Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե արժե լուծարե՞լ մամուլի ծառայությունները

Օգոստոս 02,2018 23:33

Մեր նորընտիր կառավարությունն այսօր շատ բարդ խնդրի առջև է կանգնած, ոչ միայն անհրաժեշտ է իրականացնել արմատական բարեփոխումներ, այլ նաև հասկանալի լեզվով բացատրել ներքին ու արտաքին լսարանին այդ բարեփոխումների անհրաժեշտության ու արդյունավետության մասին, ասել է թե՝ Urbi et Orbi: Այս պարագայում կենսականորեն կարևոր է ունենալ մամլո ծառայությունների հզոր և պրոֆեսիոնալ ինստիտուտ, որը կաշխատի 24/7 ռեժիմով ՝ նպատակ հետապնդելով լույս սփռել այն բոլոր գործընթացների վրա, որոնք կատարվում են երկրի ներսում:

Բայց արի ու տես, որ հայկական տեղեկատվական դաշտը ինձ հիշեցնում է հայտնի առակի սայլը, որին լծված պետական գերատեսչությունները, մամուլի խոսնակներն ու լրագրողները առանց իրար նկատելու փորձում են տեղից պոկել ու լսարանին մատուցել այդ չափազանց կարևոր բեռը, սակայն՝ ապարդյուն: Ոլորտի մասնագետները ստեղծված իրավիճակի հիմքում մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են թվարկում, լրագրողները փորձում են լսելի դառնալ, խոսնակները՝ արդարանալ, իսկ գերատեսչությունները՝ չշեղել իրանց ուշադրությունը նման «մանրուքների» վրա: Մինչդեռ, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, որը բերում է նման իրավիճակի, լուրջ ուշադրություն է պահանջում: Եվ իրավիճակը նոր չէ: Եվ օրինակները բազմաթիվ են:

Մոտ մեկ ամիս առաջ, երբ ՌԴ-ում Հայաստանի Դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Կարինա Դանիելյանը ընդգծված ոչ պատշաճ պահվածք ցուցաբերեց դեսպանատուն հյուրընկալված Ելենա Ժուկովայի ներկայությամբ, որը «Ոսկե Ակումբ» մշակութային կենտրոնի ղեկավարն է, իմ գլխում ծագեց մի շատ կարևոր հարց՝ աշխատո՞ւմ ենք մենք արդյոք մշակութային դիվանագիտություն կոչվածի ուղղությամբ և հասկանո՞ւմ ենք մենք արդյոք, որ այդ դիվանագիտության արդյունավետությունը միայն Արամ Խաչատուրյանի ու Մարտիրոս Սարյանի ուսերին չի դրված, այլ՝ մշակույթով զբաղվող պաշտոնյաների ամենաներքևի օղակից մինչև բուրգի ամենավերին գագաթում կանգնածը պատասխանատու է այդ գործընթացի համար:

Վերոհիշյալ թեմային առնչվող վեց կետից բաղկացած հարցումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն ուղարկվեց հուլիսի 12-ին և կիսատ պատասխան ստացավ մեկ շաբաթ անց: Դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը իմ հարցին, թե ինչու է ինֆորմացիան ոչ լիարժեք, ոչ պաշտոնական պատասխան նամակում նշել էր, որ տեղեկատվության մնացած մասը կպատրաստի և կուղարկի մի քանի օրից, սակայն, հարցումից անցել է ուղիղ երեք շաբաթ և մեր խմբագրությունը ոչ պատասխան է ստացել և ոչ էլ պատասխանի բացակայության հետ կապված բացատրություն: Եվ կրկին այս իրավիճակը նոր չէ: Եվ կրկին նման օրինակները բազմաթիվ են:

Առանց չափազանցնելու, ինձ թվում է, որ տեղեկատվական պատերազմում մենք հաճախ պարտվում ենք վատ աշխատող մամուլի քարտուղարների շնորհիվ, պատճառով չէ՝ շնորհիվ: Կատակ բան չէ: Եթե մարդը, որի անմիջական պարտականություններից ամենահեշտը մամուլի ներկայացուցիչների զանգերին, դիմումներին ու նամակներին պատասխանելն է ու նա ի վիճակի չէ դա անել ժամանակին, լիարժեք և պատասխանատու կերպով, ուրեմն նա չի կարողանում ընդհանուր առմամբ փոխհարաբերվել մամուլի հետ, ինչի արդյունքում, բնականաբար, չի կարող ապահովել անհարժեշտ տեղեկատվական հոսք, որի անհրաժեշտությունը այնքան զգացվում է քարոզչական պատերազմների մեր ժամանակաշրջանում:

Վերցրեք ու թերթեք ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքը: Խնդիրը գիտակցող մամուլի ծառայությունը չի կարող 2010-ը թվականից ի վեր դեսպանատան կայքի «Իրադարձություններ» բաժնում հրապարակել ընդամենը մեկ լուր 2012-ին, երկու լուր՝ 2013-ին, իսկ հաջորդը՝ արդեն 2017 թվականին: Հավատացնում եմ, որ ռուսահայ համայնքը յոթ տարի շարունակ խորը քնի մեջ չի եղել: Հրապարակման արժանի իրադարձություններ տեղի ունեցել են Հայաստանի և համայնքի կյանքում, իսկ, ասենք, «Իզվեստիա» թերթի լրագրողը պարտավոր չէ ֆեյսբուքում էջ բացել, որպեսզի հետևի դեսպանություն լրահոսին, որտեղ, ըստ մամուլի խոսնակի, տեղադրվում է բավարար քանակությամբ ինֆորմացիա:

Ես ընդունում և հասկանում եմ, որ սոցիալական ցանցերն այսօր փրկօղակ են դարձել մամուլի ծառայությունների համար, դա բնական է, հարմար, սակայն, ոչ օրինաչափ: Իսկ եթե մենք ցանկանում ենք այդ գործելաոճը դարձնել օրինաչափ, գուցե արժե մտածե՞լ մամուլի ծառայությունները լուծարելու շուրջ: Թող գերատեսչությունների ղեկավարներն ու լրագրողները շփման եզրեր գտնեն առանց միջնորդների:

Ի դեպ, ֆեյսբուքի գոյությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը իր համար բացահայտել է դեսպան Վարդան Տողանյանի նշանակումից հետո, իսկ մինչ այդ դեսպանության շուրջ անթափանց լռություն էր և այդպես էլ մեծ գաղտնիք է մնում, թե արտաքին գործերի նախարարությանը ինչ առաքելություն է դնում օտար երկիր գործուղված մամուլի խոսնակների վրա:

Մենք հաճախ վրդովում ենք, թե ինչու, օրինակ, ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ներից շատերը պատշաճ և բարի ուշադրությամբ չեն տրամադրված մեր նկատմամբ: Բացեմ գաղտնիք, նման վերաբերմունքի արժանանալու համար լուրջ և երկարաժամկետ աշխատանք պետք է ծավալել բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, իսկ եթե հետաքրքրված չեն, ոչ իրադարձային առիթներ ստեղծել նրանց հետաքրքրելու համար, սակայն, փորձը ցույց է տալիս, որ մենք ամեն ինչ անում ենք ոչ միայն ռուս, այլ նաև հայազգի լրագրողներին մեզանից վանելու համար:

Որպես վերջաբան և բարի ցանկություններով նշեմ, որ մամուլի խոսնակների ամենաջերմ բարեկամներն ու ամենասարսափելի թշնամիները լրագրողներն են և ցանկացած լրագրող մի քանի ժամանոց պատմություն կարող է պատմել իր և մամուլի քարտուղարների հոգսառատ կյանքից և ուրեմն, մամուլի քարտուղարի լրագրողների հետ հաղորդակցվելու ամենակարևոր պարտականությունը չի սահմանափակվում միայն մամուլի հաղորդագրություն ուղարկելով կամ վերջիններիս հարցերին կաղապարված կամ կիսատ պռատ պատասխաններ տալով, ինչը ջանադրաբար անում են շատ ու շատ խոսնակներ:

Մամուլի քարտուղարի ամենօրյա մտահոգությունների թիվ մեկ խնդիրը տվյալ կազմակերպության կամ գերատեսչության ու նրա ղեկավարի շուրջ բարձր վարկանիշ ձևավորելն է, իսկ դա հնարավոր է անել ճշգրիտ, օպերատիվ և բազմաբնույթ տեղեկատվական հոսք ապահովելով և հիշել, որ այդ հոսքը տարածող միակ խողովակը լրագրողներն են, այդ իսկ պատճառով նրանց հետ աշխատելիս պետք է լինել բարեհամբյուր, պատրաստակամ և զգույշ:

Ժամանակակից տեղեկատվական աշխարհում մամուլի քարտուղարի պաշտոնը ցանկացած գերատեսչության ու կազմակերպության կարևորագույն և առանցքային օղակներից մեկն է և ժամանակն է, որ մենք գիտակցենք դա՝ վստահելով այդ պաշտոնը պրոֆեսիոնալների, մարդկանց, ովքեր հստակ պատկերացնում են, թե ինչպես հնարավոր է զրոյացնել կամ բարձրացնել տվյալ գերատեսչության, տվյալ ղեկավարի ու նույնիսկ, տվյալ երկրի վարկանիշը:

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031