Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե ե՛կ, վարդապե՛տ, ու մի՛ խենթացիր». Արցախից կոչ են անում՝ չտրվել նախկին իշխանության սադրանքներին

Օգոստոս 02,2018 23:43

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից սկսած տարբեր քաղաքական ուժեր, տիկնայք և պարոնայք, քաղաքական թափթփուկներ, քաղաքական մարմնավաճառներ, դեռ չձերբակալված պարոնայք և նրանց կից անձինք, ինչ ասես որ չեն մոգոնում Սիրո և Համերաշխության հեղափոխությունը (կամ՝ Թավշյա) տապալելու, ձախողելու և վարկաբեկելու նպատակով՝ հասնելով պրիմիտիվիզմի և անգամ հակապետականության անհաս բարձունքներին: Ի հայտ են եկել նոր քաղաքական վերլուծաբաններ, ովքեր իրենց բացարձակ հաշիվ չեն տալիս, թե ինչ են խոսում, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ և ամենակարևորը՝ ովքեր կարող են դրանից օգտվել:

Մինչ այժմ ես որպես 80-ական, 90-ականների հեղափոխության ականատես և ակտիվ մասնակից լռում էի, քանի որ վերոգրյալ երևույթներին ծանոթ եմ և դա հակահեղափոխական շրջանում նորմալ է: Սակայն ամեն ինչ մռայլ երանգներ է ստանում և «հակահեղափոխության քամին», որքան էլ որ դա սարսափելի է փչում է Արցախի Հանրապետությունից:

Օրեր առաջ ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը մի հարցազրույցում արտահայտեց բացարձակ անընդունելի տեսակետ, որում ասվում էր, թե «Արցախի հարցը» կարող է լուծվել միայն պատմական տարածքների (ավելի տարածված է որպես «ազատագրված տարածքներ») հանձնմամբ: Այսինքն` հարգարժան տիկին Թադևոսյանը բարձրաձայնեց ՀՀ երեք նախագահների նշված հարցում որդեգրած քաղաքականությունը: Զ.Թադևոսյանի դիրքորոշումը ինչ-որ տեղ հասկանալի է. դա իր, իր քաղաքական թիմի և առաջնորդի կարծիքն է:

Դեռևս 2016թ-ին (ավելի ստույգ` ապրիլի 30-ին) «Аsekose» լրատվական ծառայությունը հրապարակեց իմ արձագանքը հարգարժան Հերմինե Նաղդալյանի նմանատիպ հարցարզրույցին, որտեղ վերջինս կրկնեց Զ.Թադևոսյանի նույն տեսակետը: Տարօրինակ կերպով Արցախի Հանրապետության, թե՛ Ազգային Ժողովի, թե՛ Կառավարության, թե՛ դիմադիր և ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ մի կերպ չարձագանքեցին և չմիացան իմ հայտարարությանը, որի տակ ես որպես ԼՂՀ 4-րդ գումարման պատգամավոր ստորագրել էի և պահանջել տիկին Նաղդալյանի հրաժարականը:

Ավելին ապրիլյան դեպքերից առաջ Ժիրայր Սեֆիլյանը իր համախոհների հետ, դեմ լինելով ՀՀ երեք նախագահների պատմական հողերի հանձման տարբերակին, կազմակերպեց խաղաղ երթ դեպի Արցախ և հենց նույն մարդիկ, ովքեր ժամանակին չարձագանքեցին տիկին Նաղդալյանի խոսքերին, ովքեր հենց այսօր, այս պահին աղմուկ են բարձրացրել Զ.Թադևոսյանի հարցազրույցի շուրջ` պահանջելով նրա դեմ կիրառել Աստվածաշնչյան բոլոր պատիժները, մահակներով և քարերով, «ջերմ» դիմավորեցին Ժիրայր Սեֆիլյանին Բերձորում, իսկ այսօր հենց այդ մարդիկ նույն Բերձորում ցույց են կազմակերպել Զ.Թադևոսյանի խոսքերի դեմ: Այսինքն ստացվում է, որ Արցախի որոշ ուժեր դեռևս չորս ամիս առաջ անտարբեր էին նման հայտարարություններին, իսկ հիմա՝ խիստ դեմ և մտահոգված, քանի որ կիսում էին ՀՀ երեք նախագահների դիրքորոշումը: Ըստ իս տեղի է ունենում հետևյալը:

Այս ամենը որոշ մարդկանց համար առիթ դարձավ ՀՀ գործող իշխանություններին մեսիջ ուղարկելու համար, այն է. «Մեզ ձեռք չտաք մենք ուժեղ ենք»: Ն.Փաշինյանը «Արցախի հարցում», ի տարբերություն նախկին իշխանությունների, որդեգրել է հայանպաստ քաղաքականություն, կոչ է անում զերծ մնալ քաղաքական ցնցումներից, սակայն երեք ամիս առաջ հանրային ճնշման տակ իշխանությունը կորցրած, ռևանշիստական տրամադրված Արցախի Հանրապետության նախկին իշխանությունները նախապատրաստվում են 2020թ-ի ԱՀ նախագահական և ԱԺ ընտրություններին: Փորձում են ՀՀ Վարչապետին ցույց տալ, որ իրենք ուժ են և նախկին վարչապետ, պետնախարար Արա Հարությունյանը, Արթուր Աղաբեկյանը և ՀՅԴ Արցախի կոմիտեն, ԱԺ մեծամասնություն ունեցող «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ներկայանում են որպես ընդդիմադիր ուժ (էլ չասեմ, որ Արցախի կառավարության 80 տոկոսը Ա.Հարությունյանի կուսակցության անդամներն են, այն է` մարդիկ են): Հետագայում, զգալով իրենց ամենակարողությունը և ՀՀ իշխանությունների անտարբերությունը, կոչեր են հնչելու ի պաշտպանություն «հոգևոր հայր» Ռոբերտ Քոչարյանի, ապագայում՝ նաև Սերժ Սարգսյանի, որի մասին են վկայում Ռ. Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունները և դիրքորոշումը։ Հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված  Արցախի Հանրապետությունը դարձել է մի քանի չկայացած պետական գործիչների անձնական ամբիցիաների շահարկման առարկա:

Կոչ եմ անում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Իշխանություններին, Արցախի Հանրապետության գիտակից քաղաքական ուժերին և հանրությանը չտրվել նախկին իշխանության սադրանքներին, նրանք արդեն անցյալ են: Կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել Արցախում հասունացող քաղաքական ճգնաժամը կանխելու և կարգավորելու ուղղությամբ, քանի որ սա կարող է լինել վերջի սկիզբը:

Սիրո և Համերաշխության հեղափոխության ձեռքբերումներով անհանգստացած բոլոր մարդկանց կոչ եմ անում իմ և իմ ընկերների 80-ական, 90-ականների հեղափոխության լուրջ սխալները և բացթողումները չկրկնել, մենք այն ժամանակ ձգտում էինք պրոգրեսիվ զարգացման Նոր Հայաստանի և Նոր Արցախի համար և ոչ թե՝ 30 տարի հետո նոր հեղափոխության: Ի վերջո, ես չեմ ուզում հավատալ, որ հեղափոխությունը սկսում են ռոմանտիկները, իրագործում՝ ֆանատիկները, իսկ վայելում՝ տականքները:

ԼՂՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր` Կարեն Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    Որպես Արցախի բնակիչ, ստորագրում եմ ամեն բառի տակ: Արցախում անհրաժեշտ է, որ իշխանության գա նոր, անարատ և առողջ ուժ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031