«Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի: Այսպիսի ասացվածք կա՝ լավ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»,- երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ այսպես արձագանքեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունները, իր ընկալմամբ՝ «տեղ-տեղ ծիծաղելի մանիպուլյացիաներ են»:
Ժամանակը, կարծում ենք, կպարզի եւ ցույց կտա ոչ միայն վերջում ծիծաղողին, այլեւ իրական մանիպուլյատորներին:
Ի դեպ, արդեն ոչ թե «տեղ-տեղ», այլ լիովին ծիծաղելի, անգամ քմծիծաղելի մանիպուլյացիայի մասին, որին դիմեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին հարցերին:
ՀՔԾ պետը մասնավորապես նշեց. «Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Ի՞նչ է նշանակում դա: Թյուր կարծիք կա, որ դա ընդամենը փախուստի դիմելու հավանականությունն է, բայց միշտ մոռացվում է երկրորդ, իմ կարծիքով, առավել կարեւոր հանգամանքը, որ պատշաճ վարքագծի բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթի մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է, հենց այս կարեւոր նախապայմանից ելնելով, ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է այս պահին»:
Հասկանո՞ւմ եք, ի՛նքն է գտնում: Ինչպե՞ս: Տե՛նց: Ինչի՞ց ելնելով: «Նախապայմանից ելնելով»: Կասեք՝ ծաղրո՞ւմ ենք: Հապա էլ ի՞նչ անես կամ ասես, եթե նման լուրջ կասկածը գոնե թեթեւակի հիմնավորելու համար ՀՔԾ պետը «ես գտնում եմ»-ից բացի, այլ հոդաբաշխ արտահայտություն չի արտաբերում:
ՀՔԾ պետի այդ արտահայտությանն անդրադառնալով, փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց. «Մեր կարծիքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող խոչընդոտել քննությանը: Եվ չկա որեւէ կասկած, որ նա կխոչընդոտի, չկա՛ որեւէ հիմնավորում, որ նա կխոչընդոտի քննությանը»:
Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն քրեական գործով ու նույնաբովանդակ (գրեթե) մեղադրանքի պայմաններում, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, օրինակ, չի «գտնում», որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է (ենթադրենք) փորձել «ապօրինի ազդեցություն» ունենալ, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նա «գտնում է»:
Օգտվելով առիթից, Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցինք (հեռախոսով էինք զրուցում), թե կալանավորվելուց հետո արդյոք որեւէ քննչական գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվե՞լ է: Պարզվեց՝ ոչ, չի կատարվել: «Ո՛չ, կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ քննչական գործողություն չի անցկացվել»,- պատասխանեց փաստաբանը:
Նա նաեւ ընդգծեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ինքը հրաժարվում է ցուցմունք տալ, ինչն իր սահմանադրական իրավունքն է:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում