյանը լռի: Նրա համար պաշտպանական գծերից մեկը թերևս կլինի վկայակոչել Պուտինի կողմից ճնշումները: Երրորդ, Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ձեռնարկված հակակոռուպցիոն արշավը գնալով ավելի շատ է անհանգստացնում ռուսական պետությանը:

Կրեմլի համար կոռուպցիան հետխորհրդային տարածությունում ազդեցությունը պահելու ամենագլխավոր մեթոդներից մեկն է: Ինչպես ժամանակին ցույց տվեց Վրաստանի օրինակը՝ հանձնին Միխեիլ Սաակաշվիլիի, ներքին քաղաքականության փոփոխությունը բավականին արագ սկսում է ազդել, թեկուզ և ոչ ուղղակիորեն, պետության արտաքին քաղաքական կողմնորոշման վրա: Որքան մաքուր է բյուրոկրատիան, և թափանցիկ է կառավարումը, այնքան շատ են օտարերկրյա ներդրումները, այնքան բազմազան են դառնում արտաքին կապերը, գրում է Էգերտը:

Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ. Հայաստանն այդ դաշինքին միանալու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ շանսեր: Ինտեգրման ցանկացած քիչ թե շատ լուրջ փորձ կարգելափակվի Թուրքիայի կողմից: Հայաստանի անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է Ռուսաստանից: Դրա հետ չի վիճում նաև Նիկոլ Փաշինյանը: Մոսկվա կատարած այցի ժամանակ նա գովերգական ներբող կարդաց առ ՀԱՊԿ և Մաքսային միություն: Սակայն Հայաստանի վարչապետն էլ ունի իր առաջնահերթությունները: Նրանից պահանջում են պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության, ներդրումների վերածնունդ: Վստահության մանդատը, որը նա ստացել է գարնանը- կարող է արագ ավարտվել:

Կայունություն ռուսական ձևով

Բայց Կրեմլին դա էլ չի գոհացնում: Հայաստանի հարցում միայն արտաքին քաղաքական լոյալությունը բավարար չէ: Նրան պետք է լիարժեք վերահսկողություն և այն յուրօրինակ մոսկովյան «կայունությունը», որն ապահովվում է ստվերային պայմանավորվածություններով, քաղաքական ընդդիմադիրների հետապնդումներով և անդրսահմանային կոռուպցիայով: Ռուսաստանի ներկայիս ղեկավարությանը միանգամայն հարմար է այնպիսի Հայաստան, որը նաև հենվում է Ռուսաստանի սփյուռքից եկող դրամական փոխանցումների վրա:

Ռուսամետ տրամադրված հայերի հույսերը, որ իրենց թույլ կտան մի փոքր հավաքել սեփական տունը, փշրվում են Մոսկվայից եկող արձագանքի վրա: Ռուսաստանի արտգործնախարարը հանդես է գալիս Բրիտանական Հնդկաստանի փոխարքայի ոգով՝ նյարդայնացած Ձերդ Մեծության կառավարության կողմից երջանկացած «բնիկների» «անշնորհակալ» վարքից:

Անգամ դաշնակիցների հետ հարգալից խոսելու ցանկության բացակայությունը պաշտոնական Մոսկվային կտանի նոր պարտությունների հետխորհրդային տարածությունում, և հնարավոր է, նաև այնպիսի երկրներում, որոնք այսօր համարվում են նրա դաշնակիցները: Բրիտանական Հնդկաստանը, եթե որևէ մեկը չի հիշում, իր գոյատևման ավարտը դրեց 1947թ., եզրափակում է Կոնստանտին Էգերտը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031