Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ազատվել լցոնումներից եւ «մեռած հոգիներից»

Օգոստոս 03,2018 15:00

Նախկին պատգամավորի հին ու նոր առաջարկները

3-րդ գումարման ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ավետյանն «Առավոտի» հետ զրույցում հիշեց դեռեւս 2007 թվականին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակ իր հնչեցրած առաջարկները։ Առիթը ընտրական օրենսդրության փոփոխությունների շուրջ ընթացող ներկայիս քննարկումներն են։ Ասում է՝ իր առաջարկներն այսօր էլ արդիական են, եւ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Գագիկ Ավետյանը պնդում է, որ իր առաջարկների կիրառումն էական ազդեցություն կունենա մեր երկրում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։ Դրանք գործնականում բացառում են ընտրական գործընթացներում կեղծիքները։

Ըստ այդմ, նախկին պատգամավորն առաջարկում է Ընտրական օրենսգրքում ամրագրել «ընտրաքարտ» հասկացությունը։ Ընտրաքարտը տրվում է ընտրողներին՝ ներքին գործերի համապատասխան բաժանմունքներում, համապետական ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ընտրաքարտի տրամադրումը դադարեցվում է համապետական ընտրություններից 48 ժամ առաջ: Չիրացված ընտրաքարտերը վերադարձվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ ուշ, քան ընտրություններից 24 ժամ առաջ: Դրանք սահմանված ժամանակում չվերադարձվելու դեպքում համապատասխան մարմինները պատասխանատվության են ենթարկվում՝ օրենքով սահմանված կարգով: Ընտրաքարտը տրվում է մեկ ընտրության համար, ծառայում է մեկ նպատակի՝ ընտրությունների, եւ իր մեջ, բացի իր ընտրական կոդից, այլ ինֆորմացիա չի պարունակում:

Ընտրաքարտի կոդի պաշտպանիչ շերտը մաքրվում է միայն ընտրողի գրանցումից հետո, իսկ կոդը և անձնագրի սերիան իրար հետ միասին գրանցվում են գրանցամատյանում: Մինչեւ քաղաքացու գրանցվելը մաքրված կոդով ընտրաքարտերը համարվում են անվավեր, եւ ընտրողին չի թույլատրվում մասնակցել ընտրություններին: Բոլոր համակարգիչները արձագանքում են միայն ընտրաքարտում եղած կոդին, որը մեխանիկորեն նույնացվում է (ինդենտիֆիկացվում) համակարգչում եղած կոդի հետ: Ընտրաքարտը ընտրությունների ժամանակ վավեր է միայն անձնագրի առկայության դեպքում:

Ըստ այս տարբերակի՝ ընտրությունները անցկացվում են համակարգիչների միջոցով, որի վրա պետք է ամրակցված լինի ընտրաքարտի համար նախատեսված տեղ: Բոլոր համակարգիչները պետք է միացված լինեն մեկ ընդհանուր ցանցի, որը կապահովի առավել մեծ գաղտնիություն:

Ցանցին կողմնակի միջամտությունները մեր զրուցակիցը եւս բացառում է։ Հանձնաժողովը քաղաքացիների ընտրության ժամանակ քաղաքացու ընտրությունը եւ մասնակցության փաստը հաստատելու համար կնիք է դնում անձնագրի համապատասխան էջում: Այս տարբերակի յուրահատկությունն այն է, որ ընտրողը իրավունք ունի ընտրելու հանրապետության ցանկացած ընտրատեղամասում: Համակարգչային քվեարկության կարգը եւ մեթոդները որոշում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովը:

«Կարծում եմ՝ այս առաջարկները թույլ կտան խուսափելու ավելորդ լցոնումներից, հավելագրումներից, այսպես կոչված՝ «մեռած հոգիներից» եւ արտասահմանում գտնվող մեր բացակա հայրենակիցների անունից քվեարկելու արատավոր եւ արդեն արմատացած գործելաոճից»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընտրաքարտը թույլ կտա ընտրություններից առաջ հարյուր տոկոսով իմանալ, թե ինչքան մարդ է մասնակցել ընտրություններին։

Նա չի կիսում մտահոգությունները, որ այս տարբերակը կարող է ինչ-որ կերպ հակասել քաղաքացու սահմանադրական իրավունքներին. «Եթե քաղաքացին ցանկանում է ընտրություն կատարել, ապա նա պետք է հարգի օրենքի տառը, քանի որ այս պարագայում ոչ մի օրենք չի բռնանում նրա ազատ կամարտահայտման եւ գործունեության վրա:

Ավելին, ըստ այս ընտրելաձեւի՝ քվեների հաշվարկի եւ վերահաշվարկի կարիք չի զգացվի։ Արդեն ընտրությունների ավարտից անմիջապես հետո պարզ կլինի, եւ Հանրային հեռուստաընկերության կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղադրված գլխավոր էկրանին կարտացոլվեն ընտրող մասնակիցների թիվը եւ ընտրվածների անունները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

02.08.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031