«Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին այդ միտինգային արշավի ժամանակ հայտարարում էր, որ պետք է կազմաքանդենք պետական ապարատը, և դուք հիշո՞ւմ եք, որ մի քանի փոխնախարարներ, պետական չինովնիկներ աշխատանքից դուրս էին գալիս և հայտարարում էին այսպես կոչված համաժողովրդական շարժմանը միանալու մասին, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր կողմնակիցները ներքաշում էին քաղաքական գործընթացի մեջ փաստացի ռազմական գերատեսչության երկու փոխնախարարների՝ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին:
Սրանք պատմական փաստերն են, որոնք արձանագրված են տեսագրություններով, և դրանից անցել է ընդամենը 10 տարի: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին պարտվել է, փորձել է ներքաշել Երկրապահ կամավորականների միությունը ներքաղաքական պայքարի մեջ, հիշում եք՝ հարթակին կանգնած գոռում էին՝ Մանվել-Մանվե՜լ, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, Գագիկ-Գագի՜կ, խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է: Հարթակում էլ ովքեր էին կանգնած, գիտեք»,- ասուլիսում հայտարարել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, «Մարտի 1»-ի գործով դատապարտված Հովհաննես Հարությունյանն`անդրադառնալով Վիկտոր Սողոմոնյանի վերոնշյալ դիտարկումներին`ասաց. «Այո: Ճիշտ է: Դա ձայնագրված է, որեւիցե մեկը չի հերքում, ես էլ չեմ հերքում: Այո, ԵԿՄ-ում այն ժամանակ հասկանում էին, թե ի՞նչ է կատարվում: Եթե Մանվելը հասկանում էր ինչ-որ բան, ուրեմն բոլորը հասկանում էին, որ այդ փոխանցվող իշխանությունը շարունակելու է ամենն այնպես, ինչպես եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Դրա համար, բոլորն էլ բողոքում էին: Նույնիսկ, ինքներս մեզ դատապարտում էինք, որ Ռոբերտ Քոչարյանին «սարքել» ենք նախագահ: Նա չի ընտրվել (Այս պատմությանը կանդրադառնանք առաջիկայում-Ն. Գ):
Առաջինն Արաբկիրի կառույցը դատապարտեց`սրիկայություն ենք արել բոլորս իրար հետ, որ խառնվել ենք այդ գործին եւ այդ ձեւով: Կանչում էին, ճիշտ է, որ գնայինք ու միանայինք: Հիշո՞ւմ եք Վազգեն Սարգսյանն ի՞նչ էր ասում. ԵԿՄ-ն պետք է լինի շանթարգել, պետք է լինի իշխանության եւ ընդդիմության արանքում եւ պետք է թույլ չտա, որպեսզի բախումներ լինեն, հաշտեցնող, հաշտարարի, արբիտրի դեր պետք է կատարեր: Բայց ինչո՞ւ էին կանչում: Կանչում էին, որովհետեւ արդեն գիտեին, որ իշխանություն այդպիսի բաներ է նախապատրաստում (նկատի ունի մարտի 1-ի իրադարձությունները-Ն. Գ.), կանչում էին, որպեսզի սթափ եւ զգոն լինեին, զգաստանային եւ բռնություններ չկիրառեին: Ընդամենը դա է եղել»:
Մեր զրուցակիցը հիշում է այդ օրվա իրադարձություններից այլ դրվագներ էլ. «Բոլորս էլ գիտեինք, որ մինչեւ գալը (Մանվել Գրիգորյանի`Ազատության հրապարակ գալու մասին է խոսքը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ -Ն. Գ. ) Ռոբը զանգել էր Մանվելին ու ինչ խոսքերով էր վախեցրել, որ եկա`հասա էդտեղ`վերջ, քո հարցերը լուծված են: Էդ պահին, էդ լուրը ստանալուց անմիջապես հետո, ես եղել եմ ԵԿՄ-ում, արդեն այլեւ մարդ չկար, շենքը դատարկվել էր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ