Լրահոս
Օրվա լրահոսը

Էնֆիաջյանը՝ Գեւորգ Պետրոսյանի քննադատության, Բոստանջյանի մանդատը վայր դնելու եւ Քոչարյանի մասին

Օգոստոս 03,2018 14:44

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը ներկուսակցական խժդժությունների՞ արդյունք է, թե՞ ժողովրդավարության՝ պատասխանեց. «Գեւորգ Պետրոսյանը անձնական իր կարծիքն է հայտնել եւ վերլուծություն արել: ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստ է գումարել, որտեղ քննարկել է նաեւ դրանից առաջ տեղի ունեցող ամբողջ գործընթացը եւ եկել որոշման: Ամփոփելով ամբողջությամբ բոլորի կարծիքը՝ միաձայն որոշում է կայացրել»:

Նա ասաց, որ Գեւորգ Պետրոսյանը ներկա չի եղել այդ նիստին:

Հարցին՝ ձեզ համար ընդունելի՞ է, որ նա ֆեյսբուքով է հայտնում իր դժգոհությունը՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես չեմ փորձի Գեւորգ Պետրոսյանի արարքը, որպես անձ, մեկնաբանել, թե որքանով էր տեղին, անտեղի ֆեյսբուքյան գրառումը: Ես ինքս իմ դիրքորոշումն ունեմ, մեր քաղաքական ուժն իր դիրքորոշումն ունի, որը ամբողջական ձեւով քննարկելուց հետո հրապարակել ենք»:

Թե Պետրոսյանը այդ խոսքերից հետո պե՞տք է մանդատը վայր դնի՝ Էնֆիաջյանը չպատասխանեց: Միայն նշեց, որ դա Պետրոսյանի որոշելիքն է:

Հարցին՝ իր տեսակետով Գեւորգ Պետրոսյանը եզակի՞ է ձեր խմբակցությունում՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Ինչպես տեսում եք՝ այո»:

Մեր հարցին՝ Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ Նաիրա Զոհրաբյանը իր գործընկերների մեջ ինչ-որ խժդժություններ է մտցնում՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Դա անձնական կարծիք է»:

Վարդան Բոստանջյանի հետ կապված մենք հետաքրքրվեցինք՝ չնայած եղավ հայտարարություն, ամեն դեպքում նրա՝ մանդատը վայր դնելը հաջորդեց Քոչարյանի մասին իր հարցազրույցին, որտեղ ասում էր, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, դրանց մեջ մի՞թե որեւէ կապ չկա՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Դրանից առաջ կամ դրանից հետո Վարդան Բոստանջյանը կաշկանդված չէ կարծիք հայտնելու, իր մտքերը վերլուծելու, որեւիցե խնդիր չկա: Իր մանդատը դնելու հետ կապված նա իր մոտեցումը ներկայացրել է: Նա առողջության հետ կապված խնդիրներ ունի, տեւական ժամանակ պետք է դրանով զբաղվի, ինչի հետ կապված հարկ է համարել մեր ընդհանուր գործերի հետ կապված որեւիցե խնդիր չստեղծի եւ մի կողմ է քաշվել, այսպես ասած: Նա եղել եւ մնում է լավ ընկեր, բարեկամ ու գործընկեր»:

Հարցին՝ Դուք կիսո՞ւմ եք իր տեսակետը, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է արժանանում՝ նա պատասխանեց. «Ես կիսում եմ, որ այս հարցը իրավական հարթությունում պետք է լուծվի: Հետագայի հետ կապված մենք մեր վերլուծությունները կանենք»:

Հարցին՝ կուսակցական կարգապահություն չի՞ խախտվել, երբ պատգամավորը, երբ իր կուսակցությունը, խմբակցությունը որեւէ դիրքորոշում չի հայտնել պաշտոնապես, ինքը հայտում է իր տեսակետը՝ Էնֆիաջյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր կուսակցական անձ ունի իրավունք անձնական կարծիք հայտնելու. «Տվյալ պարագայում պաշտոնական դիրքորոշման կամ թիմի դիրքորոշման մասին խոսք չի գնում»:

Հարցին՝ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով, իսկ Մարտի 1-ից հետո դուք կոալիցիայի մաս դարձաք, ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Ձեր հարցի ձեւակերպումն ի սկզբանե տեղին չի: Ամբողջ գործընթացն իրավական հարթությունում է տեղի ունենում: Թողեք, թող գործընթացը տեղի ունենա, հետագայի հետ կապված ինչ դիրքորոշում կլինի, մենք կաշկանդված չենք մեր մոտեցումները հրապարակային ներկայացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031