Օգոստոսի մեկին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով մեղադրյալներից Արթուր Մովսիսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է եւ նա ազատ է արձակվել՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել նոր դատաքննության: Ուշագրավ է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել էր Սեֆիլյանի եւ մյուսների դատավճիռը. նրանք ամիսներ առաջ ազատ արձակվեցին եւ պատիժը պայմանականորեն չեն կրում, մինչդեռ Արթուր Մովսիսյանը մինչեւ երեկ կալանավորված էր:
Նա վերջին անձն էր, որն այս գործով ազատվեց կալանքից: Aravot.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը (լուսանկարում) ասաց՝ պատճառն այն է, որ Մովսիսյանի հանդեպ մեղադրանքը շինծու կերպով առանձնացվել էր Սեֆիլյանի եւ մյուսների գործից:
«Նրա համար այդպես էլ պարզ չեղավ, թե ինչում է ինքը մեղադրվում: Նրան մեղադրում էին կազմակերպված խմբի կազմում Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի համար, մինչդեռ նա Ռուսաստանում էր գտնվում: Նա դատաքննության ընթացքում ասում էր, որ անգամ չի ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին, բայց վերջինս իր համար հերոս է»,-նշեց Արայիկ Պապիկյանը:
Նա նկատեց՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ երեք դատավորների որոշմամբ, ամիսներ առաջ դատական ակտ կայացրեց՝ Սեֆիլյանի եւ մյուսների հանդեպ վերացնելով «կազմակերպված խմբի կազմում գործելու» մեղադրանքը, մինչդեռ նույն Վերաքննիչ քրեական դատարանը՝ մեկ այլ դատավորի նախագահությամբ, այդ մեղադրանքը չբեկանեց Արթուր Մովսիսյանի հանդեպ:
«Սա խոսում է դատական համակարգում տիրող «աճպարարության» մասին: Արթուր Մովսիսյանը պարզապես իրավիճակի զոհ է»,-համոզմունք հայտնեց Արայիկ Պապիկյանը:
Հավելենք, որ Մովսիսյանը գործն առաջիկայում քննվելու է նորից՝ Վերաքննիչ դատարանում: Մինչ պաշտպանի կողմից վերաքննիչ ատյան դիմելը, ստորադաս՝ առաջին ատյանի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ