Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով պատրաստ կլինեն ԱԺ թանգարանը, լրագրողների համար նախատեսված մամուլի սրահը, նորացված կլինի ԱԺ գրադարանը

Օգոստոս 03,2018 16:14

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը:

Վրացի գործընկերներն Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել են խորհրդարանի շենքում: ՀՀ օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է խորհրդարանում ընթացող վերանորոգման աշխատանքները` նշելով, որ շուտով արդեն պատրաստ կլինեն ԱԺ թանգարանը, լրագրողների համար նախատեսված մամուլի սրահը, նորացված կլինի ԱԺ գրադարանը:

Այնուհետեւ Արա Սաղաթելյանը եւ Գիվի Միկանաձեն առանձնազրույցի շրջանակներում քննարկել են աշխատակազմերի ստորաբաժանումների տարբեր ձեւաչափերով երկարատեւ համագործակցության հնարավորությունները, անդրադարձել խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարեւորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական եւ օրենսդրական մշակումների հարցերում:

Արա Սաղաթելյանը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի հետ արդյունավետորեն համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես ավելի լայն՝ Արեւելյան գործընկերության, այնպես էլ զուտ տարածաշրջանային համագործակցության մակարդակներում: Այս համատեքստում Արա Սաղաթելյանը կարեւորել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության ուժեղացման եւ տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում: Նշելով, որ վրացական կողմն ունի խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագիր՝ Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ առկա է ՀՀ ԱԺ աշխատակազմին եւս այդ ծրագրում ներգրավվելու պայմանավորվածություն: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար կարող է ուսանելի լինել խորհրդարանական գրադարանի ստեղծման, ինչպես նաեւ օրենսդրական վերահսկողության վրացական փորձը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Վրաստանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի (ASGP) անդամ են եւ միջազգային մակարդակում կարող են հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ներկայացնելով ինչպես տարածաշրջանային կարեւորություն ունեցող, այնպես էլ իրենց երկրների ու խորհրդարանների աշխատակազմերի առաջնահերթ խնդիրները:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն նշել է, որ սեպտեմբերի 24-25-ը Վրաստանում կկայանա Արեւելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համաժողով, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Գիվի Միկանաձեի գնահատմամբ՝ միջոցառումը տարածաշրջանային մակարդակում գլխավոր քարտուղարների առավել սերտ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Այս համատեքստում վրացի գործընկերն Արա Սաղաթելյանին տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալը: Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որտեղ կամփոփվեն տարածաշրջանային երկրների միջեւ առաջիկա համագործակցության կարեւոր դիտարկումները: Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019 թվականին Քութայիսիում Արեւելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների համար կկազմակերպվեն ամառային եւ ձմեռային վերապատրաստման դասընթացներ, որոնք կանցկացնեն գերմանացի մասնագետները: Նրա գնահատմամբ՝ դա թույլ կտա զարգացնել ու խորացնել փոխգործակցությունն աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ եւ աշխուժացնել անմիջական շփումները: Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների օրենսդիր մարմինների բյուջետային գրասենյակների միջեւ փոխգործակցության զարգացման կարեւորությանը:

Գիվի Միկանաձեն ներկայացրել է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, անդրադարձել Վրաստանում օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին՝ կարեւորելով օրենսդրական մակարդակում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խորհրդարանական աշխատանքի կազմակերպման հարցում աշխատակազմերի գործունեության արդյունավետության բարձրացման եւ միջազգային մակարդակում միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը միշտ պատրաստ է իր կարողություններն ու ռեսուրսներն ի սպաս դնել խորհրդարանական համագործակցության առաջմղման համար թե՛ տարածաշրջանային եւ թե՛ միջազգային հարթակներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031