Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցակում տեսնելու եք շատ հետաքրքիր մարդկանց, գնալու ենք ուժեղ թիմով». Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 03,2018 14:18

Այսօր լրագրողների հետ զրույցում Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու դառնալու հայտ ներկայացրած Նաիրա Զոհրաբյան անդրադարձավ առաջիկա ընտրություններին, քարոզարշավին եւ ԲՀԿ ցուցակին:

Նա ասաց, որ ԲՀԿ-ն է որոշում կայացրել, թե ինչ թիմով պետք է մասնակցել ընտրություններին, քվեարկել են. «Եղել է բաց, հրապարակային քվեարկություն, դա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Ես քաղխորհրդի երեկվա նիստում էլ ասացի, որ ես սովոր եմ միշտ անել հնարավորը: Այս անգամ ես անելու եմ առավելագույնը եւ անհնարը՝ իմ քաղաքական թիմի եւ առաջին հերթին երեւանցիների հույսերն արդարացնելու համար»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց ծրագիրը կներկայացնեն առաջիկայում. «Հիմա մենք կարգախոսների մշակման փուլում ենք: Պիտի քննարկենք կարգախոսները քաղաքական թիմի հետ, բայց ինձ համար, որպես նաեւ կնոջ, այսպիսի շատ կարեւոր կարգախոս կա՝ «Ապրելու քաղաք Երեւանս», որովհետեւ Երեւանը պիտի լինի ապրելու համար հարմարավետ քաղաք: Այդ կարգախոսի տակ մենք հասկանում ենք կանաչ քաղաք, մաքուր քաղաք, օդի աղտոտվածությունից զերծ քաղաք»:

Նա ասաց, որ հանդիպել է բնապահպանների հետ եւ իրեն սարսափելի վիճակագրություն են ներկայացրել՝ օդի աղտոտվածության եւ քաղցկեղի աճի հետ կապված՝ հատկապես երեխաների շրջանում. «Որպես պատվավոր դոնոր, որը պարբերաբար արյուն է հանձնում քաղցկեղով հիվանդ երեխաներին, վիճակագրությունը այսօր, որ ես տեսա, թե ինչպիսի աճ կա, երիտասարդացում կա, սա ուղղակի զարհուրելի է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «կանաչ եւ սմարթ՝ խելացի քաղաք» կոնցեպտով են հանդես գալու. «Առաջիկայում կլինեն նաեւ հանդիպումներ, լայն ոլորտային քննարկումներ տրանսպորտի, աղբահանության հետ կապված»:

Հարցին՝ ձեր որոշ մրցակիցներ արդեն հայտնի են՝ Հայկ Մարությանը, Զարուհի Փոստանջյանը, ինչպե՞սեք գնահատում ձեր շանսերը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք պիտի գնանք նոր որակի ընտրության, որտեղ չպիտի լինի ատելություն, թշնամանք: Արդեն հայտնի է մեկ կին քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանը, տիկին Անահիտ Թարխանյանը կարծես թե եւս պատրաստվում է: Ես, օրինակ, կուզենայի, որ երեք կին թեկնածուներով մենք մի քանի քարոզարշավի միասին մասնակցեինք նույն օրը, օրինակ, օդի աղտոտվածության, քաղցկեղի աճի հետ կապված, որպեսզի երեւանցին տեսնի, որ կանայք ոչ թե հակառակորդներ են, այլ՝ համախոհներ»:

Նա ասաց, որ եթե հեղափոխությունից հետո ընտրությունների անցկացման փուլում էլ որակական փոփոխություններ չեն լինելու, դա լինելու է ամենածանր հարվածը՝ լուսավոր հեղափոխությանը. «Մենք գնալու ենք պոզիտիվ մեսիջներով, մենք որեւէ մեկին չենք վիրավորելու»:

Անդրադառնալով իրենց ցուցակին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Տեսնելու եք շատ հետաքրքիր մարդկանց՝ երիտասարդ բնապահպաններ, գիտնականներ, բժիշկներ: Գնալու ենք ուժեղ թիմով, որոնցից ամեն մեկն իր անելիքն ունենալու է Երեւանի ավագանիում»:

Հարցին՝ եթե քաղաքապետ չընտրվեք, կպահպանե՞ք ձեր պատգամավորական մանդատը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Միանշանակ, այո: Ես կարծում եմ, ես վատ պատգամավոր չեմ, համենայնդեպս, ինձ այդպես է թվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031