Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նախազգուշացրել ԱԱԾ աշխատակիցը Հովհաննես Հարությունյանի կնոջը

Օգոստոս 02,2018 17:51

«Ես տեղեկություն չունեմ ընդհանրապես, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։ Մենք որեւէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ՝ ներքին զորքերից եւ ութ քաղաքացիական մարդ՝ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում։ Բայց մեկ վիրավոր զինվոր չունենք։ Ոստիկաններից հարյուրից ավելի մարդ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից հիսունից ավելը՝ մոտ 55-ը՝ բավական լուրջ։ Ինձ եւ նախարարը, եւ անվտանգության ղեկավարը հաջորդ օրը զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Որովհետեւ իմ համար զարմանալի էր՝ խի՞ պիտի տասը զոհ լինի։ Շատ էր անսպասելի եւ իմ համար զարմանալի էր եւ առաջին հերքին ասում էի՝ խի՞ պիտի սենց լիներ։

Հետագայում բանակի, այն զորամիավորների զննությունը, որոնք հրամանագրով ներգրավված են եղել այդ գործողություններում, ցույց են տվել, որ բանակը զենք չի օգտագործել։ Եվ քննչական խումբը, որը քննությունն իրականացրել էր հետագայում, երբ ես արդեն նախագահ չէի, այդ եզրակացությանն է եկել»,- մինչ իր կալանավորումը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով 2008 թվականի «մարտի 1»-ի իրադարձությունների մասին՝ ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ «Արաբկիր» ջոկատի հրամանատար, «Մարտի 1»-ի գործով ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու շինծու մեղադրանքով 1 տարի 6 ամիս դատապարտված Հովհաննես Հարությունյանը ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում եւ նա ուղղակի ստում է, երբ ասում է, թե անտեղյակ է ելել կատարվածից։

Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին եղած բռնությունները նախօրոք ծրագրավորված էին իշխանության կողմից․ «Հավանաբար հիշում ենք այն պատմությունը, որ մարտի 1-ին, Մասիվի ոստիկանապետը՝ Նիկողոսյան Արմենը, զանգահարել էր ՀԱԿ եւ զգուշացրել, որ զորքերն իջնում են դեպի հրապարակ։ Դրա համար էլ իրեն այն ժամանակ կալանավորեցին։ Այսինքն, այդ ժամանակ արդեն բոլորին, այսպես ասած, հսկողության տակ էին վերցրել, հեռախոսներն էլ լսվում էր։ Այսինքն, ամեն ինչ նախապատրաստված էր վաղուց»։

Մեր զրուցակիցն ուշագրավ մանրամասներ պատմեց նաեւ սեփական տան խուզարկության ժամանակ իր կնոջ եւ ԱԱԾ աշխատակցի խոսակցությունից․ «Մինչեւ փետրվարի 26-ը, 22-ից սկսած, երբ մեր տներում սկսեցին խուզարկությունները, ինձ մոտենում էին ներքին զորքերի աշխատակիցներից մոտիկ տղաներ եւ զգուշացնում, որ Ազատության հրապարակ չգամ, որ ինձ ձերբակալելու են։ Ամսի 24-ին պարզ դարձավ, որ սկսվում են ձերբակալությունները՝ Ջհանգիրյան Գագիկին, Գյումրիի Զաքարյան Աշոտին, Այվազյան Սմբատին․․․ ամսի 26-ին էլ ինձ ձերբակալեցին։ Ես դա նախօրոք գիտեի, իմ ջոկատի տղաներին էլ հավաքել՝ զգուշացրել էի՝ ասել էի, որ որեւիցե մեկին որեւիցե բան չի պատահի, ձերբակալելու են ինձ, ես էլ դրան պատրաստ եմ։ Ամսի 26-ին գնացել են նաեւ մեր տուն, խուզարկություն են կատարել։ Տնեցիներին ասացի՝ թող խուզարկեն, ամեն ինչ նորմալ է, միայն հետեւեք ուրիշ բաներ չանեն։ Հետո, երբ եկա տուն՝ կինս պատմեց, որ երբ ինքը խուզարկության փաստից վրդովված սկսել է բարձր տոնով խոսել, անիծել, ԱԱԾ-ի աշխատակիցներից մեկն ասել է՝ «տիկին, դուք դեռ շատ շնորհակալ կլինեք մեզանից, որ ձեր ամուսնուն ձերբակալում ենք․ դուք դեռ շատ բան չգիտեք»։ Այսինքն, այդ բոլորը՝ ձերբակալություններ, կրակել եւ այլն, նախատեսված բաներ են եղել եւ Ռոբերտի միակ նպատակը եղել է այն, որ իր գնալուց հետո Սերժին որեւէ գործ չթողնի, որպեսզի հետո, Սերժը չասի՝ էս մի հարցում նորից ոտքի կանգնեցին։ Պատահական չէր, որ ինքը Մոսկվայից եկավ՝ Պուտինի դաբրոյով ու սկսվեց․․․ Հետո, արդեն, գիտեք հայտնի հայտարարությունները՝ «Մարտի 1»-ի էջը փակված լինելու մասին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031