Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկեդոնովը՝ Մարտի 1-ի հետ ՌԴ-ի կապի մասին

Օգոստոս 02,2018 18:07

Aravot.am-ի հարցին՝ տեսակետներ կան, որ Լավրովի հայտարարությունը եւ ՌԴ-ի արձագանքը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն Մարտի 1-ի գործի հետ կապ ունի, խառնվել է այդ գործին, ի՞նչ կասեք այս մասին՝ Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. «Այդ հայտարարության մեջ որտե՞ղ խոսք կա Մարտի 1-ի մասին: Տարբեր կարծիքներ կարող են լինել:

Այսօր «Հոդված 3» ակումբում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ մեր արտգործնախարարությունը ավելի համարժեք պետք է աշխատի, ավելի ուշադիր, բոլորովին էլ պարտադիր չէր անմիջապես ինչ-որ հայտարարություններ անել ու արձագանքել. «Մենք ճիշտ ենք անում, որ հետ ենք կանչում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին, նա չի կարող ներկայացնել Հայաստանը ՀԱՊԿ-ում: Ոչ թե նրա համար չի կարող, որովհետեւ վատն է կամ լավն է, այլ որովհետեւ ՀԱՊԿ-ը կարեւոր կազմակերպություն է Հայաստանի համար, եկել են նոր իշխանություններ եւ իրենց ներկայացուցիչը պետք է Հայաստանը ներկայացնի այդ կազմակերպությունում»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, այդ ամենը պետք էր անել շատ գրագետ ձեւով՝ քննարկելով հարցը ՌԴ-ի հետ, մեր ռազմավարական գործընկերն է. «Այո, մենք ունենք սուվերեն իրավունքներ, բայց պարտադիր չէ գոռալ հրապարակներում, պետք է նորմալ համաձայնության գալ»:

ԱԳՆ խոսնակի մակարդակով Լավրովին արձագանքելը Ստեփան Գրիգորյանը ճիշտ չի համարում: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ գտնում է, որ եթե մի ԶԼՄ հարց է ուղղում խոսնակին, ինչո՞ւ նա չէր կարող պատասխանել, հարցին պետք է այս տեսանկյունից նայել:

Մոսկվայի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովը չհամաձայնեց Ստեփան Գրիգորյանի հետ, որ երբ իշխանություն է փոխվում, միջազգային կառույցներում աշխատող ներկայացուցիչներին կարելի է փոխել:

Aravot.am-ի հարցին՝ տեսակետներ կան, որ Լավրովի հայտարարությունը եւ ՌԴ-ի արձագանքը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն Մարտի 1-ի գործի հետ կապ ունի, խառնվել է այդ գործին, ի՞նչ կասեք այս մասին՝ Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. «Այդ հայտարարության մեջ որտե՞ղ խոսք կա Մարտի 1-ի մասին: Տարբեր կարծիքներ կարող են լինել: Դա բավականին զգուշավոր հայտարարություն էր երկիրը քաոսի վերածելու անհանգստությունների մասին, դա էր Ռուսաստանին անհանգստացնում նախեւառաջ»:

Իսկ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ հարցն այն չէ՝ խառնվել է ՌԴ-ն Մարտի 1-ի գործին, թե՞ չի խառնվել, հարցն այն է, որ Մարկեդոնովը խոսում է իշխանությունների շարունակականության սկզբունքի մասին. «Եթե խոսքը գնար 5 տարին մեկ կազմակերպվող ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխության մասին, ես ձեզ հետ համաձայն կլինեի: Բայց հիմա հայ հասարակության գլխավոր նպատակն է խաթարել այդ շարունակականությունը: Հենց այս իշխանությունը աջակցություն է ստանում նրա համար, որ չի գնում նախկինի հետքերով եւ շարունակականությունը չի պահում: Ի՞նչ է նշանակում շարունակականություն ապահովել մի իշխանության, որը զբաղված է եղել իշխանության զավթմամբ: Մենք չենք ուզում այդ շարունակականությունը: Ես հասկանում եմ՝ Լավրովը երբ դա հայտարարել է, լավ իմաստով է հայտարարել, բայց մեր հասարակությունը մտածում է՝ ընտրությունները անընդհատ կեղծելով իշխանության եկածներին ի՞նչ շարունակականություն: Հայաստանի դեպքում այդ տերմինը ճիշտ չէ»:

Իսկ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այն վարկածը, որ ՌԴ-ն կապ ունի Մարտի 1-ի գործի հետ, այդ վարկածի համար ՌԴ-ն պետք է «շնորհակալություն» հայտնի Քոչարյանին, քանի որ նա էր շահարկում Մարտի 1-ից առաջ ՌԴ գնալը: Ու հիմա հետաքննությունը կպարզի՝ իրականում Ռոբերտ Քոչարյանը սպեկուլյացիա՞ էր, անում, որ ինքն ունի այսպես ասած ռուսական «դաբռոն», թե՞ կան լուրջ փաստեր, որոնք խոսում են ՌԴ-ի միջամտության մասին Մարտի 1-ի գործին:

Իսկ Ալեքսանդր Իսկանդարյանը կատակեց, որ իրեն ավելի դուր է գալիս այն վարկածը, որ Քոչարյանն իսկական Քոչարյանը չէր, այլ նմանակն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031