ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձող հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականին:
Մարզիկներին դիմավորել են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիայի անդամները և բազմաթիվ մարզասերներ: Նախարար Վահրադյանը դափնեպսակներ է հանձնել Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանին, բրոնզե մեդալակիրներ, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանին, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանին, 77 կգ քաշային Վահե Պողոսյանին, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանին և հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին:
Հիշեցնենք, որ հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 4 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով գրավել 3-րդ տեղը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն