«Սարի թաղի գործով» ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ «ինչ-որ թմրանյութերի»: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում՝ ձախից):
Էդուարդ Զեյթունյանի`այսօր դատարան չներկայանալու պատճառով, «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե ո՞ր մեկուսարանում է կրկին կալանքի տակ հայտնված Էդուարդ Զեյթունյանը, ուստի չէր կարողացել ապահովել նրա ներկայությունը նիստին:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին, 12. 30-ին:
Այս գործով անցնում են նաեւ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը:
Սարիթաղցիները, հիշեցնենք, մեղադրվում են 2016 թվականին, «Սասնա ծռերի կողմից» ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Այդ օրերին, մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, ձերբակալված էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ