Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովն ու բանակը՝ Մարտի 1-2-ի իրադարձություններում

Օգոստոս 03,2018 12:00

Սկիզբը՝ հուլիսի 31-ի եւ օգոստոսի 1-ի «Առավոտի» համարներում:

Բանակի օգտագործումը ներքին կյանքին, «իհարկե, կարելի է»՝ վստահ էր Միքայել Հարությունյանը

2010թ. մայիսին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի հրապարակած թվով 5-րդ զեկույցում, որը հաստատում էր Մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության փաստը, ուշագրավ անդրադարձներ կային այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հարցաքննության դրվագներից:

Փաստահավաք խումբ հրավիրված ու հարցաքննված այն ժամանակ ՀՀ Պնախարար Միքայել Հարությունյանը, իրեն ուղղված բազմաթիվ հարցերին ի պատասխան, համառորեն հերքել էր փետրվարի 23-ի իր 0038 հրամանի գոյությունը եւ պնդել, թե մինչեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը` ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները որեւէ գործողության չեն մասնակցել ու որեւէ դերակատարում չեն ունեցել: Խմբի անդամ Ա. Քոչարյանի հարցին՝ «Սահմանադրությամբ բանակի օգտագործումը ներքին կյանքին կարելի՞ է, թե՞ ոչ», նա պատասխանում է. «Իհարկե` կարելի է»: Երբ նրան հակադարձել էին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը նման իրավունք չի նախատեսում, Հարությունյանը փորձել էր արդարանալ, թե ստորագրվել էր «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը, եւ ինքը ղեկավարվել է այդ հրամանագրով:
Ըստ զեկույցի հեղինակների՝ Փաստահավաք խմբում Պնախկին նախարարի պատասխանները վկայում էին, որ նախարարի համար երկրի օրենքներից ու Սահմանադրությունից գերակա են նախագահի կարգադրություններն ու հրամանագրերը: Իսկ իրավական ակտերի օրինականությանը վերաբերող հարցերը նա խնդրել էր ուղղել ՀՀ նախագահին, նույնիսկ տարակուսել, թե ինչու են այդ հարցերն իրեն ուղղում: Մամուլում ՀՀ Պնախարարի վերը նշված հրամանի քաղվածքի հրապարակումից հետո ՀՀ ՊՆ-ն չէր հերքել նման հրամանի առկայությունը` փորձելով պատճառաբանել այդ ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմամբ:

Մարտի 1-ն ու «Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը»՝ պատճառաբանությունը

Այնուհետեւ զեկույցի հեղինակները մատնանշել էին, որ ՊՆ N0038 հրամանի օրինականությունն ու հիմնավորվածությունն առավել մանրամասն փորձել է փաստարկել ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը` իր մամուլի խոսնակի միջոցով: «Մեդիամաքս» գործակալությանը Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է հետեւյալը. «Պաշտպանության նախարարի գործողությունները պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության այն իրական սպառնալիքների համատեքստում, որոնք առկա էին 2008թ. հունվար-փետրվար ամիսներին: Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփման գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին՝ ԼՂ խնդրի ռազմական լուծման նպատակով: Բառացիորեն մի քանի օր հետո (4 մարտի 2008թ.) ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտ տեղի ունեցած լրջագույն միջադեպը, որը, դատելով հակառակորդի գործողությունների ծավալներից ու բնույթից, կարող էր վերածվել լայնածավալ ռազմական հակամարտության, ապացուցում է նախարարի գործողությունների համարժեքությունը»: Այնուհետեւ շարունակել էր. «Մեր ջանքերն այդ ժամանակ ուղղված էին բանակը քաղաքական գործընթացներից հեռացնելուն, որի մեջ նրան ներքաշում էր ընդդիմությունը, եւ իշխանության փոփոխության ժամանակահատվածում նրա ուժերը երկրի անվտանգության ապահովման վրա կենտրոնացնելուն: Պետք է չափազանց անտեղյակ կամ չափազանց կողմնակալ լինել, որպեսզի չհասկանալ այդ ժամանակահատվածի ակնհայտ իրականությունը»:

Փաստահավաք խմբի անդամները զեկույցում եզրակացրել էին. «…Հակառակորդի հետ շփման գծում իրավիճակը սրվելու դեպքում պաշտպանության նախարարության ու զինված ուժերի գլխավոր շտաբի գործողություններն ու հրամանները միանշանակ պետք է միտված լինեին մարտական հերթապահություն կրող զորամասերի ու սահմանային պաշտպանական շրջանների ուժեղացմանն ու ամրացմանը թե՛ զինտեխնիկայով ու անձնակազմով, թե՛ զինվորական կառավարման կենտրոնական ապարատից՝ ՊՆ-ից ու ԳՇ-ից սահմանային զորամասեր բարձրաստիճան զինվորականներ գործուղելով: Ընդ որում, ըստ նրանց պնդումների՝ ՀՀ ՊՆ-ն նման կերպ է վարվել անցած 15 տարիներին` սահմանային իրավիճակի յուրաքանչյուր լարման դեպքում: Մինչդեռ 23.02.2008թ. ՊՆ 0038 հրամանի տրամաբանությունը լիովին հակառակն է՝ Երեւան են բերվում զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա եւ սահմանային զորամիավորումներից ժամանակավորապես կազմավորված հատուկ խմբեր ու ստորաբաժանումներ, ինչը ոչ մի պարագայում չէր կարող պայմանավորված լինել ու բացատրվել հակառակորդի հետ շփման գծում իրավիճակի լարմամբ»:

Խաչատուրովի ուշագրավ պնդումը

2008թ. փետրվարի 23-ին ՊՆ 0038 հրամանի քաղաքական ենթատեքստը առավել քան ակնհայտ է եղել. փետրվարի 23-ին, արդեն 3 օր շարունակ, Երեւանի Ազատության հրապարակում ընտրության արդյունքները վիճարկող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների խաղաղ հանրահավաքներ էին ընթանում: Քաղաքական ընդդիմության հիմնական պահանջը նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների վերահաշվարկն էր, ինչին օրվա իշխանությունները որոշեցին պատասխանել բռնությամբ:

Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցում նշել էին նաեւ, որ 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական գործընթացներում բանակի ապօրինի ներգրավման վերաբերյալ բացահայտումներն ու ահազանգերը մնացին անարձագանք թե՛ ՀՀ իրավապահ մարմինների, թե՛ մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Ուստի նրանք խիստ կարեւոր էին համարում եվրոպական կառույցների կողմից խնդրի արծարծումը:

«ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախապատրաստվել եւ դրվել է շրջանառության մեջ «Բանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին» վերնագրով բանաձեւի նախագիծ: Փաստաթղթի հեղինակը ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադն է: Փաստաթուղթը ստորագրել են եւս 20 պատգամավորներ: Սույն բանաձեւը ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել 2008թ. մարտյան իրադարձություններում բանակի ներգրավման մասին ամբողջ տեղեկատվությունը, թափանցիկ հետաքննություն անցկացնել հետընտրական իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ, անհատական պատասխանատվության ենթարկել այս իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին»,- նշել էին զեկույցի հեղինակները:

Որ մինչեւ Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի հրապարակումը, բանակն արդեն ներգրավված էր ու մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին՝ վկայում էին մի շարք փաստեր, որոնք արձանագրել էին Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը.

«ա. Մարտի 1-ին, ժամը 16.09-ին, ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար: բ. Մարտի 1-ին, ժամը 16.11-ին, ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար: գ. Մարտի 1-ին, ժամը 16.27-ին, Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երեւանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան նույնպես այդտեղ է: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար: դ. Մարտի 1-ին, ժամը 18.14-ին, Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով: Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով եւ լուսանկարներով»:

Մինչդեռ փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի 14.11.2008թ. հետեւյալ հարցմանը՝ «Պաշտպանության նախարարության ի՞նչ ստորաբաժանումներ են մասնակցել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին, ի՞նչ հատուկ միջոցներ եւ ի՞նչ զենք են ունեցել իրենց տրամադրության տակ, ո՞ր ժամին են ստորաբաժանումներն իրականացրել իրենց ծառայությունը», ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովն իր 21.11.2008թ. N689/ԳՇ գրությամբ պատասխանում է. «2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել», եւ որ` Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի արձակումից հետո «Պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման եւ հաստատվել է հրահանգ` արտակարգ դրության պայմաններում բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգուկանոնի հաստատումը, պետական կարեւորագույն օբյեկտների պահպանությունը եւ արտակարգ դրության պահանջների կատարումը: Պարեկապահակակետային վերակարգում ծառայության ընդգրկված անձնակազմը առաջնորդվել է ՀՀ օրենքներով, համազորային կանոնադրությունների եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրահանգի պահանջներով, զինվել է անհրաժեշտ հաստիքահաշվեցուցակային զենքով: Արտակարգ դրության ավարտից հետո նշված անձնակազմը, կցագրված հաստիքահաշվեցուցակային զենքով հանդերձ, վերադարձվել է մշտական տեղակայման վայրեր»:

Փաստահավաք խմբի անդամները նկատել էին, որ այս պատասխանի մեջ զարմանալին այն չէ, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փորձել է հերքել մարտի 1-2-ի դեպքերին բանակի մասնակցության ակնհայտ փաստերը, այլ այն, թե ինչպես է պնդել բանակի մասնակցությունը երկրում սահմանադրական կարգի, բնակավայրերում հասարակական կարգուկանոնի հաստատման մասին, ինչով իսկ ուղղակիորեն հերքել է ինքն իրեն` հայտարարելով, որ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել: «Սույն պատասխանով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է, որ բանակի ստորաբաժանումները մասնակցել են ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով չնախատեսված, հետեւաբար` զինված ուժերի ու բանակի համար հակասահմանադրական ու հակաօրինական խնդիրների՝ սահմանադրական կարգի, հասարակական կարգուկանոնի պահպանմանը»,- եզրակացրել էին փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցում:

Սկիզբը՝ հուլիսի 31-ի եւ օգոստոսի 1-ի «Առավոտի» համարներում:

Ամփոփումը՝ օգոստոսի 7-ի «Առավոտում»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  02.08.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031