Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակային սպորտը զարգացնելու համար պետք է ՏԻՄ-երին լրջորեն ներգրավել»

Օգոստոս 03,2018 12:30

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի 31-ամյա փոխնախարարը համակարգում է մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության պետական քաղաքականության եւ ծրագրերի մշակման աշխատանքները: Նա երիտասարդ է եւ աշխատանքի անցել է ոգեւորումով:

Սարգիս Ավագյանը, որ զբաղվել է բռնցքամարտով, ՀԱՕԿ-ում աշխատել է որպես խորհրդատու-փորձագետ եւ բավականաչափ տեղեկացված է ոլորտից, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Որպես նախկին մարզիկ՝ միշտ հետաքրքրվել եմ նախարարությունում մշակվող եւ իրականացվող աշխատանքներով եւ պատկերացում ունեի դրանց, այդ թվում՝ մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ծրագրերի մասին: Այդ պատճառով համաձայնությունս տվեցի: Իսկ աշխատանքի անցնելուց հետո հասկացա, որ դրանք ավելի շատ ու հագեցած են: Առաջինը, որ ուզում եմ ասել, այն է, որ իրականացվող բոլոր ծրագրերն էլ կարեւոր են: Շատ գոհ եմ մեր վարչության աշխատակիցներից, որոնք ոչ միայն իրենց պարտականությունները կատարում են պրոֆեսիոնալիզմով, այլեւ իրենց գործի նվիրյալներ են: Առաջին իսկ հանդիպումից հասկացել ենք միմյանց: Ես նրանց ասել եմ, որ չեմ պատրաստվում աշխատասենյակում նստած ղեկավարել, որ ցանկանում եմ թիմի անդամ դառնալ եւ անմիջական մասնակիցը լինել վարչության ցանկացած աշխատանքի»:

Սարգիս Ավագյանը նշեց, որ շարունակելու են ամբողջությամբ իրականացնել մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի բոլոր ծրագրերը: «Իհարկե, նոր գաղափարներ էլ կան, որոնք հիմա քննարկման փուլում են, եւ հույս ունենք, որ դրանք կսկսենք կյանքի կոչել հաջորդ տարվանից: Մասնավորապես, ես շատ եմ կարեւորում բակային սպորտը: Նախարարությունում այն զարգացնելու ծրագիր կա: Սակայն, իմ պատկերացմամբ, հաջողություններն այնքան էլ շատ չեն, որովհետեւ այն հնարավորինս լիարժեք իրագործելու համար պայմաններ չկան: Կարծում եմ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է լրջորեն ներգրավել: Երեխան, նրա ծնողը բակում որեւէ մարզաձեւով զբաղվելու հնարավորություն չունեն: Եթե պայման չկա, ինչպե՞ս զարգանա բակային սպորտը: ՏԻՄ-երը շատ անելիք ունեն բակերը ապօրինաբար կամ կեղծ փաստաթղթերով զավթած ավտոտնակներից եւ տնամերձներից մաքրելու հարցում: Մենք ուզում ենք կառավարության աջակցությամբ այս խնդրով լրջորեն զբաղվել:

Մարդկանց առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավելու նպատակով մտադիր ենք տարբեր հեռավորության հեծանվաարշավներ կազմակերպել, հեծանիվը դարձնել քաղաքացու կյանքի պարտադիր բաղկացուցիչ: Կարճ տարածությունները ավտոմեքենայի փոխարեն հեծանվով անցնելը նախ՝ առողջություն է, երկրորդ՝ փողի եւ ժամանակի խնայողություն, երրորդ՝ էկոլոգիայի խնդիրների որոշակի լուծում՝ հատկապես Երեւանի պես քաղաքի համար, որտեղ նաեւ խցանումները պարալիզում են երթեւեկությունը: Անպայման պետք է համագործակցենք Երեւանի քաղաքապետարանի, մարզերի ղեկավարության, ոստիկանության հետ, որպեսզի հեծանվորդների համար պայմաններ ստեղծվեն: Այստեղ, ճիշտ է, կանգնում ենք գլխավոր խնդիրներից մեկի՝ ծրագրերի ֆինանսավորման սակավության առջեւ, սակայն պետք է անենք ամեն բան, որպեսզի քիչ միջոցներով առավելագույն արդյունքի հասնենք», – ասաց Սարգիս Ավագյանը՝ հույս հայտնելով, որ կգա այն օրը, երբ Հայաստանի քաղաքացին զանգվածաբար կսկսի զբաղվել սեփական առողջությամբ:

Սարգիս Ավագյանը մտադիր է նաեւ ԿԳ նախարարության հետ քննարկման առարկա դարձնել նախադպրոցական հաստատություններում եւ դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման խնդիրը: Մեր զրույցում եկանք ընդհանուր հայտարարի, որ հատկապես դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը խայտառակ վիճակում է: «Ես պատրաստվում եմ հանդիպել նաեւ բոլոր մարզպետների հետ եւ այդ հարցը լրջորեն բարձրացնել: Խնդիրը պետք է լուծել բոլորի մասնակցությամբ: Հակառակ դեպքում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը միայնակ ի վիճակի չի լինի: Հույս ունեմ, որ անհրաժեշտ աջակցությունը կստանանք, որովհետեւ մարզպետների մեծ մասը երիտասարդ է ու ցանկանում է աշխատել: Ցանկացած ադեկվատ մարդ, որն ունի երեխաներ եւ թոռնիկներ, այս խնդիրներին ծանոթանալով՝ կցանկանա մեզ հետ համագործակցել»,- եզրափակեց Սարգիս Ավագյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

02.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031