Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրեց «Կառավարության ծրագիր» անվանումով մի ծրագիր: Հիմա, երբ մոտենում է կառավարության գործունեության 100-րդ օրը, ճիշտ ժամանակն է տեսնել, թե այդ նպատակային կոնկրետ ցուցանիշներից զուրկ փաստաթղթից ինչն է կատարվել: Հիշեցնենք, որ այդ ծրագրով տնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանը գերակա էր հայտարարել երեք ճյուղ՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը:
Այսպիսով, համաձայն ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 686 հազար զբոսաշրջիկ կամ նախորդ տարվա առաջին վեց ամիսների համեմատ 10,2 տոկոսով ավելի: Թվում է, թե հրաշալի է, զբոսաշրջիկների այցելություններն ավելացել են, բայց ոչ:
Այս տարվա՝ 2018-ի առաջին երեք ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է մոտ 346 հազար կամ 16,1 տոկոսով ավելի նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ: Այսինքն՝ Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճի տեմպը նվազել է գրեթե 6 տոկոսով (5,9 տոկոսով): Ավելին՝ այս տարվա երկրորդ եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունները նվազել են առաջին եռամսյակի համեմատ: Սա այն դեպքում, երբ ապրիլ-հունիս ամիսները Հայաստան այցելությունների համար ավելի նպաստավոր զբոսաշրջային սեզոն է, քան հունվար-մարտ ամիսները:
Ազգային վիճակագրական ծառայությունը նախկինում հրապարակում էր զբոսաշրջային այցելությունները նաեւ ըստ եռամսյակների: Այս անգամ ծառայությունը այդպես չի վարվել, ինչը բնական է, հաշվի առնելով նրան տրվող պատվերը: Սակայն մենք եւս կարող ենք թվաբանական գործողություններ կատարել:
Եթե վեց ամիսների ընթացքում Հայաստան է այցելել մոտ 686 հազար զբոսաշրջիկ, իսկ առաջին երեք ամիսներին՝ 346 հազար, ապա միայն երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստան այցելածների ցուցանիշը իմանալու համար առաջին ցուցանիշից պետք է հանենք երկրորդը: Ստացվում է 340 հազար զբոսաշրջիկ ապրիլ-հունիս ամիսներին: Այսինքն՝ զբոսաշրջության համար առավել նպաստավոր ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 6 հազարով կամ 2 տոկոսով:
Ընդգծում ենք, սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե մենք «թավշյա հեղափոխության» շնորհիվ եղել ենք աշխարհի ուշադրության կենտրոնում, որ հիմա զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից «ափալ-թափալ» գալու են, որ տեսնեն, թե այս ինչ երկիր է, որ այսպիսի հեղափոխություն է արել, մի խոսքով՝ համարյա «Նոր Վասյուկի»: Ի՞նչ եղավ իրականում: Եղավ այն, ինչ պետք է լիներ:
Զբոսաշրջիկների մեծ մասը ցանկանում է հանգստանալ խաղաղ եւ հանգստի համար նպաստավոր պայմաններ առաջարկող երկրում, այլ ոչ թե հեղափոխություններ եւ ցնցումներ ապրող երկրում: Հայաստանը դարձել է ոչ կանխատեսելի եւ նրանց համար հնարավոր վտանգ պարունակող երկիր: Համենայն դեպս այդ մասին իրենց քաղաքացիներին հեղափոխության օրերին զգուշացրել էին երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները:
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում