Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. Լիահույս եմ, որ հակառակ բոլոր փորձություններին` եզդի ժողովուրդը շարունակելու է ապրել, զարգանալ եւ արարել

Օգոստոս 03,2018 15:27

Օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի այդ օրը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Այդ կապակցությամբ այսօր Երեւանի Օղակաձեւ զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել եզդիական համայնքի, հասարակայնության ներկայացուցիչներ:

Օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը հավաքի մասնակիցներին ներկայացրել է խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Ուղերձում ասվում է.

«Սիրելի եզդիներ, հարգելի ներկաներ,

այսօր եւս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

Այդ հրեշավոր հանցագործության չորրորդ տարելիցի օրը հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանությունները ոչ միայն զորակցություն են հայտնում եղբայր եզդի ժողովրդին, այլեւ վերահաստատում են իրենց վճռականությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:

Սարսափելի է, բայց Հայոց ցեղասպանությունից հազիվ մեկ դար անց մի ողջ ժողովուրդ կիսեց արեւմտահայության ճակատագիրը եւ իր պատմական հայրենիքում ազգային ու կրոնական պատկանելության համար ենթարկվեց կոտորածների ու տեղահանության, ինչպես 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում դատարկվում էին Վասպուրականի, Էրզրումի, Մուշի, Կարսի եւ մյուս նահանգների եզդիական բնակավայրերը:

Մենք նույն ճակատագիրն ենք ունեցել` միասին հայրենիք ենք կորցրել, 1918-ի մայիսին Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հայրենիք ենք պաշտպանել ու կրկին Հայաստան կերտել: Այն մեր ընդհանուր տունն է, ուր բոլոր պայմանները ստեղծվել են եզդիների եւ Հայաստանում բնակվող մյուս ժողովուրդների բարօրության, զարգացման եւ ազգային ու մշակութային ինքնության պահպանման համար:

Ըստ այդմ, 2014 թվականին եզդի ժողովրդին պատուհասած դժբախտությանն առաջիններից մեկն արձագանքեց Հայաստանը եւ աշխարհի ամենաբարձր ատյաններում պահանջեց գործուն քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունը դադարեցնելու համար:

Իսկ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը 2018 թվականի հունվարի 16-ին ճանաչեց այն որպես ցեղասպանություն եւ իր համերաշխությունը հայտնելով եզդի ժողովրդին` պահանջեց միջազգային կառուցակարգերի միջոցով հետապնդել ու հետաքննել կատարված հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում ողջ եզդի ժողովրդին, կիսում ձեր վիշտը եւ խոնարհվում հազարավոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

Լիահույս եմ, որ հակառակ բոլոր փորձություններին` եզդի ժողովուրդը շարունակելու է ապրել, զարգանալ եւ արարել»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031