Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արամ Զավենի Սարգսյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու հոդված է դրված եղել, այդ ժամանակ Լավրովն ինչո՞ւ է լռել». Ալեն Սիմոնյան

Օգոստոս 02,2018 18:01

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների առիթով նախկին իշխանությունների մտահոգությունը հասկանալի է, քանի որ իրենց գործելաոճը կտրուկ տարբերվում է նախկինների գործելաոճից:

Aravot.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Մենք չենք ընդունում և մեզ համար գործելաոճ չէ այն, ինչ իրենք արել են, այն է` լինել կատարողի, լսողի ենթարկվողի կարգավիճակում: Մեր գործելաոճի հիմնական սկզբունքը իմ գնահատմամբ՝ փոքր, բայց գործընկերոջ կարգավիճակն է և ոչ մի պարագայում ենթարկվողի: Նման գործելաոճը միգուցե արդարացիորեն զարմանք է առաջացնում, քանի որ իրենք իրենց հարաբերությունների մեջ չեն ունեցել այն, ինչ ունի մեր իշխանությունը՝ ժողովրդի վստահություն»:

Ըստ պարոն Սիմոնյանի՝ ռուս, եվրոպացի, ամերիկացի գործընկերներն իմացել են դա, և հարաբերությունները կառուցված են եղել այն հիմքի վրա, որ հայկական կողմն, այնուամենայնիվ, կոռումպացված իշխանություն է և չի ներկայացնում սեփական ժողովուրդը:

Դառնալով ներկայիս իրավիճակին՝ պատգամավորը նշեց. «Այսօր մենք ունենք մի իշխանություն, որը լիազորված և իրավասու է խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից, հասկանալով հարցի ամբողջ լրջությունը՝ ներկայացնում ենք հայ ժողովրդին»:

Մեր այն դիտարկմանը՝ այս ամենը հաշվի առնելով, այնուամենայնիվ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը կտրո՞ւկ չէր և ինչպես պարոն Շարմազանովն է ձևակերպել, դա չէ՞ր վկայում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում կա չհասկացվածություն, պարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ես Լավրովի ասածին գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրեն իմ զրուցակիցը չեմ համարում: Դրա համար գոյություն ունի ԱԳՆ: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, Հայաստանի ներքին գործն է և այն պարագաներում, երբ այդ նույն իշխանությունը հանցագործություններ էր իրականացնում, դա նույնպես եղել է ՀՀ ներքին գործը: Մենք որևէ ձևով ՌԴ-ի որևէ ներքին գործի չենք խառնվում, Ալեն Սիմոնյանը որպես ՀՀ ԱԺ պատգամավոր մեկնաբանություն չի տալիս Նավալնիին ձերբակալելուց, կամ քաղաքական սպանության պարագայում. դա Ռուսաստանի ներքին գործն է»:

Այս առիթով Ալեն Սիմոնյանը հիշեց, որ ժամանակին ՀՀ վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի դեմ գործ էր հարուցվել. «Գոյություն ունի հոդված, որի տակ քննություն է իրականացվել նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի նկատմամբ. սահմանադրական կարգը տապալելու փորձի հոդված է դրված եղել, և նա ներգրավվել է գործում: Չգիտեմ՝ այն ժամանակ ինչո՞ւ է Լավրովը լռել, չէ՞ որ Արամ Սարգսյանը ևս եղել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա»:

Մեր այն հիշեցմանը՝ նախկին իշխանության ներկայացուցիչները իշխող կուսակցությունից հնչող այն հիմնավորումներին, թե դա ՀՀ-ի ներքին գործն է, և Լավրովը խառնվում է, հակադարձում են, թե այդ ինչպե՞ս է, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի դեսպանը կարող է խառնվել և գնահատականներ տալ ՀՀ ներքին գործերին, ՌԴ-ից  չեն կարող, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անկեղծ  ասած՝ գնահատական տալը և պատասխան ստանալը տարբեր բաներ են: Համ ԵՄ-ի է, համ ՌԴ-ի, համ ԱՄՆ-ի նախարարները կարող են գնահատական տալ: Անգամ հաշվի առնելով իմ հարգալից վերաբերմունքը և այն կարևորությունը, որը տալիս ենք ՌԴ-ին և մեր հարաբերություններին, լինի ԵՄ, թե ՌԴ, թե ԱՄՆ դեսպանը, դա ՀՀ ներքին գործն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031