ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը անձնական երաշխավորագիր են ներկայացրել «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինելու հարցով:
Այսօր դատական նիստին ներկայացվեց նրանց անձնական երաշխավորագիրը, ըստ որի երաշխավորում են, որ նրանք ազատության մեջ պատշաճ վարքագիծ կդրսեւորեն, չեն խուսափի իրենց դատավարական պարտավորությունները կատարելուց:
Շուտով պատգամավորները կլինեն դատարանում՝ իրենց անձնական երաշխավորագիրը հաստատելու: Դատական նիստը ընդմիջվել է, մինչեւ պատգամավորները կգան:
Դատարանում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, նա առայժմ խուսափում է լրագրողների հարցերին պատասխանել: Ասաց, որ լռություն է սահմանել, որը շուտով կավարտվի եւ ինքը կսկսի խոսել:
Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեզ մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար, կարո՞ղ եք այս մասին մի քանի հարցի պատասխանել՝ Սեֆիլյանը պատասխանեց, որ երբ որոշի խոսել, դրան նույնպես կանդրադառնա: Նա հիշեցրեց, որ Քոչարյանը չի կարողացել մեղադրանքը հաստատել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ