Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջերս ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ավելի լուրջ են սկսել վերաբերվել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը: Եթե նախկինում սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական ռազմական և կենդանի ուժի ուժեղացմանը հայկական իշխանություններն ոչ ադեկվատ վերաբերմունք էին ցուցաբերում, ապա այսօր դրան վերաբերվում են ամենայն լրջությամբ: Ավելին, Արցախի իշխանությունների հետ միասին ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ նոր պատերազմը կանխելու համար:
Բայց Մինգեչաուրի ՋԷԿ տեխնոգեն կատաստրոֆան և Գյանջայի իսլամիստական դեպքերը ժամանակի առումով հետ գցեցին Ադրբեջանի, Թուրքիայի և իրենց դաշնակիցների մտադրությունները՝ ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծումը: Այսօր, չնայած սահմանին համեմատաբար հանգիստ է, սակայն ռազմական լուծումը չի կորցրել իր ակտուալությունը, մանավանդ որոշ «ընկերական» պետություններ կցանկանային պատժել Հայաստանի նոր իշխանություններին՝ նպատակ ունենալով կյանքի կոչել իրենց նպատակները:
Այսպիսով, ակնհայտ է երկու ինքնիշխան հայկական պետությունների դեմ Ադրբեջանի գլխավորությամբ միջազգային պրովոկացիայի սկիզբը: 2015 թվականի դեկտեմբերին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել եմ, որ սահմանին տիրող իրադարձությունները շատ նման են պատերազմի: Ես այդ մասին հայտարարել եմ նաև միջազգային հարթակներում: Շատերը ծիծաղում էին իմ հետևությունների վրա, սակայն եկավ 2016 թվականի ապրիլ ամիսը և մեր դեմ հանդես եկավ ագրեսորների միջազգային կոալիցիան՝ Ադրբեջանը: Միայն ամբողջ հայության համախմբվածության շնորհիվ այդ ագրեսիան ֆիասկո ապրեց:
Այսօր ես նույնն եմ ասում, այն ամենը, ինչ կատարվում է Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի սահմանի ողջ երկայնքով, լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախապատրաստում է, որը կարող է սկսվել արդեն օգոստոսին կամ սեպտեմբերին: Հնարավոր չէ, որ ագրեսորը ամեն օր միլիոնավոր դոլարներ ծախսի` համադրելի հայկական բանակի ամսական բյուջեին, միայն հակառակորդին ցուցադրելու համար:
Չեմ ուզում բնակչության մեջ տագնապ առաջացնել, ուղղակի բոլորին խնդրում եմ լինել զգոն, պատերազմը կարող է սկսվել օգոստոսին կամ սեպտեմբերին՝ ցանկացած օր: Հանուն մեր Ազատության, ողջ հայ ժողովրդի դարավոր երազանքի՝ տեսնել մեր Հայրենիքը արժանի և հզոր, կոչ եմ անում բոլորին մի կողմ թողնել ամեն տեսակ վիրավորանքները, համախմբվել Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ՝ կանխելու բարբարոսների հարձակումը: Իսկ Արցախի և Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում, քանի դեռ ուշ չէ, օգտագործել բոլոր ներքին և արտաքին մեխանիզմները կանխելու տարածաշրջանային կատաստրոֆան: Պաշտպանենք մեր Հայրենիքը միասին»: