Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի զոհերը նաև Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի խղճին են». Վոլոդյա Հովհաննիսյան

Օգոստոս 03,2018 14:24

«Ռոբերտ Քոչարյանի և մնացածների դեմ հայտարարված հետապնդումը նոր իշխանության կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական և գաղափարական ազդեցության տակ վենդետա է քաղաքական ուժերի հանդեպ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նա նշեց, թե այս ամենը կատարվում է նրա համար, որպեսզի այդ քաղաքական ուժերը ոչնչացվեն այն աստիճան, որ գալիք ընտրությունների ժամանակ նոր քաղաքական ուժերը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհների բանակը, կարողանան անպատժելի լինել և հեշտ գրավել քաղաքականությունը:

Վոլոդյա Հովհաննիսյանը փաստեց՝ այսօր մարտի 1-ի դեպքերի համար քրեական գործ է հարուցվել հիմնականում բանակի ներկայացուցիչների նկատմամբ. «Որպես առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ գիտեմ, որ բանակն ընդհանրապես էլ չի օգտագործվել այդ օրերին: Քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով արտակարգ դրություն հայտարարելուց առաջ 0038 հրամանն է ընդունել, և դրա համաձայն՝ զորք է բերվել Երևան և ուժեղացվել Երևանի կայազորը: Ես գտնում եմ, որ 0038 հրամանը հիմարություն էր, քանի որ այդ հրամանատարը՝ գեներալ լեյտենանտ Խաչատուրովը, Երևանի կայազորի պետն էր և նա կարող էր իր գործունեությունը ծավալել անգամ առանց այդ հրամանի. ի պաշտոնե սպաներն իրեն ենթակա էին և պիտի կատարեն նրա հրամանը»:

Aravot.am-ի հիշեցմանը՝ մարտի 1-ին տասը զոհ է եղել, հետևաբար այդ զոհերի համար պատասխանատվության չպե՞տք է ենթարկվեն ժամանակի իշխանության ղեկավարները, Վոլոդյա Հովհաննիսյանն արձագանքեց. «Մարտի 1-ին տասը զոհեր են եղել, և այդ զոհերը նույն չափով և՛ ընդդիմադիր ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի և՛ այդ ժամանակվա իշխանության խղճին են: Եթե իշխանություններն ունեին զենք և ուժ ու դրա՝ կիրառման հնարավորություն, ապա ընդդիմադիրներն ունեին կրքերը հանդարտեցնելու և բախումը կանխելու հնարավորություն: Մենք այսօր դատում ենք հետևանքն առանց պատճառի: Հետևանքը իշխանության գործունեությունն է, իսկ պատճառը գործողությունները՝ ոստիկանների շղթային հարվածելը, մեքենա այրելը, ինչը չէին կանխում ընդդիմադիր ուժերը: Սակայն մենք այսօր պատճառը քրեական պատասխանատվությունից հանել ենք, ինչը սխալ է: Իհարկե, տասը զոհ են եղել. այդ տասը զոհերը և՛ ժամանակի իշխանության, և՛ ընդդիմադիր գործիչների խղճին են, և դրա համար իրավական ճիշտ և օբյեկտիվ գնահատական պիտի տրվի, ոչ թե վենդետա կատարվի»:

Վոլոդյա Հովհաննիսյանը չբացառեց, որ օրինակ, կարող է իշխանություն փոխվել և գալիք իշխանություններն էլ կգտնեն, որ մեղավոր է ոչ թե հետևանքը, այլ պատճառը, և այդ ժամանակ կբերեն Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարցը:

Ամփոփելով Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց. «Ցանկանում եմ, որ այսօր՝ քանի դեռ կա հնարավորություն և՛ պատճառը, և՛ հետևանքը թող իրավական պատասխանատվություն կրեն, որպեսզի այդ խազը մեր քաղաքական դաշտից ի սպառ վերանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031