Լրահոս
Օրվա լրահոսը

«Զառա, Նառա, Կառա»-ն կօգնի՞, թե՞ կխանգարի. ինչպիսի՞ն են Երևանի քաղաքապետի թեկնածուների կերպարներն ու շանսերը

Օգոստոս 03,2018 14:57

Aravot.am-ը PR  խորհրդատու Հայկ Կիրակոսյանին խնդրեց վերլուծել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքապետի թեկնածուների ուժեղ, թույլ կողմերն ու գնահատել շանսերը:

Հիշեցնենք՝ Նաիրա Զոհրաբյանը գլխավորում է ԲՀԿ ցուցակը, Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  քաղաքապետի թեկնածուն է, Արարատ Զուրաբյանը գլխավորում է ՀՀՇ ցուցակը, Զարուհի Փոստանջյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն է: Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ էլ, եթե դաշինքով չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն  միասնական ցուցակով, և իրենց՝ քաղաքապետի թեկնածուն կլինի Արտակ Զեյնալյանը:

Նաիրա Զոհրաբյան. էմոցիոնալ քաղաքապետ

Նաիրա Զոհրաբյանի թույլ և ուժեղ կողմերը

Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ Նաիրա Զոհրաբյանի ուժեղ կողմն այն է, որ նա որոշակի համբավ ունի ԱԺ-ից, սակայն նրա համար որոշիչ են այն հսկայական ֆինանսական ռեսուրսները, որոնք ակնհայտորեն ԲՀԿ-ն նախատեսում է դնել, բայց իրավաչափության շրջանակներում. «Չեմ կարծում, որ անսահմանափակ բարեգործական լծակներ կլինեն, ինչ ժամանակին կար: Նաիրա Զոհրաբյանի մոտ թույլ և ուժեղ կողմերը նույնանում են մեկ հատկանիշի մեջ՝ էմոցիոնալ լինելը: Որպես ուժեղ դրսևորվում է, երբ ինքը տեղին է էմոցիաներին տրվում և հակառակը, երբ անպատեհ էմոցիոնալ պոռթկումներն ավելանում են և որպես կին քաղաքական գործիչ մի փոքր ավելի իր զայրույթն է արտահայտում: Դա կարող է հանրության մոտ նրա վարկանիշը նվազեցնել»:

Նաիրա Զոհրաբյանի շանսերը

Հայկ Կիրակոսյանը տիկին Զոհրաբյանի շանսերը բարձր չի գնահատում. «Նաիրա Զոհրաբյանի շանսերը որպես ապագա քաղաքապետ ես անձամբ բարձր չեմ գնահատում, քանի որ հինգ թեկնածուների մեջ ավելի մեծ շանսեր ունեցողներ կան թե՛ քաղաքական թիմի, թե՛ անձերի առումով»:

Ըստ Հայկ Կիրակոսյանի, եթե հանկարծ Նաիրա Զոհրաբյանը դառնա քաղաքապետ, նա կլինի էմոցիոնալ քաղաքապետ: Ի տարբերություն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որը սակավախոս էր, մենք անընդհատ կլսենք Նաիրա Զոհրաբյանի ձայնը:

Հայկ Մարության. ստեղծագործ քաղաքապետ

Հայկ Մարությանի թույլ և ուժեղ կողմերը

Ըստ PR խորհրդատուի՝ Հայկ Մարությանի հետ կապված՝ արագ տարածվող չակերտավոր խնդիրը, թե դերասան է, ինչպե՞ս կարող է դառնալ քաղաքապետ, անգամ շահեկան էր նրա համար, քանի որ դա այնքան թույլ փաստարկ էր, որ անգամ հենց նույն մարդիկ, որոնք օրեր առաջ ասում էին, թե դերասանն ինչ քաղաքապետ, երկու-երեք օր հետո հակառակում էին համոզվում. «Փոխարենը ուժեղ փաստարկներից իր ակտիվությունն է նախորդող ժամանակաշրջանում. 150 դրամների ակցիայի շրջանակներում  և այլ նախաձեռնություններում Հայկ Մարությանը միշտ նախաձեռնող էր: Զվարճալի էր երիտասարդական պալատի վերականգնման կետը, որը ոչ հերքվեց, ոչ հաստատվեց, բայց այս կետերը բավականին ադեկվատ էին, ու եթե անգամ իր թիմը չէր տարածել, ակնհայտորեն բավական ուժեղ PR ձեռագիր է զգացվում հօգուտ իրեն»:

Հայկ Կիրակոսյանը չի կարծում, որ Կառայի կերպարը խանգարում է Հայկ Մարությանին, հակառակը, դա էլ է օգտագործվում. Զառա, Նառա, Կառայի այդ կերպարները, որ տարածվում են, այս պահին ուղղակի ավելի պոպուլյար են դարձնում այդ երեք թեկնածուներին»:

Հայկ Կիրակոսյանը Հայկ Մարությանին բնութագրեց որպես ստեղծագործ քաղաքապետ. «Քանի որ ստեղծագործ մարդ է, և գիտեմ, որ կազմակերպչական մեծ ջիղ է գործադրում իր նախաձեռնություններում, ֆիլմարտադրության մեջ, ուստի ի դեմս նրա՝ ստեղծագործ քաղաքապետ եմ սպասում: Գուցե շատ չխոսի, հումոր, իհարկե, կլինի, բայց ստեղծագործական շտրիխ կավելանա մեր քաղաքում, որը մեզ հիմա պետք է»:

Արարատ Զուրաբյան. չափված-ձևված քաղաքապետ

Արարատ Զուրաբյանի թույլ և ուժեղ կողմերը

Ըստ PR խորհրդատուի՝ Արարատ Զուրաբյանի ուժեղ կողմը քաղաքական մեծ կեսափորձն է և տարբեր քաղաքական գործընթացներում եփված լինելը: Դառնալով թույլ կողմին՝ նշեց. «Թույլ կողմն այն է, որ մի տեսակ կարող է ընկալվել որպես հին շրջանի քաղաքական գործիչ: Արարատ Զուրաբյանը ֆեյսբուքում ամենաակտիվ գովազդվող քաղաքապետի թեկնածուն է: Կարծում եմ՝ մի քանի հարյուր հազար դոլարի գովազդ է դրված, քանի որ տարբեր էջերում հայտնվում է նրա էջը: Ենթադրում եմ, որ սա ուղերձ է՝ ՀԱԿ-ի ակտիվ քաղաքականություն նորովի մտնելու մասին»:

Գնահատելով Արարատ Զուրաբյանի շանսերը՝ Հայկ Կիրակոսյանն ասաց. «Քանի որ կա մի քիչ հին քաղաքական գործիչ լինելու հանգամանքը, իսկ մենք գիտենք, որ այս նոր շարժման, թավշյա հեղափոխության տանող ուժն ավելի շատ երիտասարդական գործոնն էր, այդտեղ ինքը ձայների խնդիր կունենա: Չնայած վերջիվերջո քաղաքապետին ընտրում է ավագանին, բայց համակրանքի առումով, ես կարծում եմ, հանրային համակրանքը կամ դեպի կանանց է ուղղված, կամ դեպի երիտասարդներին»:

Ըստ PR խորհրդատուի՝ Արարատ Զուրաբյանը կծավալի չափված-ձևված, համակարգված քաղաքապետի գործունեություն:

Զարուհի Փոստանջյան. համարձակ քաղաքապետ

Զարուհի Փոստանջյանի թույլ և ուժեղ կողմերը

Հայկ Կիրակոսյանի կարծիքով՝ Զարուհի Փոստանջյանի հաղթաթուղթն  իր ակտիվությունն ու համարձակություն է, որը նա դրսևորել է նաև Սասնա ծռերի, Սարի թաղի դեպքերի ժամանակ. «Հանգիստ կարող ենք ասել, որ նա կլինի համարձակ քաղաքապետ: Կին լինելու գործոնը կրկնապատկում է այդ համարձակությունը, քանի որ նման համարձակությամբ տղամարդ գործիչ մենք չֆիքսեցինք նշածս դեպքերում: Կոյուղաջրերի իրողությունը որքան էլ էսթետիկ առումով գեղեցիկ կամ տգեղ էր, այնուամենայնիվ, խնդիրը լուծվեց, և հետո դա դարձավ Զարուհի Փոստանջյանի համար որոշակի հաղթաթուղթ: Թույլ կողմն իր՝ շատ բռնկուն լինելն է: Այս առումով նման է Նաիրա Զոհրաբյանին, բայց նաև սեփական հավասարակշռությունից հեշտ դուրս գալը, հանգստության խնդիր ունի, ունի նաև խոսքի խնդիր: Չնայած գրագետ է խոսում, բառապաշարն է լավը, բայց միշտ չէ, որ իր խոսքը երկար լսելի է կամ ցանկալի հանրության համար: Արագ կարող են հոգնեցնել»:

Արտակ Զեյնալյան. նվիրված և զուսպ քաղաքապետ

Արտակ Զեյնալյանի թույլ և ուժեղ կողմերը

PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի կարծիքով՝ Արտակ Զեյնալյանի առաջադրումը քաղաքական մանյովր է, քանի որ նա իր պաշտոնում բավականին լավ է դիտվում, անելիքներ ունի և ժամանակին էլ, երբ երդման արարողությունը եղավ, հաստատեց իր նվիրումը գործին. «Դեռևս մեկ տարի առնվազն պետք է, որ չդառնա թե պաշտոնից պաշտոն ենք գնում, գալիս, դա իրեն էլ օգուտ չի բերի: Իր թույլ կողմը սա է, որ եթե մտել ես այս պաշտոնին. փորձիր այդ շրջանակում դրսևորվել, հասնել արդյունքների և հետո հայտ ներկայացրու քաղաքական այլ պրոցեսներում ներգրավվելու համար: Որոշակի համակրանք ունի հանրության կողմից, բայց դա կարող է վերածվել թույլ կողմի, եթե այդքան հեշտ հայտ ներկայացնի և համառություն դրսևորի պաշտոնը փոխելու հետ կապված»:

Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ հանձին Արտակ Զեյնալյանի կունենանք նվիրված և զուսպ քաղաքապետ. «Կարծում եմ՝ ամեն դեպքում զուսպ քաղաքապետ կլինի՝ ավելի մոտ Արարատ Զուրաբյանի քաղաքական ոճին, բայց նորարարությունների ինչ-որ դրսևորումներ կարելի է սպասել: Ամեն դեպքում որպես քաղաքապետ ինքը տեսնում է խնդիրները և միանգամից որոշ խնդիրների, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, լուծման հաստատ կտանի»:

Ո՞ւմ շանսերն են ամենամեծը

                                                      Հայկ Կիրակոսյան

Հայկ Կիրակոսյանին խնդրեցինք ամփոփել՝ հինգ թեկնածուներից ամենամեծն ո՞ւմ շանսերն են, նա պատասխանեց. «Հաշվի առնելով այս ամբողջ քննարկումների ալիքը, քաղաքական թիմն ու անձը՝ բավականին բարձր եմ գնահատում Հայկ Մարությանի շանսերը՝ որպես քաղաքապետ, և մեծ հավանականությամբ հենց իր տեսքով առաջիկայում՝ ավագանու ընտրություններից հետո, կունենանք քաղաքապետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահէ says:

    Հայտնի է, որ եթե պատմությունը երկրորդ անգամ է կրկնվում, ապա կրկնվում է ֆարսի տեսքով։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031