«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը շատ կոշտ էր արձագանքել նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջադրմանը՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու:
Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հարցին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այդ հայտարարությանը ես չեմ արձագանքելու: Մեր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն արձագանքել է: Ես բացարձակ ըմբռնումով եմ մոտենում, ցանկացած ոք կարող է ունենալ իր տեսակետը: Այդ հարցին ես այլեւս երբեք չեմ պատասխանելու»:
Նա ասաց, որ Գեւորգ Պետրոսյանի հետ կապված որեւէ հարցի չի պատասխանելու. «Քաղաքական խորհրդի քվեարկությունը եղել է բաց: Տեսանյութը ԶԼՄ-ներում տեղադրված է: Մենք նայում ենք առաջ, գնում ենք առաջ՝ կանաչ եւ խելացի Երեւանի զարգացման»:
Մի քանի օր առաջ էլ Վարդան Բոստանջյանը մանդատը վայր դրեց, ուստի հարցին՝ սա արդեն չի՞ խոսում այն մասին, որ խմբակցությունում խժդժություններ կան՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Խմբակցությունում որեւէ խժդժություն չկա: Մենք շատ պոզիտիվ, շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք առաջիկա ավագանու ընտրություններին: Իմ գործընկերների մասով, ովքեր իրավունք ունեն ունենալու տարբեր տեսակետ եւ իրավունք ունեն արտահայտել իրենց տեսակետը, ես որեւէ դիրքորոշում չեմ հայտնելու»:
Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանի առաջադրմանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նա շատ պարկեշտ կերպով ներկայացրել է, որ ՀՀՇ-ն իրեն առաջարկել է գլխավորել իրենց ցուցակը, որպես խմբակցության պատգամավոր, քաղաքական խորհրդի եւ Ծառուկյանի կարծիքը հարցրել է եւ նրանց աջակցությունը ստանալուց հետո միայն որոշել է տալ իր համաձայնությունը ՀՀՇ վարչության նիստում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ