Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է կառավարության և մեր երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությունն ու զարգացումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխգործակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսության խթանմանն ու մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, կառավարության թափանցիկ ու բաց գործելաոճը ստեղծում են լավ հնարավորություններ երկրի զարգացման համար, այդ թվում՝ մասնավոր հատվածի տեսանկյունից: Յան Վան Բիլսենը հավելել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստ է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածին՝ գործունեության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Այս առումով, զրուցակիցները կարծիք են հայտնել, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, դառնան թափանցիկ և ձգտեն մասնակցության՝ հրապարակային կապիտալի շուկաներին:
Նիկոլ Փաշինյանը և Յան Վան Բիլսենն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ