Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է քայլել Նիկոլի հետ` Գյումրիից մինչեւ Երեւան, Երեւանում». սկզբունք, որով կադրային քաղաքականություն է վարվում

Օգոստոս 02,2018 23:00

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դուր չի գալիս այն իրողությունը, որ կառավարման համակարգում ՀՀԿ-ականներին փոխարինում են հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով: Ինքը բավական ուշադիր է հետեւում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությանը: Մի քանի օր առաջ էլ չէր դիմացել եւ հրապարակային խոսք էր ասել. «Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ կողմը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:»

Ինչպես նաև նա վստահեցնում է. «Իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության ՀՀԿ-ական` վերից-վար կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»:

«Ուշ եմ ասել, բավական մեղմ եմ ասել, ասել եմ, որպես մտահոգություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը`հավելելով. «Պրոֆեսիոնալիզմը դրվել է մի կողմ, կարեւորվում է միայն կուսակցական պատկանելիությունը`ո՞վ է քայլել Նիկոլի հետ`Գյումրիից մինչեւ Երեւան, Երեւանում… մեջտեղում տուժում է պրոֆեսիոնալիզմն ու, բնականաբար, երկիրը»:

Առայժմ ավելին ասել չի ցանկանում:

Այս ընթացքում բազմաթիվ քննադատություններ հնչեցին նաեւ ուռճացված աշխատակազմերի, ծախսերի մասով: Մի բան, ինչի համար, այդ թվում նաեւ ներկա իշխանավորները մեղադրել են ՀՀԿ-ական նախկին իշխանությանը: Այս հարցերն էլ չեն վրիպել Անահիտ Բախշյանի աչքից, բայց հիմա շատ բաների մասին չի ցանկանում հրապարակային խոսել, քանի որ, իր գնահատմամբ, ՀՀ-ի ներկայիս իշխանությունները նաեւ «շատ լավ» բաներ են անում: Նկատի ունեի`կոռուպցիայի դեմ պայքարը, արդարության վերականգնմանն ուղղված քայլերը:

Բայց, իր մտահոգությունները, միեւնույն է, դեռ օրակարգային են, թեեւ առանձին վերցրած ոլորտներում հատ ու կենտ պրոֆեսիոնալների նշանակումն էլ է արձանագրում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031