Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին
Օրերս ընտանյոք մասնակցեցինք մեր որդու երդման արարողությանը Մատաղիսի զորամասում, որի մասին շատ էի լսել, բայց առիթ չէր եղել այցելելու և մոտիկից ծանոթանալու տեղանքին ու տեղի մարդկանց: Չեմ թաքցնի, ինձ բազմիցս նկարագրել էին դժվարագույն, անհանդուրժելի իրավիճակ, որտեղից դուրս ես գալիս կյանքի մասին ունեցած պատկերացումներիդ մեջ լուրջ փոփոխություններ մտցրած:
Ես տեսա փոշեծածկ մի տարածք, անընդհատ դժվարություններ հաղթահարող, բայց իրենց հողին ամուր կառչած մարդիկ, իսկ զորամասում, չգիտեմ նախկինում ինչպես է եղել, զինվորների ծնողների նկատմամբ ամենայն հարգանք և ուշադրություն դրսևորող, հեռվից եկած, տագնապը սրտերում ու շունչները պահած հայրենակիցների սիրտը շահելու պատրաստակամություն հրամանատարության և սպայական կազմի կողմից:
Ես տեսա պահանջկոտություն, կարգապահություն, զինվորին միշտ ուշադրության կենտրոնում պահելու անխախտ դրվածք, որը չի կարող չգոհացնել հատկապես զինվորի անվտանգությամբ շահագրգիռ ծնողին: Վերն ասածիս համեմատ փոքր, աննշան են սնունդն ու մաքրակենցաղությունը, որոնց նկատմամբ նույնպես պատշաճ վերաբերմունքն ակնհայտ էր:
Մի ծանր բեռ ընկավ ուսերիցս այս ամենը տեսնելով, որի համար շատ շատերի անունից գոհունակություն եմ հայտնում ԶՈւ ղեկավարությանը և հատկապես Մատաղիսի զորամասի հրամանատարությանը:
Ձեզ ու մեր որդիներին բարի ծառայություն:
Ծնող` Աղասի ԱԲՐԱՀԱՄՅԱՆ